Ոչ մի բան թաքուն չի մնա

Ոչ մի բան թաքուն չի մնա

Մինչ հայաստանյան իշխանությունները պնդում էին, թե նոր Ընտրական օրենսգիրքը դեռ մշակման փուլում է, իսկ ընդդիմադիրները հակադարձում, որ նախնական փաթեթն առանց իրենց հետ քննարկելու ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովի դատին, որպեսզի նրանց «դաբրոն» կորզեն ու հանգիստ «առաջ բրթեն», Վենետիկի հանձնաժողովը երեկ իր կայքում հրապարակեց Ընտրական օրենսգրքի նախնական նախագիծը՝ անգլերենով: Սա, թերեւս, անակնկալի բերեց հայկական կողմին, թեեւ պարզ է, որ կառավարության վաղվա նիստում այս հարցը պետք է անպայման ներառվեր՝ ժամկետն արդեն իսկ 1-2 օրով խախտվել է։



Նոր Ընտրական օրենսգիրքը Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել մշակող մարմնի՝ արդարադատության նախարարության կողմից: Ինչո՞ւ օրենսգիրքը նախապես Հայաստանում քննարկելուց հետո չի ուղարկվել Վենետիկ, կառավարությունից պարզաբանում են, որ ժամանակի սղության պատճառով աշխատանքային խմբի կողմից մշակված նախնական տարբերակն է ուղարկվել, որպեսզի Վենետիկի գնահատականից հետո ունենանք հանրային քննարկումների համար հնարավորինս ամփոփ տարբերակ։ «Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, որը տեղադրված է կառավարության կայքում, իր մեջ ներառում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները, լրամշակված է, եւ որոշակի տարբերություններ կան Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախնական տարբերակի համեմատությամբ եւ այդ տեսքով այն կդրվի հանրային քննարկման»,- հայտնեցին կառավարությունից:



Մինչդեռ Սերժ Սարգսյանի կողմից դեռեւս փետրվարի 10-ին ստորագրված «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» հրամանագրի համաձայն՝ նոր ԸՕ նախագիծը պետք է խորհրդարան ուղարկվեր մինչեւ այս տարվա մարտի 1-ը: Նախագահի գրասենյակը չի արձագանքում հրապարակումներին ու չի պարզաբանում, թե ինչու չի կատարվում նախագահի հրամանագիրը: Փոխարենը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն է լրագրողներին պարզաբանել, որ կառավարության հեղինակած նախագիծը նախ պետք է հաստատի գործադիրը։ «Առաջիկա նիստը, կարծես թե, մարտի 3-ին է: Ամենայն հավանականությամբ, այդ նիստով կհաստատվի եւ կգա Ազգային ժողով»,- ասել է Սահակյանը՝ կոծկելով նախագահի աշխատակազմի փնթի աշխատանքը: Իրականում խոսակցություններ կան, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատականն է ուշանում: Մինչ կառավարության կայքը կերկրորդեր Վենետիկին ու կհրապարակեր նախնական փաթեթը, հայաստանյան որոշ կազմակերպություններ հասցրին թարգմանել ու հանրությանը ներկայացնել նախագծի խնդրահարույց դրույթները:



«Իրազեկ քաղաքացիների միավորումն» առանձնացրել էր իր տեսանկյունից առավել հետաքրքիր նորամուծությունները։ Օրինակ՝ յուրաքանչյուր ընտրատեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահմանափակվել է 8-ով: Մինչդեռ նախկինում սահմանափակում չկար: Դիտորդների ներկայությունը որոշակի զսպաշապիկ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր մտածում են ընտրակեղծիքների մասին: Ավելին, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ուսումնասիրությունների, ոչ միայն միջազգային, այլեւ տեղական դիտորդական կազմակերպությունները կարող են դիտարկել ընտրությունները բացառապես ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի կամ ԿԸՀ-ի հրավերի առկայության դեպքում: Այսինքն, նման հրավեր չունեցող կազմակերպությունները դիտորդությամբ չեն կարող զբաղվել:



Ներկայացված է քվեարկության հետեւյալ կարգը. «Ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, որով տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական մասնագետը գրանցելու է ընտրողներին: Ընտրողները կկարողանան գրանցվել թե սովորական անձնագրերով, թե բիոմետրիկ անձնագրերով եւ թե նույնականացման քարտերով: Համակարգը ճշտելու է, թե արդյոք քաղաքացին ընդգրկվա՞ծ է ընտրողների ցուցակում եւ արդյոք չի՞ քվեարկել: Բացի այդ, եթե քաղաքացին քվեարկում է բիոմետրիկ անձնագրով կամ ID քարտով, ապա համակարգչի էկրանին կերեւա ընտրողի նկարը»: Այս համակարգը, հավանաբար, գործելու է լոկալ, միայն տվյալ ընտրատեղամասում, եւ Հայաստանի բոլոր ընտրատեղամասերը ցանցով կապված չեն լինելու, ուստի տեղից տեղ քվեարկության տարվող խմբերից այն որեւէ կերպ չի փրկում։



41 ընտրատարածքների փոխարեն այժմ լինելու է 13 տարածք․ 4-ը՝ Երեւանում, 9-ը՝ մարզերում (Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ տարածք են կազմելու): 84-րդ հոդվածի համաձայն՝ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները պետք է առաջադրեն թեկնածուների մեկ ընդհանուր ցուցակ եւ մեկ տարածքային ցուցակ յուրաքանչյուր տարածքի համար: Ազգային ընտրական ցուցակը պետք է բաղկացած լինի երկու մասից: Առաջին մասը պետք է ներառի առնվազն 80 եւ ոչ ավելի, քան 300 թեկնածու:



Կուսակցությունը պետք է նաեւ կազմի տարածքային ընտրական ցուցակներ ազգային ընտրական ցուցակի առաջին հատվածում ներառված թեկնածուներից:
Չնայած պնդումներին, թե կառավարության կայքում հրապարակված տարբերակում հաշվի են առնված «շահագրգիռ բոլոր մարմինների առաջարկությունները», նախագիծը հակառակի մասին է փաստում: Բազմաթիվ ՀԿ-ների, ընդդիմադիրների պահանջը, որ պետք է հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, նախատեսված չէ: Ավելին` հոդված 13-ում ասվում է, որ «ՀՀ ընտրողների ցուցակը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ազատ է ծանոթացման համար: Քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ պարունակող ընտրողների ցուցակները (այդ թվում` էլեկտրոնային ցուցակները) հրապարակման ենթակա չեն, արգելվում է դրանցից լուսապատճեններ հանել, որեւէ եղանակով արտատպել, լուսանկարել եւ տեսանկարահանել»:



ՀԱԿ առաջարկն ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու մասին, որի միջոցով հնարավոր կլինի օնլայն հետեւել տեղամասերի գործունեությանը, եւս ներառված չէ: Յուրաքանչյուր կուսակցություն (կամ դաշինք) ունենալու է իր «գույնը», եւ քաղաքացին ծրարի մեջ է դնելու իր նախընտրած գույնի քվեաթերթիկը՝ այդպիսով կատարելով քվեարկությունը, իսկ դալտոնիկնե՞րը…