ԶԼՄ-ների ու դիտորդների թվի սահմանափակումը հնարավոր է հանվի

ԶԼՄ-ների ու դիտորդների թվի սահմանափակումը հնարավոր է հանվի

Ոչ իշխանականներն Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծում մտահոգություն առաջացնող բազմաթիվ դրույթներ են տեսնում։ Անգամ ԲՀԿ-ում, որը փոփոխություններ սկսելուց առաջ հանդիպել ու իր առաջարկներն է ներկայացրել նախագիծը մշակող սահմանադրագետներ Հրայր Թովմասյանին ու Վարդան Պողոսյանին։ Խմբակցության քննարկումները դեռեւս ընթացքի մեջ են, բայց պատգամավոր Միքայել Մելքումյանն իր անձնական տեսակետն է ներկայացնում՝ նախեւառաջ անկյունաքարային համարելով էլեկտրոնային գրանցման հետ կապված անվտանգության երաշխիքի հարցը. «Ո՞վ է երաշխիք տալիս ծրագրային ապահովության առումով, այսինքն՝ ո՞վ է կառավարելու, որ մարդկային միջամտություն չի լինելու։ Եթե չկա ծրագրային ապահովում, ու ընտրացուցակները չեն հրապարակվում, ապա ի՞նչ երաշխիք, որ գրանցումը նորմալ կլինի»։ Մելքումյանն առաջարկում է ծրագրի վերահսկողության հարցը դնել ոչ միայն միջազգային կառույցների վրա, այլեւ հնարավորինս մեծ թվով քաղաքական ուժերի ու ՀԿ-ների։ «Թող մոնիտորինգի մի կառույց լինի, որտեղ ներկայացված կլինեն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ՀԿ-ներ, ինչքան շատ, այնքան լավ, որպեսզի բացառվի սուբյեկտիվ գործոնը»,- բացատրեց պատգամավորը, հավելելով. «Այժմ նշվել է միայն էլեկտրոնային գրանցման մասին, էլեկտրոնային քվեարկություն չկա, սա էլ դեռ պետք է հասկանալ, այս մասով էլ խնդիր կա»։ 



Ըստ Մելքումյանի՝ հակասություն կա Սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգի եւ Ընտրական օրենսգրքի նախագծով ներկայացված համամասնական ռեյտինգային ընտրակարգի միջեւ. «Նախագծով, փաստորեն, կիսատ համամասնական կարգի հետ գործ ունենք։ Երբ ասում ենք համամասնական ընտրակարգ, համամասնական ցուցակ, հասկանում ենք, որ ամբողջ հանրապետությանն է վերաբերում, բայց այդպես չէ։ Ես, օրինակ, կողմ եմ, որ ընտրատարածքների թիվն ավելի պակաս լիներ։ Մեկ մարզը մեկ ընտրատարածք դարձնելով՝ վարչական միավորը չի վերացվում, նրանց ազդեցությունն էլ մնում է»։ Միքայել Մելքումյանի մտահոգությունների թվում է նաեւ ամենաշատը քննարկվող կետերից մեկը՝ յուրաքանչյուր ընտրատեղամասում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղացի դիտորդ ու լրատվամիջոցի ներկայացուցիչ, միայն թե առայժմ նա չի կարողանում ասել, թե այդ սահմանափակումն ինչի հետ է կապված։



ԲՀԿ-ականը «կիսատ-պռատ» լուծում է համարում ընտրացուցակները հրապարակելու կամ տեսանկարահանելու թույլտվության փոխարեն այն առաջարկը, որով վստահված անձանց կամ դիտորդներին թույլատրվում է ընտրությունների հաջորդ օրը երկու ժամով ծանոթանալ ընտրության մասնակիցների ցանկին։ Արձագանքելով իշխանական տեսակետներին, որ ընտրացուցակների հրապարակումն ընդունելի չէ ողջ աշխարհում, Մելքումյանը հակադարձեց, թվարկելով մի շարք այդպիսի երկրներ. «Ճիշտ է, մեր ՍԴ որոշում կա, որ քվեարկության մասնակցությունը գաղտնի է, բայց կան երկրներ, օրինակ՝ Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, որտեղ ցուցակները հրապարակվում են»։



Միքայել Մելքումյանը հակասահմանադրականություն է տեսնում նաեւ երկրորդ փուլի վերաբերյալ դրույթում։ Հիշեցնենք, որ նոր ԸՕ-ն սահմանում է, եթե քվեարկության արդյունքում որեւէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ավելի քան 2/3-ը, ապա մյուսներին տրվում է լրացուցիչ այնքան մանդատ, որ կազմեն ԱԺ առնվազն 1/3-ը։ «Այսինքն՝ դա նշանակում է, որ 1/3-ն ընդդիմություն պետք է մնա, թվերով արտահայտած պատգամավորների ընդհանուր թվի՝ 101-ի 1/3-ը մոտավորապես 34 է կազմում։ Այսինքն՝ առնվազն 67 պատգամավորով կարելի է կոալիցիա, դաշինք ձեւավորել։ Ի՞նչ է սա նշանակում։ Իսկ հիշո՞ւմ եք, որ Սահմանադրության «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզարշավի ժամանակ մենք ասում էինք, որ գլխավոր դատախազի, ԿԲ նախագահի եւ այլ կարեւոր պաշտոնների ղեկավարների ընտրությունը պետք է կայանա պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով, այսինքն՝ 60-61 պատգամավորով։ Ստացվում է, որ այդ կարեւորագույն պաշտոնների ընտրության ժամանակ ընդդիմությունը ձայն չի ունենալու»։



Մելքումյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքի մշակումից սահմանադրագետների հետ դեկտեմբեր ամսին ունեցած հանդիպմանը կոնկրետ առաջարկներ չեն ներկայացրել, ընդհանուր դրույթներ են քննարկվել։



Նա մեկ անգամ եւս ընդգծեց, որ իրենց խմբակցության կարծիքն այս նախագծի վերաբերյալ կներկայացնեն ավելի ուշ, երբ նաեւ ամբողջական տեքստին ծանոթանան։
Լսեցինք նաեւ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ ՀՀԿ-ականն ասաց, որ չի զլանա մեկ անգամ էլ հիշեցնելու, որ ներկայացվել է օրենսգրքի նախնական տարբերակը, եւ որ ընդդիմադիր գործընկերների հետ քննարկումների արդյունքում են վերջնական տարբերակը կազմելու, այնպես, որ «որեւէ խոցելի տեղ չլինի»։ Կետ առ կետ անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջ դիտարկումներին էլեկտրոնային գրանցման վերաբերյալ՝ ՀՀԿ-ականը արձագանքեց, որ ժամանակից շուտ պետք չէ անհանգստանալ, համատեղ քննարկումների արդյունքում, ըստ նրա, այնպիսի լուծում կգտնվի, որ որեւէ անհանգստության տեղիք չի տա։ «Ինչ վերաբերում է երկրորդ փուլի հետ կապված, այո, մենք պետք է աշխատենք այնպիսի լուծումներ գտնել, որ ընդդիմությունը 1/3-ից պակաս ներկայացված չլինի, ես համաձայն եմ դրա հետ, հակառակ դեպքում ընդդիմության դերակատարման բարձրացման խնդիրն իրոք կարող է վտանգի տակ դրվել»,- նախագծի թերությունն ընդունեց ՀՀԿ-ականը, միաժամանակ հիշեցնելով, որ տեքստը վերջնական չէ, ու խոստովանելով. «Մենք տեղ ենք թողել, որպեսզի քննարկումների արդյունքում բոլոր վիճելի հարցերը լուծել միասին»։



Խոսելով ԶԼՄ եւ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների թվի սահմանափակման մասին, Բաղդասարյանն ասաց, որ այդ հարցը դեռ վերջնական չէ, ավելին՝ չբացառեց, որ սահմանափակումը վերացվի․ «Ամեն ինչ հնարավոր է, ես ոչինչ չեմ բացառում։ Մենք պետք է տեսնենք, թե ինչ տարածքներ ունենք, ինչ հնարավորություններ...»։ Նշենք, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը: