Դպրոցներն այսկերպ վարկանիշավորելը հակամանկավարժական է

Դպրոցներն այսկերպ վարկանիշավորելը հակամանկավարժական է

Օրեր առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրապարակեց ՀՀ դպրոցների վարկանիշավորման 2015 թ. արդյունքները, ու մինչ շատ կրթական հաստատություններ փորձում էին հասկանալ, թե ինչու են դուրս մնացել վարկանիշավորման աղյուսակից, Աշոտյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ վարկանիշավորման համակարգը թույլ է տալիս բացահայտել հաստատության ուժեղ եւ թույլ կողմերը: Ասվեց, որ 2013-ին սահմանվել ու մշակվել են ցուցանիշներ՝ յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա, որոնք վերջնական տեսքի են բերվել 2014-ին իրականացված փորձարկման եւ դպրոցների ու այլ շահառուների հետ հետադարձ կապի ապահովման արդյունքում։ 



Դպրոցի տնօրենների դժգոհություններն ավելի առարկայական բնույթ ստացան աղյուսակի հրապարակումից միայն օրեր անց, երբ սկսեց շրջանառվել Աշոտյանի պաշտոնանկության լուրը։ Միանգամից 2 հաստատություններ Աշոտյանին ուղղված հայտարարություններով հանդես եկան։ Դրանցից մեկը Երեւանի թիվ 130 հիմնական դպրոցն է, որը նախարարի ուշադրությունն էր հրավիրել այն փաստի վրա, թե ինչպես կարող է նախորդ տարի Երեւան քաղաքի դպրոցների շարքում 3-րդ եւ հանրապետության դպրոցների մակարդակով 6-րդ տեղում գտնվող դպրոցը 2014-2015 ուստարվա արդյունքներով հայտնվել 251-րդ հորիզոնականում։ «Խոսքը վերաբերում է մի դպրոցի, որը վարկանիշավորման համար անհրաժեշտ ցանկացած ցուցանիշով ցույց է տվել աճ՝ աշակերտների թվի, դասարանների քանակի, որակական ցուցանիշի, գերազանցիկների քանակի, գույքի ապահովվածության, Ձեր կողմից այդքան արժեւորվող եւ հատուկ ուշադրության արժանացող մրցույթներում»,-գրված է նամակում, որտեղ նշված է, որ 1157 աշակերտի ծնողների դժգոհ բանակն սպասում է բացատրության։



Պատասխանը չուշացավ. ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հանդես եկավ վարկանիշավորման արդյունքների վերաբերյալ պարզաբանմամբ: Մասնավորապես նշելով, որ դպրոցների վերջնարդյունքները բավականին մոտ են, եւ չնչին տարբերությունը կարող է բերել նման իրավիճակի. «Ձեր դպրոցի պարագայում հայտնում ենք, որ մեկ ցուցանիշի սխալ մուտքագրման պատճառով, այսինքն՝ տեխնիկական սխալի պատճառով դպրոցը 46-ի փոխարեն հայտնվել է 251-րդ հորիզոնականում։ Նմանատիպ սխալների հիմնական պատճառը դպրոցների կողմից վարկանիշավորման հարցաթերթերի անուշադիր լրացումն է։ Մասնավորապես, թիվ 130 դպրոցի հարցաթերթից համակարգ սխալ է մուտքագրվել «43. Տվյալ դպրոցում ուսպլանով նախատեսված ժամաքանակը» ցուցանիշի տվյալը»։



Թիվ 130 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած կենտրոնի պարզաբանմանը, ինքը պատրաստվում է անձամբ կապ հաստատել Արտակ Պողոսյանի հետ, որպեսզի հասկանա այդ տեխնիկական խնդիրը, որովհետեւ դա իրենց օպերատորի մեղքով չի եղել, իրենք բոլոր փաստաթղթերը թղթային տարբերակով՝ կնքված, ուղարկում են ԿՏԱԿ, իսկ տվյալները մուտք են անում արդեն կենտրոնում։



«Մարդկային գործոն կա այստեղ, մի հատ ստորակետի սխալ լինի, պատասխանը սխալ է գալու։ Համակարգչի դեպքում ընդհանրապես այդ խնդիրը կա»,-ասում է տնօրենն ու հավելում, որ մեթոդաբանության մեջ որոշ բաներ պետք է շտկվեն, եւ գուցե ինքն էլ առաջարկություններ անի։ Տեխնիկական սխալը կարո՞ղ էր այդքան հետ գցել դպրոցը վարկանիշային աղյուսակում։ Տնօրենը տարակուսում է, ապա նկատում, որ երբ դպրոցը լուրջ է վերաբերվում իր աշխատանքին, բայց վարկանիշավորման արդյունքն այլ բան է ցույց տալիս, դա վիրավորական է, չհաշված այն, որ հաշվետու են ծնողների առաջ եւ հենց ծնողների դժգոհությունների արդյունքում են որոշել պարզաբանում ստանալ։



Արմինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե այս «վարկանիշային աղյուսակի» մոդելը որքանո՞վ է առողջ մրցակցություն սերմանում դպրոցների միջեւ եւ արտացոլում իրական պատկերը, քանի որ կարծես նկատելի է հակառակ միտումը՝ ծնողները կառչում են ոչ թե բովանդակությունից, այլ թվերից։ «Այո, շատ ավելի լավ կլիներ, որ այդ վարկանիշավորման ընթացքում ստուգումներ, այցեր լինեին հատկապես այն դպրոցներ, որոնք թեկուզ առաջին 30-ում են, դա էլ է կարեւոր»։



Հաջորդ արձագանքն Անանիա Շիրակացու անվան ճեմարանից էր, որի տնօրինությունը նույնպես բաց հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ դեռեւս 2015 թ. դեկտեմբերին կրթահամալիրի տնօրինության խորհրդում հանգամանորեն քննարկվել է վարկանիշավորմանը մասնակցելու հրավերը եւ որոշում է կայացվել գործընթացին չմասնակցելը հիմնավորել ծանրակշիռ փաստարկներով. «Նախ՝ ճեմարանը, որպես մեր երկրում Միջազգային բակալավրիատի ամբողջական կրթական ծրագիր (ավագ, միջին եւ կրտսեր դպրոցներ) իրականացնող միակ հաստատություն, արդեն իսկ միջազգայնորեն հավաստագրված վարկանիշ ունի: Կրթահամալիրի մասնակցության դեպքում պայմանները հավասար չէին լինի մյուս դպրոցների համար: Բացի վերոնշյալից՝ վարկանիշավորման ներկա համակարգի սկզբունքներն ու չափանիշները մասամբ չեն համապատասխանում, երբեմն էլ հակասում են Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի պահանջներին եւ գաղափարախոսությանը»:



Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք հայտարարությունը տարածեցին միայն այն բանից հետո, երբ բազմաթիվ զանգեր ստացան, թե ինչու ճեմարանի անունը չկա վարկանիշային աղյուսակում, ուստի որոշեցին պարզաբանել իրենց դիրքորոշումը եւ ԿՏԱԿ-ի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ լավ կլիներ աղյուսակի վերջում հավելվածի կամ ծանուցման ձեւով նշվել, որ այս-այս դպրոցները չեն մասնակցել վարկանիշավորմանը. «Ու քանի որ նման բան գրված չէ, կարդացողներին թվում է, թե ճեմարանն անտեսվել է, դրա համար ստիպված այս հայտարարությամբ հանդես եկանք, որ ոչ թե անտեսվել ենք, այլ մենք չենք ուզել մասնակցել»,-ասում է Ալիխանյանն ու իր զարմանքը հայտնում ճեմարանին ուղղված ԿՏԱԿ-ի պատասխանից, մասնավորապես հետեւյալ հատվածից. «Բնական է, որ դպրոցը, ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, չի մասնակցում վարկանիշավորմանը: Ես հասկանում եմ նման հայտարարություն անելու «Շիրակացի» ճեմարանի նպատակն ու շարժառիթը, բայց չեմ ուզում մեկնաբանել, որպեսզի եւս մեկ անգամ սուբյեկտիվության դրսեւորում չդիտվի կրթության եւ գիտության նախարարության կամ ԿՏԱԿ-ի կողմից»։ Աշոտ Ալիխանյանի կարծիքով, սա ընդամենը դեմագոգիա է, եւ մասնակցել-չմասնակցելու հարցում լավ ու վատի խնդիր չկա, օրենքով տրված է այդ իրավունքը՝ իրենք օգտվել են դրանից եւ չեն մասնակցել. «Մենք ոչ ասել ենք ավելի լավն ենք, ոչ էլ։ Ուղղակի ասել ենք, որ անարդար պայմանների մեջ կդնեինք մյուս դպրոցներին, երբ մի դպրոցն արդեն միջազգային ծրագիր է իրականացնում, մի քանի կազմակերպությունների կողմից իր վարկանիշավորումն արդեն ստացել է, հիմա որպես ի՞նչ մասնակցենք, երբ միջազգային բակալավրիատի չափանիշներից շատերը չեն համապատասխանում մեր նախարարության վարկանիշավորմանը։ Սա է»։ Ճեմարանի տնօրենը նաեւ նկատեց, որ վարկանիշավորման այս ձեւը, ընդհանրապես, ճիշտ չէ, իսկ եթե վարկանիշավորում էլ են, ապա դա կոնֆիդենցիալ բնույթ պետք է կրի, թե չէ նման ձեւով վարկանիշավորելով եւ ամբողջ Հայաստանով մեկ տարածելով, շատ հակամանկավարժական մոտեցում է ցուցաբերվում։