Դաբրոյի փոխատեղում

Դաբրոյի փոխատեղում

Ապրիլին Սպիտակի քաղաքապետի ընտրություններ են, արդեն իսկ դրամատիկ զարգացումների նախադրյալներ կան, նախկին եւ ներկա քաղաքապետերն են քաղաքապետի պաշտոնի հավակնորդները՝ ինչպես 8 տարի առաջ, երկուսն էլ ՀՀԿ-ական:



Գործող քաղաքապետը երկու ժամկետ գլորած Գագիկ Սահակյանն է, որը Երեւանից էր Սպիտակ գործուղվել, հինը՝ Վանիկ Ասատրյանը՝ Լոռու ներկայիս փոխմարզպետներից մեկը: Սպիտակի ընտրություններն առանց Արկադի Համբարձումյանի «դաբրոյի» չեն անցնում. անցնողը ոչ միայն Դերժավայի Արկադիի դիրքերը չպետք է խարխլի, այլեւ ինքնուրույնություն չպիտի ցույց տա՝ կատարելով ԱԺ երկարամյա պատգամավոր Արկադի Համբարձումյանի եւ, առհասարակ, Համբարձումյանների գերդաստանի անսասան կամքը:



Այդ սկզբունքով է պաշտոնավարել նախկին քաղաքապետ, «Հավ» մականունով Վանիկ Ասատրյանը, հիմա էլ՝ Գագիկ Սահակյանը: Հենց Արկադիի միջոցով էլ այստեղ նախատեսվող ծրագրերը հավանության կամ մերժման են արժանանում իշխանության կողմից: 



Ա․ Համբարձումյանը խորհրդարան է անցել 2003թ.` ՕԵԿ-ի համամասնական ցուցակով, հետո` 2006թ., երբ ՕԵԿ-ն սկսեց ընդդիմանալ իշխանությանը, Դերժավայի Արկադին ՕԵԿ-ից դուրս եկավ եւ մի քանի բախտակիցների հետ սահուն տեղափոխվեց իշխանության տաքուկ հովանու ներքո չցնցվող աթոռին՝ գործարարների խումբ: Այժմ ՀՀԿ կարկառուններից է, «Դերժավա»-ն խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկն է, որը Հայաստան է բերում աշխարհում հայտնի բրենդների կոշիկ, հագուստ՝ «Լակոստ» ֆիրմայի, հիգիենիկ պարագաներ, կոսմետիկա, օծանելիք, հրուշակեղեն, շոկոլադեղեն «Մարս», պարենային ապրանքներ եւ այլն: «Սլավգրուպն» էլ Հայաստան է ներմուծում «Աուդի» եւ «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ: Հավանաբար, գործող քաղաքապետը չի արդարացրել Համբարձումյանների հույսերը, քանի որ խոսակցություններ կան, որ այս ընտրություններին նրանց թեկնածուն կրկին նախկին քաղաքապետն է լինելու: Արկադի Համբարձումյանը մի քանի օր առաջ անկեղծացավ, որ դեռ չեն որոշել, թե ով է լինելու թեկնածուն, հետո շտկեց. «Բայց մենք ի՞նչ կապ ունենք, ժողովուրդն է որոշում»։ Իսկ ո՞վ է ՀՀԿ-ի թեկնածուն։ «Դեռ քննարկում չի եղել»,- ասաց պատգամավորը։ Իսկ նախկին քաղաքապետի աջակցման հետ կապված լուրե՞րը։ «Ես ի՞նչ կապ ունեմ, կուսակցությունն է որոշելու»: «Դաբրոն» վաստակած թեկնածու Վանիկ Ասատրյանն իր առաջադրման մասին երեկ մեզ ասաց, որ հիմա չի ուզում «լուսաբանումներ» անել, «գործից առաջ ընկնել». «Դա կլինի, եթե լինի կուսակցության որոշում եւ համապատասխան ժողովրդի պահանջ, ես կառաջադրվեմ»: Ցանկությունների մասին էլ զսպվածություն ցուցաբերեց։ «Առաջադրումից հետո, մարտի 10-ից հետո հարցազրույց կտամ»,- իր թեկնածությունը կատեգորիկ չբացառեց նա:



Ասատրյանին հարցրինք, թե ինչու 2008-ին իրեն փոխարինեցին մեկ ուրիշ ՀՀԿ-ականով, բայց հիմա նորից իր պահանջարկն է զգացվում։ «Առաջադրումից հետո, էլի, առաջադրումից…»: Գործող քաղաքապետի աշխատանքի գնահատականն էլ չուներ. «Ես հիմա Սպիտակում չեմ, առավոտ դուրս եմ գալիս, իրիկուն գնում, Կիրովական մարզպետարանում եմ, ժողովրդին հարցրեք»:



Շատ ավելի ինքնավստահ էր գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը, որից սպիտակցիները շատ դժգոհ են․ «Անպայման առաջադրվելու եմ»։ Կուսակցության աջակցությա՞մբ։ «Կարծում եմ՝ այո, դեռ չենք քննարկել»: Իսկ «դաբրոն» Ձե՞րը կլինի, թե՞ նախկին քաղաքապետինը։ «Ո՞ւմ դաբրոն»,- ճշտեց քաղաքապետը։ ՀՀԿ-ի, Համբարձումյանի։ «Ժողովուրդն է որոշելու, իսկ ժողովրդի աջակցությունը ես ունեմ»,- նորից ինքնավստահ հայտարարեց Սահակյանն ու վստահեցրեց, որ «դաբրոների» խնդիր չկա. «Դուք մտածում եք, որ ես 8 տարի կախյա՞լ եմ գործել: Ես հստակ գիտեմ իմ պարտավորությունները, ու որեւէ մեկի աջակցության կարիքը չկա, մենք՝ համայնքի ղեկավարներս, մեր առջեւ դրված խնդիրներն ենք կատարում»:



Երկու ժամկետ քաղաքապետ եք աշխատել, ինչո՞ւ եք նորից ուզում մնալ աթոռին։ «Անավարտ ու հեռանկարային գործեր կան, մեր Սպիտակի հասարակության հետ մտածում եմ՝ առավել մեծ արդյունքի կարող ենք հասնել, քան մեկ ուրիշը»: Համբարձումյանների հետ իր առաջադրման հարցը, իր խոսքով, չի քննարկել, իսկ ի՞նչը կարող է Սահակյանին հետ պահել կրկին առաջադրվելու ցանկությունից։ «Կարծում եմ՝ ոչինչ»: