Ստորագրահավաք՝ ի պաշտպանություն «Զվարթնոցի»

Ստորագրահավաք՝ ի պաշտպանություն «Զվարթնոցի»

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինտերնետ տիրույթում միանգամից 2 օնլայն ստորագրահավաք նախաձեռնվեց՝ միաժամանակ իրարից թե տարբեր, թե նման խնդրագրերով։ Մասնավորապես, հունվարի 21-ից citizengo.org կայքում Երեւանի վերջին պատմամշակութային հուշարձանները պաշտպանելու պահանջով խնդրագիր է ներկայացվել, որը ստորագրել է 3 հազարից ավելի մարդ, եւ հունվարի 26-ից change.org կայքում «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի համար խնդրագիր-ստորագրահավաք է սկսված, որն այս պահի դրությամբ ստորագրել է 5 հարյուրից ավելի մարդ։ 



«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշում է, որ օնլայն հարթակում էլ ավելի լավ է պայքարը մի ճակատով տանել եւ ոչ թե մի քանի բեւեռներով։ «Քանի որ մի բան արդեն սկսվել է, 2-րդն անելը անիմաստ է, հատկապես, որ կոնկրետ մի շենքի համար են պայքարում, այլ ոչ թե քանդման երեւույթի դեմ, որովհետեւ, եթե շենք առ շենք ես պայքարում, ուրեմն ամեն շենքի համար պիտի սկսես պայքարել, որն անհնար է»։ Ըստ Մարիամ Խաչատրյանի, պետք է միանգամից պայքարել ողջ պատմամշակութային շենքերի համար. «Կառույց պաշտպանելը շատ ավելի դժվար է, քան պատմական շերտը պաշտպանելը։ Այսօրվա դրությամբ եթե անգամ միջազգային հանրությունը հավաքի այդ 5-10 հազար ձայնը «Զվարթնոցի» համար, այդ ձեւով դու չես կարողանա կանգնեցնել դրա քանդումը, որովհետեւ դեռ միջազգային մակարդակով պետք է ապացուցվի, որ այն արժեք է, այսինքն՝ «Զվարթնոցի» պաշտպանությունն այս ձեւով թույլ կլինի։ Իսկ ընդհանուր պահանջի տակ՝ ավելի արդյունավետ ու միախմբված»։



Ըստ ճարտարապետի, այդ օնլայն ստորագրահավաքները չեն կարող ձեւական լինել, եթե անգամ կառավարության որոշում էլ չփոխեն, կարող են հասարակության ձեռքում մեծ պոտենցիալով հաղթաթուղթ դառնալ եւ աշխատել միջազգային մակարդակով։ Կոնկրետ մի հարցի մասով խնդրագիր, ստորագրահավաք անելն ավելի արդյունավետ չի՞ լինի, ինչն էլ անում են։ «Հիմա մեզ մոտ կոնկրետի հարց չէ. կոնկրետը նաեւ սեւ շենքերն են, Պուշկին-Սախարովի հրապարակի ամբողջ կոնստրուկտիվիստների շենքերը, որ վտանգված են։ Իսկ եթե ճարտարապետները դեռ հին սեւ շենքերի մեջքին կանգնեին ու դրանք չթողնեին, որ քանդեն, հիմա «Զվարթնոցին» էլ չէին կպնի, իսկ այսօր կառավարության համար «Զվարթնոցի» շենք լինի, համալիրի, թե 18-րդ դարի հին շենք, միեւնույն է, արժեք չունի»։