«Վենետիկցիները» ՀՀԿ-ի հետ հանդիպմանը ցուցակների հրապարակման հարց չեն բարձրացրել

«Վենետիկցիները» ՀՀԿ-ի հետ հանդիպմանը ցուցակների հրապարակման հարց չեն բարձրացրել

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի անդամներն այսօր` ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումներից հետո, վերջում հանդիպում ունեցան նաև իշխող ՀՀԿ խմբակցության անդամների հետ։ Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Hraparak.am-ին ասաց․ «Մենք նրանց ընդհանուր ներկայացրել ենք օրենսգիրքը, իրենք են ասել որոշ հարցեր, մենք այդ հարցերին տվել ենք պատասխաններ, քննարկումն անցել է շատ նորմալ մթնոլորտում, և ասել ենք, թե որոնք են քննարկման առարկա, մենք պատրաստ ենք քննարկելու։ Ազգային փոքրամասնությունների հետ կապված ձևավորումները, որ կարելի է քննարկել, ավելի լավ մեխանիզմ գտնել, տեսախցիկների տեղադրում, որը պատրաստ ենք քննարկելու, բավականին հարցեր առաջ քաշվեցին, որ պատրաստ ենք քննարկելու»։



-Իրե՞նց կողմից առաջ քաշվեցին այդ հարցերը։



-Իրենք ընդհանուր բոլորի հետ, ում հետ որ զրուցել են, ասացին, որ կան նմանատիպ հարցեր։



-Այսինքն՝ փոխանցե՞լ են ընդդիմության մտահոգությունները։



-Բնականաբար, եթե բոլորի հետ հանդիպել են, նրանք չեն ասում մտահոգությունները, բայց ասում են, որ կան նման խնդիրներ։



-Իսկ ցուցակների հրապարակման հետ կապված հարցը քննարկվե՞լ է։



-Նմանատիպ խնդիր ընդհանրապես չբարձրացվեց։ Իսկ երբ մենք բարձրացինք այն խնդիրը` այդ երկու ցուցակների հետ կապված՝ համապետական և ընտրատարածքային (խոսքը ռեյտինգային ցուցակների մասին է), իրենք ասացին, որ մենք այդտեղ խնդիր չունենք ընդհանրապես, և իրենց երկրների օրինակները բերեցին այդ հարցում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ