Օդիոզի օդիոզը

Օդիոզի օդիոզը

Ոչ մի երկրում իշխանությունը սիրված չէ, եւ դա նորմալ է: Բայց չսիրելը դեռ ատել չէ: Եվ խելամիտ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությունը չսկսի իրեն ատել: Դրա համար իշխանությունը ֆորմատավորում է իր եւ հասարակության հարաբերությունները: Մի մասը՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով, մյուսները՝ մեդիա եւ ինֆորմացիոն ազդեցությամբ, մի զգալի տեղ էլ թողնում է լոբբիստներին: Որքանո՞վ է Սահմանադրությունը գործում, պարզ եղավ Սահմանադրության ռեֆերենդումին մարդկանց մեծ մասի անտարբերությունից: Մարդիկ դժգոհ են օրենքներից, երկու կարծիք լինել չի կարող: Մեդիա եւ ինֆորմացիոն ազդեցության գործը թողնվել է իշխող կուսակցության ինտելեկտուալ Աշոտյանի վրա, իսկ լոբբիստների հարցում ՀՀԿ բախտը հաստատ չի բերել: Իշխանության մա՞ս է ՀՀԿ պառլամենտական ֆրակցիայի ղեկավարը, թե՞ լոբբիստ: Կարելի է ասել՝ թե մեկը, թե մյուսը: Որքանո՞վ է նա ազդում իշխանության որոշումների վրա, չգիտենք: Բայց որ իշխող կուսակցության պառլամենտական ֆրակցիայի ղեկավարը վատ լոբբիստ է, դժվար չէ ցույց տալ մեդիա տիրույթում նրա օդիոզ ելույթների վրա: Խոսելով, օրինակ, քվեարկությունից հետո ստորագրված ընտրացուցակները հրապարակելուց, նա առաջին հերթին մատը պարզել է Սահմանադրական դատարանի ուղղությամբ, ապա անցել լոբբիստական բացատրության: Եվ հենց այդտեղ էլ ֆիքսվել որպես օդիոզ Ընտրական օրենսգրքի ամենաօդիոզ լոբբիստ: Պետք է պատկերացնել,- ասում է պառլամենտականը,- թե ինչ կլինի ենթակայի վիճակը, եթե ստորագրված ընտրացուցակները հրապարակ բերվեն, եւ շեֆը տեսնի, որ ենթական քվեարկության չի գնացել: Ռուսները սրան ասում են՝ явка с повинной: Իշխող կուսակցության պառլամենտական ֆրակցիայի ղեկավարը պարզ ասում է, որ շեֆը վերահսկում է, որ ենթակաները գնան քվեարկության: Հասկանալի է, որ շեֆը ենթականերին քվեարկության է ուղարկում ոչ թե օպոզիցիայի, այլ իշխանության դիրեկտիվը կատարելու համար:



Նշանակում է՝ ստորադաս շեֆն ունի վերադաս, սա էլ՝ իր վերադասը՝ մինչեւ… Այսինքն՝ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը խոստովանում է, որ իշխանությունը վերահսկում է քվեարկության պրոցեսը: Երկրորդ, նա խոստովանում է, որ իշխանությունը գիտի, որ շեֆի դիրեկտիվը միշտ չէ, որ կատարվում է: Երրորդ, նա նշմար է տալիս, որ ցուցակները հրապարակվեն-չհրապարակվեն, իշխանությունը գիտի, թե որտեղ, ով, ինչպես եւ ինչու է դուրս եկել կոնտրոլ թվերի արեալից: Եվ հարցը լուծում է ներքին կարգով: Իսկ եթե ցուցակները հրապարակվեն, եւ շեֆի դիրեկտիվը չկատարելու երեւույթը հրապարակայնացվի, նախ դժվար կլինի պահել կոնտրոլ թվերը, երկրորդն էլ՝ ընտրողը կլինի պաշտպանված: Այն, ինչ հրապարակային է, չի կարող դառնալ շեֆի կողմից ռազբորկա անելու առարկա: Ինչպես ասում էր հումորիստը՝ պարզ է եւ հանճարեղ: 



Ստորագրված ցուցակները չեն հրապարակվում, որպեսզի չխախտվի ոչ թե քվեարկությանը մասնակցել-չմասնակցելու իրավունքը, այլ որպեսզի շարունակի գործել քվեարկության ոչ ֆորմալ կարգը: Իսկ եթե կա քվեարկության ոչ ֆորմալ կարգ, ուրեմն կա նաեւ ձայներ հաշվելու, արձանագրություն կազմելու, արդյունքներ ամփոփելու ոչ ֆորմալ կարգ:



Հայկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ