Այն, ինչ ասում է, հենց ինքը պետք է կատարի

Այն, ինչ ասում է, հենց ինքը պետք է կատարի

Նախօրեին Սերժ Սարգսյանն իր նստավայրում հյուրընկալել էր օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչներին եւ հանդես էր եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ։ Մոտ կես ժամ տեւած ելույթում նախագահն անդրադարձ էր կատարել հանրային կյանքի բոլոր ոլորտներին՝ մամուլ, քաղաքացիների իրավունքների պաշտպանություն, տնտեսություն, արտագաղթ, հայրենասիրություն, արդարադատություն, աշխատող պաշտոնյաներ եւ պատերի տակ խոսացող չինովնիկներ։ 



Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը տարակուսում է, թե ում էր ուղղված այդ ելույթը. «Այն, ինչ որ ինքն ասում է, պետք է կատարի։ Նույն կոռուպցիան, անարդարությունները, դատարանների անկախ լինելը, դրանք բոլորն իրենց ձեռքի գործն է, ո՞ւմ է ուղղված դա՝ ես չեմ հասկանում։ Իմ կարծիքով, այս ելույթը նորից ներքին սպառման, իրեն շրջապատողներին ուղղված ելույթ էր՝ ցույց տալու համար, որ ինքը գոյություն ունի, ուժ ունի եւ չի պատրաստվում իր դիրքերը զիջել։ Ես այսպես եմ հասկանում։ Այս համատարած անարխիայի, չկայի, արտագաղթի մեջ նման ելույթներն աբսուրդ են... կարծես ուրիշ երկրում է ապրում մեր երկրի նախագահ կոչվածը, ինքն այս երկրից չէ եւ չի տեսնում, իր ձեռքով չէ այս ամեն ինչն արվում։ Դա ուղղակի անբարոյականություն է եւ կեղտոտ դավաճանություն սեփական ժողովրդի հանդեպ։ Այն, ինչ նա ասում է, հենց ինքը պետք է անի, չէ որ նա է երաշխավորը եւ երդվել է, որ պարտավոր է երկրում հաստատել օրենք, կարգ ու կանոն եւ ապահովել մարդկանց, սահմանների անվտանգություն, կենսամակարդակի բարձրացում, որից որեւէ մեկը չի կատարվել, հատկապես սահմանների մասով, որովհետեւ մենք զիջել ենք որոշ տարածքներ։ Վերջերս իմացա ու չգիտեմ, թե ինչու են գաղտնի պահում, որ Նոյեմբերյանի կողմից որոշ դիրքեր թուրքերը գրավել են, իսկ մենք ամեն օր այդ ճանապարհով գնում ենք՝ չիմանալով, որ այդտեղ թուրքերի դիրքեր են։ Հայ գյուղացին իր գյուղում չի կարողանում խաղաղությամբ ապրել, բայց չէ որ մենք բանակ ենք պահում, մեր զինվորներին տալիս ենք ծառայության, բայց պարզվում է՝ ժողովուրդը, քաղաքացին մեր թշնամուց ապահովագրված չէ, իսկ դրա երաշխավորը երկրի նախագահն է եւ պետք է որ լինի։ Կամ՝ այսօր մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացման համար տարբեր երկրներ ինչ-որ քաղաքականություններ են իրականացնում, կարծես թե մենք ոչ նախագահ ունենք, ոչ իշխանություն, նույն Արեւմուտքը, Ռուսաստանը ոնց ուզում, այնպես վերաբերվում են, եւ ճիշտն այն է, ինչ կա։ Մենք դե ֆակտո ունենք երկրի նախագահ, իշխանություն, բայց իրականության մեջ դրանք նեղ, կլանային սեփական շահերը հետապնդող կառույցներ են, որովհետեւ ժողովուրդն իր վրա դա է զգում եւ դա է տեսնում»։
Գեղանկարիչը չի հավատում նախագահի խոսքերից եւ ոչ մեկին. «Չեմ հասկանում այդ ելույթները, կողքին շարած դրոշները, երբ շատ հաճախ տեսնում ենք ոստիկանների վերաբերմունքը դրոշների հանդեպ, դրանք հո մենակ թատրոնի համա՞ր չեն, դա նաեւ ըստ էության պետք է լինի, չէ՞»։



Ինչ վերաբերում է ելույթում հնչեցրած «Նոր Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի» արտահայտություններին, ապա Աղաբաբյանը բոլոր այս ֆրազների հետեւում մի բան է տեսնում. «Այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր կեցվածք ունեն, եւ դրանք նրանց համար դարձել են լոզունգ, դա էլ է գողանում։ Այդքան սնանկ կարելի՞ է լինել՝ թե մտքով, թե կարողություններով։ Իբրեւ թե զինաթափում է այդ մարդկանց՝ մենք են տերը մեր երկրի. ամոթ է։ Երկիրը կործանման է գնում, եւ իր շուրջ հավաքել է մարդկանց, ովքեր իր նման են մտածում»։



Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով նախագահի ելույթին, նշեց, որ քաղաքական գործիչներն ընդհանրապես սովորություն ունեն մի բան ասել, ուրիշ բան անել, եւ հասարակության ամենակարեւոր դերակատարումն այն է, որ ստիպի նրանց անել այն, ինչ իրենք ասում են. «Կարծում եմ՝ այն ամենը, ինչ ասաց՝ լավ է, ես այստեղ որեւէ տարաձայնություն չեմ տեսնում եւ կարծում եմ՝ «սփիչ վռայդերը», որը գրում է այդ տեքստերը, լավ պատրաստված մարդ է, եւ հուսով եմ՝ նախագահն էլ կարդալուց առաջ լուրջ ծանոթացել է գրվածին։ Բայց գրածն իմաստավորվում է միայն այն ժամանակ, երբ դառնում է գործ, հակառակ դեպքում մնում է զուտ խոսքերի մակարդակում։ Իսկ այդ խոսքերն իրականում կդառնան գործ, թե ոչ, կարծում եմ՝ կախված է նրանից, թե ինչքանով ուժեղ կլինի հասարակությունը, ինչը շատ կարեւոր է։ Կգտնե՞նք այսքան ուժ, որ ասենք՝ բարի եղեք, այն բոլոր կետերը, որ դուք նշել եք, կատարեք, եւ մենք կլինենք ամենամտերիմ ձեր կողմնակիցներն այս գործում, հակառակ դեպքում կստացվի, որ դրանք պարզապես խոսքերն են, իսկ խոսքը մի բան է, իրականությունը՝ այլ բան, միեւնույն է, ամեն ինչ շարունակվելու է այնպես, ինչպես եղել է, եւ կունենանք այն, ինչ ունենք այսօր»։



Բաբայանի կարծիքով, եթե այդ խոսքերն ասեր անծանոթ մի մարդ, որի գործունեությունը մենք տեսած չլինեինք այս 8 տարիների ընթացքում, ապա անգամ մեր հասարակության ամենակրթված մասը հազիվ թե ընդդիմանար նման ելույթին. «Ուրեմն խոսքը ելույթին չի վերաբերում, խոսքը վերաբերում է՝ արդյոք այս ելույթը կդառնա՞ գործ, արդյոք միս ու արյուն ձեռք կբերի՞։ Կա 2 ելք. ունենալ, այսպես ասած, ելույթ կամ խոստովանել, որ անցած 8 տարվա ընթացքում շատ քիչ բան է հաջողվել անել։ Ես չէի ասի, որ երբեւիցե չի հաջողվել ոչինչ անել, համենայնդեպս, խոսքի, մամուլի ազատության տեսանկյունից մեր երկիրը շատ ավելի ազատ է, քան որոշ երկրներ։ Բայց, սրանից բացի, կան նաեւ ուրիշ հարցեր՝ մարդու պաշտպանվածությունը, դատական, իրավական ամբողջ համակարգը, ազատ մրցակցությունը, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե այս կամ այն չինովնիկին բռնացնելն ու բանտ նստեցնելն է, որը կարեւոր է, բայց հարց չի լուծում, այլ տնտեսական այնպիսի պայմաններ ստեղծելն է, որտեղ չինովնիկից շատ բան կախված չի լինի, եւ այդ ժամանակ կվերհանվի այդ հիմքը, որի վրա կառուցվում է ամբողջ համակարգը։ Մենք հաճախակի խոսելով, որ շատ պահանջատեր ազգ ենք, այդ պահանջատիրությունը շատ նեղ ենք հասկանում, պահանջատիրությունը շատ ավելի լայն հասկացություն է, եւ դա սեփական իրավունքների ու պաշտոնյաների պարտականությունների հանդեպ պահանջն է։ Բարի եղեք՝ կատարեք ձեր գործը, ու դա ես պետք է ոչ թե խնդրեմ, աղաչեմ կամ ռոմանտիկ ձեւով սպասեմ, մինչեւ կատարվի, այլ եթե ես այս երկրի տերն եմ, պետք է պահանջեմ, եւ միայն ընտրությունից ընտրություն պահանջելը սխալ է, ոչ մի պաշտոնյայի ոչ մի օր չպետք է թվա, որ կարողացել է իրեն այդ պահանջից ազատել։ Միայն այդ պարագայում կարող ենք ինչ-որ բանի հասնել, թե չէ խոսքերը կարող են լինել եւ ավելի լավ, եւ ավելի վատ։ Հիմա երեւի թե այն վիճակում ենք, որ յուրաքանչյուր խոսք գնահատում ենք այնքանով, ինչքանով այն դառնում է գործ»։