Հալոցքների ժամանակ եթե մտնեք եկեղեցի, թվում է, թե ներսում անձրեւ է գալիս

Հալոցքների ժամանակ եթե մտնեք եկեղեցի, թվում է, թե ներսում անձրեւ է գալիս

12-13-րդ դդ. մշակութային նշանավոր կենտրոններից մեկի՝ Գոշավանքի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթը, որն ամիսներ շարունակ բաց էր՝ պոլիէթիլենով պատված, վերջապես ծածկվել է։ Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց համալիրի գործերի կառավարիչ Արծրուն Հովսեփյանը, ապա հավելեց, որ Սուրբ Աստվածածին եկեղեցու թեք լանջերն ամբողջովին քանդված, անծածկ վիճակում են, ու այս ձմեռվա առատ ձյունից ու հայոցքներից ամբողջ եկեղեցին կաթում է. «4-5 տարի է՝ քանդված է եկեղեցին, եթե չէին կարողանալու վերանորոգել, ինչո՞ւ քանդեցին, այդ եկեղեցին փչացրին, ու հայտնի էլ չէ, թե երբ կսկսեն ու երբ կավարտեն»։ 



Գմբեթին հարակից 16 թեք լանջ կա, որոնց նախկին՝ ամբողջությամբ քայքայված ծածկասալերը հանվել են, երկու տարի պոլիէթիլենով ծածկված եղել, բայց այս տարի դա էլ չի արվել, ասել են՝ գումար չկա, եւ հիմա էլ Հովսեփյանը մտավախություն ունի, որ գարնան անձրեւաջրերը վթարային եկեղեցին կսարքեն էլ ավելի վթարային։ Ստացվում է, որ գմբեթը ծածկեցին, բայց եկեղեցին դրանից չփրկվե՞ց։ «Եկեղեցու վիճակն այսօր շատ ծանր է եւ, կարելի է ասել, փլման եզրին է կանգնած, Սուրբ Աստվածածին եկեղեցին միջնադարում կառուցել են 4 տարում, 5 տարում գմբեթը վերջացրին հազիվ, բայց եկեղեցու 16 թեք լանջերն ամբողջությամբ քանդված վիճակում են, եւ եկեղեցին հիմնականում փլուզման վտանգի առաջ է կանգնած»։



Ըստ Արծրուն Հովսեփյանի, եթե համապատասխան գումար լիներ, ամբողջ եկեղեցու համար նախատեսված կապիտալ վերանորգման աշխատանքները 2 տարում կավարտեին, բայց տարեկան փոքր գումարներ են հատկացնում, աշխատանքներն սկսում են արդեն ուշ աշնանը, մի ամիս աշխատում են շինարարներն ու թողնում գնում։ «Ես շինարարներին ասացի՝ գոնե պոլիէթիլենով ծածկեիք, թե չէ ո՞ւմ է պետք ձեր աշխատանքը, որը ջուրն է մաղելու... պետությունն էս սուղ միջոցներից գումարներ է հատկացնում, ու, փաստորեն, էդ գումարները փոշիացվում են, էլի, մի մասն ուզում եք սարքեք, մի մասն էլ քանդում եք դիտավորյալ...։ Իրենք էլ ասացին, որ գումարներ չեն տվել մեզ, ինչքան տվել են, կոպեկ-կոպեկ ծախսել ենք։ Այսօր տեր չկա դրան, ո՞վ է այսօր եկեղեցու տերը, հոգեւորականներն իրենց ինտրիգներով ու փողերով են զբաղված, խաբելով-մաբելով, պետությունն էլ միջոցներ չունի, մշակույթի նախարարությունն էլ էն նախարարությունը չէ, նորից եմ ասում՝ մշակութային աղբ է հավաքված այնտեղ»։



Դեռեւս հայտնի չէ՝ այս տարի գումար հատկացվելո՞ւ է Գոշավանքին, թե՞ ոչ։ Եթե բյուջեն անցած տարվա չափով հատկացնեն, ապա Հովսեփյանը խիստ կասկածում է, որ այդ գումարներով հնարավոր լինի փրկել եկեղեցին, թեկուզեւ՝ ժամանակավոր։ Թե Սուրբ Աստվածածին եկեղեցու թեք լանջերի վերականգնումն ինչքան կարժենա, մեծ գումարների հետ է դա կապված։ Հովսեփյանը նշեց, որ, հավանաբար, 2 գմբեթի ծախսի չափ գումար կարժենա, բայց եթե գմբեթի դեպքում շինարարությունը բարդ էր, ապա թեք լանջերի դեպքում՝ ոչ այնքան բարդ։ «Անձրեւների, հալոցքների ժամանակ եթե մտնեք եկեղեցի, թվում է, թե ներսում անձրեւ է գալիս, կարծես դրսում կանգնած լինես»։ Իսկ քանի որ եկեղեցին կրապատ է՝ կրով է կառուցված, այդքան անձրեւաջրերը եւ թուլացնում են, եւ քայքայում եկեղեցու ամբողջ պատերը։



Հետաքրքրվեցինք՝ Գոշավանքի համալիրի կազմում գտնվող 11 կառույցներն է՞լ են վթարային վիճակում, թե՞ ամենավատթարը Սուրբ Աստվածածնի վիճակն է։ Պարզվում է՝ բոլոր 11 կառույցներն էլ վթարային վիճակում են, եւ դրանցից ամեն մեկը մի խնդիր ունի, ու շուտափույթ վերանորոգում է անհրաժեշտ. «Աստվածածնի թեք լանջերը, գավիթը, որ մեր միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է, գավիթի ծածկերը դեռ 85թ.-ին քանդել են կեսը, այդ ծածկերի սալերը հանեցին վերանորոգման նպատակով, հետո սովետը քայքայվեց, ու տենց մնաց ու մինչ օրս այդ վիճակին է։ Ոչ թե վատ, այլ աղետալի վիճակում է գավիթը, զանգակատան 2-րդ հարկն իջնում է, փլվում, փաստորեն, այնտեղ կապող ամրագոտի քարերը թափվել են, հիմա այդ աղեղնաձեւ կամարներն իջնում են, որը վտանգ է առաջացնում։ Սեղանատունն ամբողջովին վթարային է, մենք նույնիսկ հարց բարձրացրինք, որ փակեն էդտեղ՝ գոնե տուրիստներ չմտնեն, որովհետեւ րոպե-րոպե հնարավոր է փլվի։ Սուրբ Գրիգոր եկեղեցու հյուսիսային պատն է ամբողջովին քայքայվել, թափվում են հատկապես հիմնաքարերը, գմբեթը չկա, Սուրբ Գրիգոր Լուսավորչի անկյուններն են գնացել հեռացել միմյանցից, ու շատ վտանգավոր իրավիճակ է ստացվել ամբողջ համալիրի համար։ Սուրբ Գեւորգ եկեղեցին, որի միջնապատերից ահագին քարեր են թափված, շտապ ամրացման կարիք ունի, բայց ով պետք է անի՝ չգիտեմ»։



Ինչ վերաբերում է Գոշի մատուռ-դամբարանի կիսատ մնացած շինարարությանը, ապա մատուռի ծածկերն արդեն դրված են, այլեւս վտանգ չի սպառնում, մնում են բարեկարգման եւ այլ շինարարական աշխատանքները։