Կարենը որեւէ կասկած չի ունեցել հարեւանի նկատմամբ. Դանիել Իոաննիսյան

Կարենը որեւէ կասկած չի ունեցել հարեւանի նկատմամբ. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ գլխավոր փորձագետ Կարեն Վարդանյանի անհետացման, իսկ այսօր՝ արդեն սպանության մասին լուրը, որն առավոտյան հայտնվել էր լրատվական կայքերում, սառը ցնցուղի էր նման։ Կարեն Վարդանյանին ճանաչողները գիտեին, որ նա դժվար թե հայտնվի ինչ-որ մութ պատմությունների մեջ կամ դիմի արկածախնդիր քայլերի։ 34-ամյա Կարենը մինչեւ ուղն ու ծուծը տարված էր քաղաքականությամբ, աչքի էր ընկնում իր հրապարակային դիրքորոշումներով, մասնակցում էր տարբեր քաղաքական եւ քաղաքացիական ակցիաների, թեեւ որեւէ քաղաքական ուժի նկատմամբ չուներ համակրանք։ Նա իր ծանոթներին թեկուզ փողոցում հանդիպելիս առիթը բաց չէր թողնում իր ծրագրերի մասին խոսելիս, որոնք հիմնականում վերաբերում էին քաղաքականությանը։ Կարենը 2005-2006թ.թ. Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցի առաջին շրջանավարտներից էր։ 2007թ., դեռեւս 25 տարեկանում, Կարենը նաեւ ԱԺ պատգամավորի թեկնածու էր առաջադրվել Երեւանում, որն էլ քաղաքականության մեջ իր առաջին քայլերից մեկն էր։



«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այնքան ցնցված էր Կարենի հետ պատահածից, որ կերկերուն ձայնով հազիվ էր պատասխանում մեր հարցերին։ Նա ասաց, որ Կարենն իրեն հայտնել էր մեկ շաբաթով Դուբայ մեկնելու իր մտադրության մասին։ Վերջին անգամ նա Կարենին տեսել է մարտի 16-ի երեկոյան։ Ըստ մեր զրուցակցի՝ Կարենը որեւէ կասկած չի ունեցել հարեւանի նկատմամբ։ Իսկ մարտի 17-ին Կարենի՝ Ֆեյսբուքյան էջում հայտնված գրառման հեղինակը, որը վերաբերում էր Դուբայ մեկնելուն, ըստ Դանիել Իոանեսյանի, ինքը չի եղել։
Կարենը, ըստ Դանիել Իոաննիսյանի, ուներ շատ ընկերներ։ Նրա մայրն անցյալ տարի էր մահացել, եւ Կարենն ապրում էր միայնակ։



Հիշեցնենք, որ 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Մարտի 30-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերին Կարենը իր բնակարանը գրանցել է իր հարևանի անունով, որ 300 հազար դրամի ԴԱՀԿ կալանքը բնակարանի վրա չտարածվի:



Hraparak.am-ին հասած տեղեկություններով՝ սպանությունն էլ կապված է այդ բնակարանի առքուվաճառքից ստացված գումարի հետ: Որպեսզի ԴԱՀԿ-ն կալանք չդնի բնակարանի վրա։ Կարենը այն նվիրել էր հարեւանին՝ պայմանով, որ վերջինս վաճառի եւ գումարը տա իրեն: Հարեւանն այդպես էլ արել է, վաճառել էր, գումարը տվել: Այնուհետեւ նրան խաբել-համոզել էին, թե «արի գնանք, քեզ ճանապարհենք Դուբայ»: Հենց այդ ճանապարհին էլ Կարենի հարեւանը՝ 22-ամյա Գևորգ Զոհրաբյանը՝ 43-ամյա տաքսիստ Արթուր Միհրանյանի հետ միասին, սպանել էին փորձագետին՝ մոտը եղած գումարը վերցնելու նպատակով: Նրանք բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել, այնուհետեւ դին թաքցրել Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Մեզ հասած նախնական տեղեկություններով՝ նրանք Կարեն Վարդանյանի մոտից վերցրել են մոտ 14 հազար ԱՄՆ դոլար: