Անգամ տեսականորեն իշխանափոխությունը կբացառվի

Անգամ տեսականորեն իշխանափոխությունը կբացառվի

Ընտրական օրենսգրքում արմատական փոփոխություններ կատարելու գործընթացը կուլիսային փուլում է, օրենսդիրներն անտեղյակ են մշակվող նախագծից, ինչը ներքին խժդժությունների առիթ է դարձել: Իշխանությունն առանձնապես չի ցանկանում այս գործընթացում ակտիվ դերակատարում վերապահել ընդդիմադիր գործընկերներին, նրանց հետ համատեղ մշակել ԸՕ նախագիծը, այլ, ինչպես Մայր օրենքի դեպքում եղավ, պլանավորել է ընդդիմադիրներից միայն առաջարկներ լսել, ընդունել կամ մերժել դրանք:



Նախատեսվում էր ԸՕ մշակման խորհրդարանական հանձնաժողով ձեւավորել՝ ըստ ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկայացվածության, որոնց առաջարկների եւ ընդհանուր համաձայնության ու փոխըմբռնման արդյունքում էլ կձեւավորվեր փոփոխությունների նախագիծը, բայց այդ հանձնաժողովի ձեւավորման նախանշաններ անգամ չեն երեւում, եւ փոփոխությունների նախագիծը, ամենայն հավանականությամբ, գրվելու է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի եւ Վարդան Պողոսյանի կողմից: Վերջին երկուսն Ամանորից օրեր առաջ հանդիպել են ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ ներկայացուցիչների հետ, լսել նրանց առաջարկները, նոր ԸՕ-ի վերաբերյալ նրանց տեսլականին ծանոթացել, մի շարք առանցքային հարցերի շուրջ որոշակի նախնական համաձայնություններ կայացրել: Ամենայն հավանականությամբ, փետրվարին փոփոխությունների փաթեթը կուղարկվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով, որտեղ քննարկման ընթացքում մյուս ընդդիմադիրները կներկայացնեն իրենց առարկություններն ու առաջարկները: 



Ամենավիճահարույց հարցը, որը, ըստ ընդդիմադիր քաղաքական ուժերի, իշխանության վերարտադրության խնդիրն է լուծելու, գրվելու է հօգուտ իշխանության: Խոսքը նոր Սահմանադրության 89-րդ հոդվածի մասին է, որտեղ ամրագրված է, որ Ընտրական օրենսգիրքը պետք է երաշխավորի խորհրդարանական կայուն մեծամասնություն, որն էլ վարչապետի թեկնածու առաջադրելու եւ կառավարություն ձեւավորելու իրավունք է ստանալու:



ԱԺ մեծամասնությունն առկա կհամարվի, եթե ընտրության արդյունքում որեւէ քաղաքական ուժ կամ նախընտրական դաշինք ստանա ընտրողների 50+1 տոկոս ձայն կամ մանդատների 50+1 տոկոսը: Եթե որեւէ ուժ այդքան ձայն չհավաքի, ապա ընտրությունից հետո որոշակի ժամկետում կարող է ձեւավորվել քաղաքական կոալիցիա:



Նոր ԸՕ-ում թերեւս կամրագրվի, որ կոալիցիան կձեւավորեն 3-ից ոչ ավելի ուժեր, եւ այս դեպքում կամրագրվի, որ 3 ուժ միասին պետք է ունենան 54 մանդատ, այսինքն՝ նախապատվությունը տրվելու է «մեծամասնություն+3» բոնուսային տարբերակին: Իսկ եթե կոալիցիան չձեւավորվի, ապա անցկացվում է ընտրությունների 2-րդ փուլ, որին կարող են մասնակցել 5 տոկոս անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունները կամ 7 տոկոսը հաղթահարած նախընտրական դաշինքները:



Այդպիսով, անգամ տեսականորեն, բացառվում են իշխանափոխության հնարավորությունը եւ խորհրդարան անցած ոչ իշխանականների միջեւ կոալիցիայի հավանականությունը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է ԲՀԿ-ից պատվիրակված եղել հանդիպելու ԸՕ-ն փոխելու բանագնացներին եւ ներկայացնելու կուսակցության մոտեցումները: Նա երեկ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ համաձայնություն չի եղել, բայց հաստատեց, որ վերոնշյալ մոդելի կողմնակից է նաեւ իրենց կուսակցությունը: Ի դեպ, նա չբացառեց, որ նախագծի փաթեթը կարող է մշակել կառավարությունը, իսկ իրենք պարզապես կմասնակցեն քննարկումներին եւ կառաջարկեն իրենց մոտեցումները:



«Ինչու ենք կողմ, որ կոալիցիայի դեպքում ուժերի թվի սահմանափակում լինի, որովհետեւ նոր Սահմանադրությամբ բազմաթիվ պաշտոնները ձեւավորվելու են պատգամավորների 3/5 ձայներով, այսինքն՝ այնպես չպիտի լինի, որ իշխանական կոալիցիան այնքան մեծ լինի, որ ընդդիմադիրներին որեւէ դերակատարում չթողնի»,- բացատրեց նա: Մեր դիտարկմանը, թե գուցե բացի իշխող կուսակցությունից մյուս ուժե՞րն են միավորվում, Մելքումյանն արձագանքեց. «Դե, այդ դեպքում իշխանությունը վերցնում են, չի կարող նման բան լինել, դա տեսական է»:



Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենց առանցքային մոտեցումներից մեկն էլ էլեկտրոնային քվեարկության հետ կապված ծրագրային ապահովության, անվտանգության երաշխիքների հարցն է. «Պետք է այնպիսի միջոցներ ապահովել, որպեսզի միջամտություններ չլինեն»:
Նոր Ընտրական օրենսգրքով նախկին 41 ընտրատարածքի թիվը, ամենայն հավանականությամբ, երեք անգամ կկրճատվի: «Այդպես եւ ռեսուրս կխնայենք, եւ վարչական գործոնը կփոքրանա»,- բացատրեց Մելքումյանը:



Ամենախնդրահարույցը, թերեւս, քվեարկության տեսակի ընտրությունն ու ձայների հաշվարկն է լինելու: Նախապատվությունը տրվելու է ռեյտինգային քվեարկությանը, որն իր հերթին մեծամասնականի տարրեր է պարունակում: Առայժմ հստակ է այն, որ, բացի քաղաքական ցուցակից, որեւէ կուսակցություն յուրաքանչյուր ընտրատարածքում ներկայացնելու է ռեյտինգային ցուցակ՝ ձեւավորված գործարարներից, թաղային հեղինակություններից, որոնք էլ լուծելու են ոչ միայն իրենց մանդատի, այլեւ կուսակցության ձայների հարցը, բայց թե հաշվարկն ինչպես է ընթանալու, դեռ որոշում չկա. «Խնդիրն ուղղակի համամասնության ընտրությունն է: Պայմանական ընդունենք, որ տվյալ կուսակցությունը 10 տոկոս է հավաքում, այսինքն՝ 101 պատգամավորի դեպքում 10-11 պատգամավոր է անցնում, հիմա պետք է ճիշտ համամասնություն սահմանվի՝ նրա ո՞ր մասն է, որ անցնում է ռեյտինգայինով, որը՝ համամասնական ցուցակով: Այս հարցերը դեռ պարզաբանված չեն, բայց ես, օրինակ, կողմնակից եմ, որ տվյալ անձը, որը քաղաքական ցուցակում է, կարողանա ընդգրկվել նաեւ ռեյտինգային ցուցակում, եւ ճիշտ հակառակը, այսինքն՝ երկուստեք հնարավորություն տրվի»:



ՀՅԴ-ում, ի դեպ, կողմ են, որ 50/50 համամասնություն լինի:
Հիշեցնենք, որ ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն արդեն իրենց գրեթե կոալիցիա մտած են զգում, ուստի նրանց դիրքորոշումները գրեթե չեն տարբերվում ՀՀԿ-ի դիրքորոշումից։