Հայաստանի երրորդ հանրապետության արտգործնախարարները

Հայաստանի երրորդ հանրապետության արտգործնախարարները

Հայաստանի երրորդ հանրապետությունն ունեցել է հինգ արտգործնախարար (5-րդը՝ Էդվարդ Նալբանդյանը դեռ պաշտոնավարում է)։ Մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 1991թ. ՀՀ արտգործնախարար նշանակվելը ԱԳՆ պաշտոնակատար է եղել Աշոտ Եղիազարյանը, որը 1989-91թ.թ. եղել է ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ։ Համացանցային որոնումներից պարզվում է, որ Աշոտ Եղիազարյանն իր դիվանագիտական կարիերան շարունակել է նաեւ հետագայում՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով ՀՀ ԱԳՆ-ում։ 1998-2007թ.թ. նա եղել է Սան-Պաուլոյում (Բրազիլիա) ՀՀ գլխավոր հյուպատոս։ Իսկ արդեն 2010թ. Աշոտ Եղիազարյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Չորս տարի անց՝ 2014թ. նա նույն՝ ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է նշյալ երկրում դեսպանի պարտականություններից։



1991-92թ.թ. ՀՀ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն առ այսօր էլ ակտիվ դերակատարում ունի Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքում։ Նա արտգործնախարարի պաշտոնին հրաժեշտ տվեց այն պատճառով, որ Ցեղասպանությանը վերաբերող հայտարարություններ էր հնչեցրել, որոնք այն ժամանակ հակասում էին ՀՀ պաշտոնական դիրքորոշմանն ու արտաքին քաղաքական ուղեգծին։ ԱՄՆ Միջազգային օրենքի եւ դիվանագիտության Ֆլետչեր ինստիտուտի շրջանավարտ Րաֆֆի Հովհաննիսյանը 1993թ. հիմնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, որը ղեկավարում է մինչ օրս։ 1998թ. նա ՀՀ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետն էր, այնուհետեւ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը։ Երկու դեպքում էլ նրա պաշտոնավարման կարճ ընթացքն ավարտվեց հրաժարականով։



2007 թվականին, ընտրվելով ՀՀ ԱԺ պատգամավոր եւ ԱԺ-ում ղեկավարելով համանուն խմբակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդ, աչքի ընկավ մի շարք ինքնատիպ քայլերով։ Նա եւ իր ղեկավարած կուսակցությունը, թեեւ չմիացան այն ժամանակ իրեն ընդդիմադիր դաշտում դոմինանտ հայտարարած Հայ ազգային կոնգրեսին, սակայն ցուցաբերեցին քաղաքացիական նախաձեռնողականություն՝ քաղհալածյալներին եւ իշխանության բիրտ գործողություններից տուժած քաղաքացիներին աջակցություն ցույց տալու հարցում։ 2011թ. մարտին, երբ ընդդիմությունը փորձում էր մուտք գործել Երեւանի Ազատության հրապարակ եւ այնտեղ հրավիրել հանրահավաք, Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն հանդիպում ենք նույն հրապարակում, հացադուլ հայտարարելիս։ Այդ կերպ նա կարողացավ իր վրա հրավիրել հանրության ակտիվ հատվածի ուշադրությունը։ Իսկ արդեն 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած եւ պաշտոնական տվյալներով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է ոչ ստանդարտ քայլերի։ Որպես ՀՀ նախագահի թեկնածու «Հնարավո՛ր է» կարգախոսով նախընտրական քարոզարշավին մասնակցող Րաֆֆի Հովհաննիսյանը շրջագայում է Հայաստանով մեկ, ձեռքով բարեւում իրեն հանդիպող քաղաքացիներին, մասնակցում նույնիսկ անծանոթ մարդկանց հոգեհանգստյան արարողություններին։ Իսկ հետընտրական գործընթացներից հայ հասարակության հիշողության մեջ մնաց միայն Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համատեղ աղոթքը։ Այդ աղոթքն էլ պատճառ դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը հետագայում անկում ապրի։



1993-96թ.թ. ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցն էր, երբեւէ չհակադրվեց նրա արտաքին քաղաքական կուրսին, իսկ պաշտոնանկությունից հետո հազվադեպ էր երեւում ԶԼՄ-ներում եւ հարցազրույցներ տալիս։ 2008թ., երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, նա կրկին սատարում էր ՀՀ առաջին նախագահին։ Այսօր էլ Վահան Փափազյանը նախընտրում է չխառնվել քաղաքական ընթացիկ գործընթացներին։



1996-98թ.թ. ՀՀ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նույնպես ՀՀ առաջին նախագահի թիմից էր, եւ նրա հրաժարականի հետ միաժամանակ ինքն էլ հրաժարական տվեց։ Ալեքսանդր Արզումանյանը հավատարիմ մնաց ՀՀՇ-ին նույնիսկ այն ժամանակ, երբ այդ կուսակցությունը հայտնվել էր լուսանցքում եւ դժվար օրեր էր ապրում։ 2000-2002թ.թ. նա ղեկավարեց ՀՀՇ-ն։ 2006թ. Ալեքսանդր Արզումանյանը եղավ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռողներից մեկը եւ ազատազրկվեց մի քանի ամսով։ Իսկ 2008թ. նա կրկին ազատազրկվեց «Յոթի գործով», քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետն էր եւ ակտիվ դերակատարում ուներ այն ժամանակ քաղաքական գործընթացներում։ Նա ազատ արձակվեց 2009թ. հունիսին, ԱԺ հայտարարած համաներմամբ։ Արզումանյանն էլ, բանտից դուրս գալուց հետո, շատերի նման, տարաձայնություններ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, հեռացավ ՀԱԿ-ից։ Թեեւ նա իր նախկին կուսակիցների Խաչատուր Քոքոբելյանի եւ Արարատ Զուրաբյանի հետ հիմնադրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, սակայն այնտեղ էլ երկար չմնաց։ Նա եւ Արարատ Զուրաբյանը, հեռանալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, Հովհաննես Իգիթյանի եւ Կարապետ Ռուբինյանի հետ վերականգնեցին «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը։Նախկին քաղբանտարկյալն այսօր էլ «Հայ ազգային կոնգրես» դաշինքից անջատված ՀՀՇ առանցքային դեմքերից է, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր։ Նա թեեւ ԱԺ պատգամավոր դարձավ «Ժառանգություն» կուսակցության ցուցակով, սակայն այսօր նա տարակարծություններ ունի «Ժառանգության» հետ, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող հարցերում։ Ի տարբերություն Վահան Փափազյանի՝ նա չի խուսափում ԶԼՄ-ներում հանդես գալ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող իր դիրքորոշումներով ու տեսակետներով։



ՀՀ արտգործնախարարներից ամենաերկարակյացն ու «կենսունակը» Վարդան Օսկանյանն է։ Նա պաշտոնավարեց 1998-2008թ.թ. եւ մինչեւ պաշտոնավարման ավարտը միջազգային ասպարեզում կարողացավ ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի արտաքին եւ ներքին քաղաքական կուրսը։ Մի քանի լեզուների տիրապետող, Հարվարդի համալսարանի կառավարման դպրոցի շրջանավարտ նախկին արտգործնախարարը այդպես էլ չկարողացավ սահուն տիրապետել մայրենի լեզվին, եւ իր արտաբերած «մույսը», «ոեւէ» ու նման կարգի լեզվական սպրդումներով նա պարբերաբար արժանանում է մամուլի հեգնանքին։ Վարդան Օսկանյանի՝ որպես ԱԳՆ պաշտոնավարման շրջանը հիշվում է սկանդալային արտահայտություններով։ Նա մի անգամ «օկուպացված տարածքներ» էր անվանել Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, մեկ այլ անգամ հայտարարել էր, որ՝ «100 տարի էլ փակ սահմանի պայմաններում կզարգանանք» (նկատի ուներ Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունները.-Թ.Հ.)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով 2012թ. ԱԺ պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանը իր անդամակցությունն այդ կուսակցությանը դադարեցրեց 2015թ. մարտի 5-ին, երբ Սերժ Սարգսյանի «թեթեւ ձեռքով» այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից։ Նույն 2012թ. հոկտեմբերին Վարդան Օսկանյանին ԱԺ համաձայնությամբ ներգրավվեցին որպես մեղադրյալ «փողերի լվացման գործով», իսկ ամիսներ անց, արդեն 2013թ. գարնանը նա իր գործընկերների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի եւ Աբրահամ Մանուկյանի հետ Երեւանի ավագանու ընտրություններում ղեկավարում էր ԲՀԿ ցուցակը։



Եվ ահա, շուրջ մեկամյա լռությունից հետո, Վարդան Օսկանյանն օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարում է. «Կուսակցություն ստեղծելու հետ կապված աշխատանքները բավական առաջ են գնացել, այս պահին ուղղակի դեռ ես պատրաստ չեմ հայտարարելու, որ ստեղծվում է կուսակցություն, բայց կլինի»։ Եվ մինչ փորձառու քաղաքագետներն ու վերլուծաբանները Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության հետեւում տեսնում են Ռոբերտ Քոչարյանի «ականջները», նա չի էլ ժխտում, որ ինքը ՀՀ նախկին նախագահի հետ պահպանում է նորմալ հարաբերություններ։ «Կընդունե՞ն Ռոբերտ Քոչարյանին նորաստեղծ կուսակցությունում, թե՞ ոչ» հարցին Վարդան Օսկանյանն առայժմ չի տալիս կոնկրետ պատասխան։ Իսկ նախկին կուսակիցներից ոմանք առայժմ ողջունում են նրա այդ քայլը։



2008 թվականից ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր պաշտոնավարման մեկնարկին բախվեց Հայ հեղափոխական դաշնակցության թունդ դիմադրությանը։ Սերժ Սարգսյանի փորձերը՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները, դաշնակցականները փորձեցին «ջարդել» նրա գլխին՝ պահանջելով նորաթուխ նախարարի հրաժարականը։ Փորձառու դիվանագետ Նալբանդյանն առանձնապես չազդվեց դրանից եւ առ այսօր էլ շարունակում է պաշտոնավարել՝ չնայած հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների հետ կապված նրան վերագրվող տհաճ միջադեպերին (մամուլն այն ժամանակ մի լավ հեգնեց նախարարին, թե օտարերկրյա դիվանագետներն ինչպես են քաշքշում նրա այտերը-Թ.Հ.)։ Փոխարենն արդեն հնաբնակ արտգործնախարարն այսօր շատ բան ունի հիշեցնելու ժամանակին իր հրաժարականը պահանջող, իսկ այսօր կառավարության կազմ ներթափանցած դաշնակցական նախարարներին։



Թագուհի Հակոբյան