Էստրադային եւ ջազային արվեստի քոլեջում դժգոհությունը մեծանում է, նյարդերը՝ տեղի տալիս

Էստրադային եւ ջազային արվեստի քոլեջում դժգոհությունը մեծանում է, նյարդերը՝ տեղի տալիս

Օրեր առաջ արդեն անդրադարձել էինք Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում տիրող իրավիճակին, մասնավորապես այն բանին, որ ֆինանսական չարաշահումների պատճառով, որոնք հայտնաբերվել էին ԿԳ նախարարության անցկացրած աուդիտի արդյունքում, քոլեջի տնօրեն Լեւոն Սահակյանն ազատվել էր աշխատանքից։ Ինչպես մեզ հետ զրույցում նշել էր տնօրեն Սահակյանը, չարաշահումներն այն մասշտաբի չէին, որի պատճառով կարելի էր իրեն ազատել աշխատանքից, ըստ նրա, հնարավոր էր բավարարվել նաեւ խիստ նկատողությամբ։ Այդ առիթով նա 20 կետից բաղկացած բացատրական նամակ էր ուղարկել ԿԳ նախարարին՝ պարզաբանումներով, թե կուտակված գումարներն ինչպես են գոյացել, միաժամանակ մեզ տեղեկացնելով, որ իր ուսանողները նույնպես նամակ են գրել նախարարին՝ իրեն տնօրենի պաշտոնում պահելու համար։ 



Երեկ արդեն մամուլում հայտնվեց նախագահին եւ վարչապետին ուղղված մեկ այլ նամակ, որտեղ ուսանողները նշել էին, որ, չստանալով նախարարությունից իրենց նամակի պատասխանը, փետրվարի 1-ից դիմում են դասադուլի, քանի որ ցանկանում են, որ տնօրենի պաշտոնում վերականգնվի Լեւոն Սահակյանը։ Իսկ իրենց պահանջին, ինչպես նշված էր նամակում, աջակցում է ուսանողների եւ դասախոսների գերակշիռ մասը։
ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ մի դասադուլի եւ հացադուլի մասին խոսք չկա, դասապրոցեսը նորմալ ընթացել է քոլեջում, այն դիտարկմանը, թե բացառո՞ւմ է բացակաների հանգամանքը, Արշակյանը նշեց, որ, բնական է, բացականեր եղել են, հատկապես որ առաջին ուսումնական օրն է, բայց դասապրոցեսին դա չի խանգարել։



Ինչ վերաբերում է ուսանողների՝ նախարարին ուղղված նամակին, ապա դա խնդրանք էր՝ տնօրենին հետ վերադարձնելու համար, բայց նամակը քննարկման ենթակա չէ, քանի որ նախարարի որոշումով տնօրենն ազատված է աշխատանքից՝ իր պարտականությունները պատշաճ չկատարելու համար։ «Երբ ուսանողները մուտք են արել նամակը, մենք դա քննարկել ենք նրանց հետ, զրուցել ենք, բացատրել իրավիճակը, եւ, կարծում եմ, նրանք հասկացել են, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց նա։



Չնայած ԿԳՆ-ի պաշտոնական բացատրությանը, այնուամենայնիվ, ինչպես տեղեկացանք, քոլեջում դասադուլ եղել է, մասսայական բնույթ չի կրել, բայց, ամեն դեպքում, լարված վիճակ է ստեղծվել, ինչի առիթով էլ առավոտյան ոստիկանությունից այցելել են քոլեջ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, այս հանգամանքը նույնիսկ քոլեջից պաշտոնապես հաստատեցին։



Քոլեջի տնօրենի պարտականությունները, մինչեւ որ կհայտարարվի մրցույթ, դրվել են փոխտնօրեն Անահիտ Մազմանյանի վրա, որն իր բնավորության պատճառով առանձնակի սեր չի վայելում ուսանողների շրջանում, ինչն էլ իր հերթին նույնիսկ բարձրացրել է Լեւոն Սահակյանի վարկանիշը քոլեջում։ Ինչպես մեզ ասացին, հիմա ուսանողներն ստիպված են ընտրել վատի եւ վատագույնի միջեւ, քանի որ Մազմանյանը քոլեջում հրապարակավ հայտարարել է, որ ինքն է լինելու հաջորդ տնօրենը։



Ինչ վերաբերում է արդեն նախկին տնօրեն Լեւոն Սահակյանին, ապա նյարդերի հետ կապված խնդիրների պատճառով նա վերջին մեկ շաբաթը հիվանդանոցում է անցկացրել, չնայած մեզ հետ զրույցի ժամանակ նա արդեն տանն էր, բայց նշեց, որ պառկած ռեժիմ է իրեն նշանակվել։ Եվ քանի որ այս օրերին քոլեջ չի գնացել, ապա դասադուլի մասին տեղյակ չէ, նախարարությունից իրեն նույնպես զանգել, հարցուփորձ են արել։



Այս պատմության մեջ միակ մարդը, որը դեռ լռություն է պահպանում, քոլեջի կառավարման խորհրդի նախագահ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն է։ Ի դեպ, քոլեջում վստահ են, որ ֆինանսական չարաշահումներն արվել են հենց Ամիրխանյանի գիտությամբ։ Այդ առիթով դեռ մեկ շաբաթ առաջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրանից։ Սակայն, ի պատասխան մեր հարցին, Ամիրխանյանն ասել էր, որ Գերմանիայում է՝ առողջական խնդիրներով, եւ անջատել էր հեռախոսը, չնայած նույն ժամանակահատվածում նրան տեսել էին քաղաքում։ Ահա այս 2 փաստերի համադրումը հոդվածում վրդովվեցրել եւ վիրավորել էր Ռոբերտ Ամիրխանյանին, եւ նա երեկ մեզ հետ զրույցում հայտնեց իր վրդովմունքը՝ նորից անջատելով հեռախոսը եւ հրաժարվելով որեւէ մեկնաբանություն տալ քոլեջում անցկացված աուդիտի եւ տիրող իրավիճակի մասին։