Հակամրցակցային քայլեր՝ մրցակիցների դեմ

Հակամրցակցային քայլեր՝ մրցակիցների դեմ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը երեկ տուգանվեց 50 միլիոն դրամի չափով: Վարչական վարույթը հարուցվել է ԱԺ պատգամավոր, գործարար Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա: «Կոկա-Կոլա» ՓԲԸ-ն մուտքի խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել հանձնաժողով, տեղեկացնելով, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառեւտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն իրականացնող 11 տնտեսվարողները հրաժարվում են ձեռք բերել եւ իրենց հաճախորդներին վաճառել «Պեպսի-Կոլա» ըմպելիքը:



Իր ընկերության արտադրանքի իրացման նպատակով բոլոր բանակցությունները մնացել են անարձագանք: Մինչդեռ, վերը նշված բոլոր օբյեկտներում լայնորեն ներկայացված են «Կոկա-Կոլա» ընկերության ըմպելիքները»,- ասվում է ՏՄՊՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ: ՏՄՊՊՀ-ին փոխանցել են, թե «Պեպսի-Կոլայի» իրացումից հրաժարվելու պատճառն այն է, որ տարածքը սահմանափակ է, եւ չեն կարող այլ ապրանք եւս իրացնել, եւ, բացի այդ, նշել են, որ սպառողների շրջանում առավել պահանջարկ ունի «Կոկա-Կոլան»: Հանձնաժողովը համարում է, որ վերոնշյալ պատճառաբանություններն անհիմն են: Հանձնաժողովից տեղեկացնում են նաեւ, որ 11 տնտեսվարողներից 4-ը նախկինում իրացրել են «Պեպսի-Կոլայի» ըմպելիքները, հետո, սակայն, առանց որեւէ պատճառաբանության, հրաժարվել դրանցից: Մինչդեռ բոլորի մոտ առանց բացառության մինչ այսօր լայնորեն գովազդվում եւ ներկայացվում է «Կոկա-Կոլա» ընկերության արտադրանքը: Հանձնաժողովը եկել է եզրահանգման, որ ««Կոկա-Կոլա» ՓԲԸ-ն որոշակի շահավետ պայմաններ է առաջարկում տնտեսվարողներին՝ միայն իր արտադրանքն իրացնելու պայմանով… Զեղչերի, ակցիաների կամ այլ շահավետ պայմանների միջոցով «Կոկա-Կոլա»-ն պարտադրում է, որ տասնյակ օբյեկտներ իրացնեն միայն իր արտադրանքը: Օրինակ, ընկերության ֆիրմային սառնարաններն անհատույց տրամադրվում են տնտեսվարողներին, ինչը տնտեսապես շահավետ է վերջիններիս, քանի որ սառնարանի ձեռքբերման եւ վարձակալության համար լրացուցիչ ծախսեր չեն կատարում»: Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են նաեւ, որ «Կոկա-Կոլա»-ն տասնյակ տնտեսվարողների մարքեթինգային ծախսերի անվան տակ խոշոր չափերի հասնող գումարներ է փոխանցել, իբրեւ թե իր վահանակները, ցուցանակները եւ այլ պարագաներ ցուցադրելու համար, սակայն ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ տասնյակ դեպքերում տնտեսվարողներն ընկերության տարբերանշանով պարագաները ցուցադրում են անվճար: ՏՄՊՊՀ-ն համարում է, որ նման վարքագծի պատճառով «Կոկա-Կոլայի» եւ մրցակից ընկերությունների միջեւ ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ, ինչն անթույլատրելի է: Նկատի ունենալով վերոնշյալ նախադեպը, ՏՄՊՊՀ-ն զուգահեռաբար նախապատրաստել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ, ըստ որի՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները պարտավորված կլինեն իրենց կողմից տրամադրվող սառնարանների եւ ցուցապահարանների մինչեւ 20 տոկոսը տրամադրել մրցակից ընկերությունների ապրանքների ներկայացվածության համար: 



Մինչդեռ «Պեպսի-Կոլայի» հայտնվելուց հետո նման խոսակցություններ ծավալվում են հենց այս ըմպելիքի մասին։ Որ իբր Սերժ Սարգսյանի մտերիմ Արսենյանն իր դիրքերն օգտագործում է տարբեր օբյեկտներից «Կոլա-Կոլա»-ն դուրս մղելու եւ իր ապրանքն իրացնելու համար: Եվ բազում արգելված «պրիյոմներ» են կիրառում հենց իրենք, այլ ոչ թե «Կոկա-Կոլան»։ Աշոտ Արսենյանը երեկ չցանկացավ խոսել այդ մասին՝ մատնացույց արեց ընկերության տնօրենին: «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության տնօրեն Արշավիր Մինասյանը մեր հարցին պատասխանեց. «Չկա նման բան»: Մինասյանն ասաց, որ մինչեւ հանձնաժողովին բողոք ներկայացնելը դիմել են մրցակից գործընկերոջը, ասելով, որ նման մեթոդներով չի կարելի շուկայում աշխատել. «Բայց ապարդյուն, նրանք քար լռություն պահեցին»: Տնօրենի խոսքով՝ միայն նշված օբյեկտում չէ առկա նման խնդիր, դրանք շատ են. «Մենք ասում ենք, որ այն գումարներն ու ռեսուրսները, որ մրցակիցը ծախսում է, որպեսզի հարստացնի միջին օղակին՝ լինեն կաֆեներ, ռեստորաններ, առեւտրային կետեր, ես ուզում եմ, որ այդ գումարները խնայվեն, եւ սպառողը դրանից օգուտ ստանա»։ Մինասյանի հաշվարկով, եթե «Կոկա-Կոլայում» նման տնտեսում անեին, ապա 15 տոկոսով Հայաստանի շուկայում այդ ապրանքի գինը կնվազեր:



Երեկ մենք դիմեցինք նաեւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ ընկերությանը, որից գրավոր հետեւյալ պատասխանն ստացանք. «Հայտնում ենք Ձեզ, որ 1. Ընկերությունը դեռեւս չի ստացել հանձնաժողովի որոշումը։ Ավելացնենք, որ նախորդ երկու օրվա ընթացքում Ընկերությունը դիմել է հանձնաժողովին՝ որոշում տրամադրելու հարցով։ Ըստ ընթացակարգի, որոշման կայացման օրը նախատեսված է եղել փետրվարի 24-ը։ 2․ Հանձնաժողովը հայտարարել էր, որ Ընկերությունն ստանալու է որոշումը փոստային կապի միջոցով։ 3․ Ընկերությունը բաց է իր գործունեության մեջ եւ կմեկնաբանի ԶԼՄ-ներում շրջանառվող այս տեղեկատվությունը միայն հանձնաժողովի որոշումն ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո։ Հարգանքով՝ Հանրային գործերի եւ հաղորդակցության տնօրեն Էլինա Մարկարյան»: