Վերահսկիչ պալատը փոխողները գործի են անցել

Վերահսկիչ պալատը փոխողները գործի են անցել

Ազգային ժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է մշակի Վերահսկիչ պալատի մասին նոր օրենքի նախագիծ ու այն համապատասխանեցնի 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության պահանջներին: Իսկ նոր Սահմանադրությամբ գրեթե ամբողջությամբ փոխվել են այդ մարմնի լիազորությունները, նշանակությունը, կարգավիճակը եւ նույնիսկ անվանումը: Օրենսդրական փոփոխություններից հետո կառույցը կկոչվի Հաշվեքննիչ պալատ: Նախատեսվում է, որ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը մինչեւ տարեվերջ պետք է ընդունված լինի, իսկ այդ մարմինը կձեւավորվի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո: ՎՊ օրենքը մշակող աշխատանքային խմբի ղեկավարն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանն է։ Խմբում ընդգրկված են նույն հանձնաժողովի ներկայացուցիչները, բայց ոչ բոլորը։ Խումբը երեք աշխատանքային նիստ է արդեն արել՝ շաբաթը մեկ պարբերականությամբ, վերջինը եղել է նախօրեին, մասնակցել են նաեւ կառավարության ներկայացուցիչներ, նիստերից մեկին էլ՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ՎՊ նախագահի տեղակալ Սեյրան Ավագյանը եւ ՎՊ խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանը՝ ԱԺ վերահսկիչ պալատի նախկին նախագահը: Վերջին նիստին կառավարության ներկայացուցիչների առաջարկությամբ որոշվել է աշխատանքային նիստերի ժամկետները երկարաձգել 2 շաբաթը մեկ պարբերականությամբ, որպեսզի հնարավոր լինի խմբի ներկայացրած առաջարկները համապարփակ ուսումնասիրել:



Նախկին Սահմանադրությունը ՎՊ-ի մասին սահմանում է՝ «անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ», նոր Սահմանադրության համաձայն՝ «Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ»: Եթե մինչ այժմ ՎՊ տարեկան ծրագիրը հաստատում էր Ազգային ժողովը, ապա նորով Հաշվեքննիչ պալատն ինքն է դա որոշելու եւ հաստատելու:



Իսկ ինչ երաշխիք, որ ՎՊ-ն ոլորտների հարցում անաչառություն կցուցաբերի. մեր հարցին խմբի անդամ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ քննարկվում է տարբերակ, որպեսզի ԱԺ-ն հնարավորություն ունենա եթե ոչ լրացումներ կատարել ՀՊ ծրագրում, ապա գոնե իր առաջարկներն ընդունելի դարձնել այնտեղ. «Ենթադրենք՝ որեւէ մեկն ուզում է, որ այսինչ-այնինչ ոլորտներում նաեւ ստուգումներ իրականացվեն, որը ներառված չէ ՀՊ ծրագրում, հետեւաբար, պետք է այնպես անել, որ այդ առաջարկներն ընդունվեն»: Հայեցակարգի ձեւավորման համար խումբն օգտվում է էստոնական փորձից, նախատեսվում է աուդիտորական մարմնի ձեւավորում, որը ՀՊ կազմում կլինի, բայց ստուգումների կենթարկի կառույցի գործունեությունը։ «Որպեսզի չլինի փակ շղթա»,- բացատրեց ՀՀԿ-ականը, հավելելով, որ մեխանիզմներ են մշակվում բաց-թափանցիկ-հանրային գործունեության հասնելու համար, որպեսզի նույնիսկ լրագրողներին հասու լինի պահանջել եւ ստանալ աուդիտորական մարմինների ստուգումների փաստաթղթերը: Եթե ՎՊ-ն տարեկան առնվազն մեկ անգամ ԱԺ է ներկայացնում իր վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը, ապա ՀՊ-ն ԱԺ է ներկայացնելու իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում, պետական բյուջեի կատարման մասին եզրակացություն: Իսկ ՀՊ նախագահին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրելու է խորհրդարանը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: ՎՊ նախագահը նշանակվում էր ՀՀ նախագահի առաջարկությամբ՝ ԱԺ-ի կողմից: Երկու դեպքում էլ սահմանված է պաշտոնավարման 6 տարի ժամկետ: Ի դեպ, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2019-ին, այսինքն՝ նոր կառույցի ձեւավորումից երկու տարի անց: