«Զվարթնոցի» հարցով Նարեկ Սարգսյանը կհանդիպի Էռնեկյանի հետ

«Զվարթնոցի» հարցով Նարեկ Սարգսյանը կհանդիպի Էռնեկյանի հետ

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը պահպանելու համար քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի հետ։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Նա տեղեկացրեց, որ օրեր առաջ տեղի է ունեցել քննարկում, եւ նախարարը շատ անսպասելի եւ ի ուրախություն ճարտարապետների, հայտարարել է, որ ինքն էլ է մտահոգված «Զվարթնոց» օդանավակայանի ապագայով. «Նա ասաց, որ դա պատմական, մշակութային շենք է՝ շատ կարեւոր ազգի պատմության համար, եւ գտնում է, որ այն պետք է պահպանվի, եւ իր վրա վերցրեց հանդիպումն Էռնեկյանի հետ, որպեսզի քննարկվեն տարբերակներ օդանավակայանի պահպանման համար»։ 



Ինչ վերաբերում է տարեսկզբին քաղաքապետարանի տված էստակադայի ապամոնտաժման թույլտվությանը, ապա Թարխանյանը եթերով լսել է գլխավոր ճարտարապետին, որն ասել է, որ քանդման աշխատանքները դադարեցված են, եւ սպասում են հաջորդ հանդիպմանը նախարարի հետ։ Այս ամենն ինչքանո՞վ է հուսադրում, որ «Զվարթնոցի» ապամոնտաժման թեման իսպառ կփակվի, թե՞ գործընթաց է, որ ցանկացած պահի կարող է ուրիշ հունով գնալ։ «Բոլոր դեպքերում՝ գործընթաց է, պարոն Սարգսյանն արտահայտեց իր վերաբերմունքը, թե ինչ վերաբերմունք կունենա Էռնեկյանը, պարզ չէ, պարզապես սպասում ենք նախարարի հանդիպմանն Էռնեկյանի հետ»։ Իսկ հանդիպումը նախատեսված է առաջիկա ամսում։