Միլիցա Մարկովիչի պորտապարը, հայկական կողմի անգործությունն ու ԵԱՀԿ-ի հաղթանակը

Միլիցա Մարկովիչի պորտապարը, հայկական կողմի անգործությունն ու ԵԱՀԿ-ի հաղթանակը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Լեռնային Ղարաբաղին վերաբերող երկու հակահայկական որակված զեկույցների քվեարկության արդյունքում Ադրբեջան-Հայաստան մրցապայքարում «ոչ-ոքի» գրանցվեց: ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցը եւ ընդունեց Բոսնիա եւ Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» նախագիծը: Չնայած դրան՝ քաղաքական շրջանակներում երեկ ցնծություն էր տիրում, մերոնք կարծում են, որ Հայաստանին հաջողվեց ոչ թե կիսով չափ չեզոքացնել հակահայկական բանաձեւերը, այլ չեզոքացնել առավել վտանգավորը՝ Ուոլթերի զեկույցը, որի վերնագրում ամեն ինչ ասված է: 



Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը համաձայն է, որ Ուոլթերի «միակողմանի, Ալիեւի ռեժիմի պրոպագանդիստական կլիշեները կրկնող ձեւակերպումներով հագեցած» բանաձեւը հայկական կողմի համար խիստ վտանգավոր էր, քան մյուսը, քանի որ «հայկական կողմն ուղղակիորեն մեղադրվում էր Ղարաբաղն ու հարակից տարածքն օկուպացնելու մեջ»: Բայց այս հաջողության մեջ, քաղաքագետի խոսքով, տեսանելի է ոչ այնքան հայկական պատվիրակության վաստակը, որքան ՄԽ համանախագահների եւ համանախագահ երկրների ջանքերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հիշենք, օրեր առաջ հանդես էին եկել հայտարարությամբ եւ ԵԽԽՎ-ին կոչ էին արել չքվեարկել այնպիսի բանաձեւերի օգտին, որոնք կարող են խոչընդոտել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Մեհրաբյանը նկատեց, որ ԵԽԽՎ երեկվա նիստում եվրոպացի պատգամավորներից շատերի ելույթները հենց այդ շեշտադրումներով էին. պատգամավորների մեծ մասի մոտ, Մեհրաբյանի խոսքով, կար ընկալումը, որ պետք չէ խոչընդոտներ ստեղծել Մինսկի խմբի համար՝ բարդացնելով առանց այդ էլ բարդ աշխատանքը. «Հետեւաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի հավաքական դիրքորոշումը վճռական դեր խաղաց քվեարկությունում, դրա հետ մեկտեղ, եթե նման ձեւակերպումներով զեկույցը հասավ մինչեւ քվեարկության փուլ, ապա դա խոսում է հայկական կողմի, մեղմ ասած, բացթողումների, կոպտագույն սխալների մասին»: Զեկույցի ընդունումը, ըստ նրա, կարող էր վտանգել խաղաղ բանակցությունների գործընթացը: Մյուս զեկույցի հետեւանքների հարցում քաղաքագետն առանձնապես վտանգավորություն չի տեսնում. «Այսպես թե այնպես, Ղարաբաղի իշխանությունները բազմիցս են առաջարկել Ադրբեջանի իշխանություններին համագործակցության ինչ-որ եզրեր գտնել, որպեսզի սահմանակից բնակավայրերի բնակիչները կարողանան օգտվել ջրամբարի ջրից, սակայն ադրբեջանական կողմը մշտապես քաղաքականացրել է հարցը եւ մտացածին պատճառաբանություններով մերժել համագործակցության առաջարկը՝ շեշտը դնելով պրոպագանդիստական կլիշեների վրա, օկուպացիա եւ այլն...»:



Երեկ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում արեց. «ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձեւը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը»:



ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը քվեարկությունը երկակի է գնահատում: Ուոլթերի բանաձեւի չընդունվելը ողջունում է: «Սակայն այն, որ մի խայտառակ բանաձեւ մերժվեց, մյուսն ընդունվեց, ինչպես բազմիցս նշել եմ, ցույց է տալիս, որ ԵԽԽՎ-ում եւ եվրոպական կառույցներում կան լուրջ խնդիրներ, երբ կոռուպցիոն ռիսկերը ներթափանցում են ԵԽԽՎ, եւ այդ կառույցը դարձել է Բաքվի կամ արեւելյան շուկայի տաղավարներից մեկը, որտեղ ամեն ինչ գնվում եւ վաճառվում է: Այդ երկակիությունը ցույց է տալիս այս կառույցի իմունային համակարգի թուլությունը եւ հարվածում է այդ կառույցի հեղինակությանը: Ստացվում է, որ ԵԽԽՎ մի պատգամավոր՝ այդ Մարկովիչը, պորտապար պարելով Ալիեւի առջեւ եւ ստանալով իր շաբաշները, գալիս է ու կեղտոտում միջազգային կարեւոր հարթակներից մեկը»:



Բակո Սահակյանի խոսնակին հարցրինք՝ ի՞նչ է ենթադրում բանաձեւի ընդունումը, Ղարաբաղին չե՞ն կարող պարտավորեցնել Սարսանգի ջրամբարը բացել դեպի Ադրբեջան եւ այլն: «Ոչ մի բան չեն կարող, դա պարտադիր ուժ չունի, դրա տեղն արխիվներում է, փոշու հաստ շերտի տակ: Գուցե դա քարոզչության մեջ օգտագործվի, դա մեզ ինչ-որ տեղեր ցույց տան, բայց նման դրոշակների կյանքը շատ կարճ է»: ԼՂ նախկին արտգործնախարարներից մեկն էլ ասաց, որ բանաձեւը թեեւ «ուղղակիորեն» հետեւանք չի ունենա, բայց, որպես ընթացող քաղաքական գործընթացի բաղադրիչ, կաշխատի անպայման։ «Չի բացառվում, որ հետագայում իր արտացոլումը գտնի համանախագահների գործունեության մեջ, փոխադարձ վստահության միջոցների ուղղությամբ քաղաքացիական հասարակության աշխատանքները խթանելու եւ այլ առումներով»,- ասաց նա՝ չցանկանալով իր անունով հանդես գալ: