Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով. Հասմիկ Պողոսյան

Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով. Հասմիկ Պողոսյան

Hraparak.am-ը սկսել է նոր շարք, վերլուծելու ենք հայտնի գործիչների իմիջը, թե ինչ են հագնում եւ ինչու, ինչ չպետք է հագնեն, ինչպես դիմահարդարվեն, ինչ աքսեսուարներ կրեն: Շարքի առաջին «զոհը» Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էր, այժմ մենք անդրադարձել ենք Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Դիզայներ-ոճաբան Նիակրիսին նախապես տրամադրել ենք տիկին նախարարի տարբեր տարիներին արված 20-ից ավելի լուսանկար: Եւ ահա ներկայացնում ենք արդյունքը, նեղանալ չլինի:



Մարմնի չափսերին անհամապատասխան հագուստ



Հասմիկ Պողոսյանի կերպարը ուսումնասիրելիս իմ սպասումները ավելի մեծ էին, քան մյուս կին նախարարների դեպքում: Կարծում էի` մշակույթի, արվեստի հետ այսքան սերտ կապը պետք է դրական ազդեր տիկին Հասմիկի արտաքինի և ճաշակի վրա, բայց արի ու տես, որ մշակույթի նախարար լինելը դեռ անթերի ճաշակի գրավական չէ։ Դատելով լուսանկարներից` կարող եմ ասել, որ տիկին Պողոսյանը գրեթե միշտ նույն սխալն է անում՝ հագուստի չափսը իր մարմնի չափսերին ոչ համապատասխան է ընտրում։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ նախարար տիկինը լավ չի ընկալում սեփական մարմինը և ընտրում է կամ չափսերով բավականին մեծ, կամ նեղ և չափից ավելի ընդգծող բաճկոններ։ Նման սխալ թույլատրելի է երիտասարդ աղջիկներին կամ քաշի տատանում ունեցող անձանց, իսկ տիկին Պողոսյանը արդեն պետք է հստակ իմանար հագուստի ճիշտ չափսը։



Մյուս ամենացայտուն սխալը բաճկոնների ուսերի հատվածում ամրացված բարձիկների առկայությունն է։ Այդքան արտահայտված բարձիկները հագուստի վրա ոչ մի դեպքում չեն գեղեցկացնում։ Պետք է ասել, որ այս թրենդը 80-ականների վերջից դեռ մնացել է հետսովետական երկրներում և աղավաղում է ցանկացած կանացի մարմին։ Միանշանակ այստեղ պրոֆեսիոնալ ոճաբան չի աշխատում։



Համահունչ սանրվածք եւ սխալ շրթներկ



Սանրվածքը բավականին համահունչ է թե՛ նախարարի պաշտոնին, թե՛ տիկին Պողոսյանի արտաքինին, իսկ մազերի գույնի ընտրության մեջ պարբերաբար սխալներ է թույլ տալիս՝ նարնջագույն երանգները տարիք են ավելացնում և անբնական թվում։ Այստեղ պրոֆեսիոնալ դիմահարդարում չեմ տեսնում, շրթներկը սխալ է ընտրված, բայց տիկին Պողոսյանը շատ հմուտ ընդգծում է գեղեցիկ հայկական աչքերը: Իսկ շրթներկի ընտրության մեջ խորհուրդ կտայի ընտրել ավելի նուրբ և բնական երանգներ։



Աքսեսուարները ճիշտ են ընտրված



Նախարարը ճիշտ աքսեսուարներ է օգտագործում, բայց քանի որ հագուստը սխալ է ընտրված, աքսեսուարները չեն փրկում։ Ակնհայտ է, որ նախարարը հագուստի վրա քիչ է ծախսում, բացի մի քանի շարֆերից, ուրիշ բրենդային հագուստ չեմ տեսնում, մեծամասամբ հնացած կոմպլեկտներ են։ Խորհուրդ կտայի հրաժարվել փոքր անդեմ ոսկե զարդերից և նախընտրել նույն գնային սանդղակում բիժուտերիա, դա ավելի արտահայտիչ և անհատական կդարձնի տիկին նախարարի ոճը:



Գորշ ու տխուր կոշիկներ



Տիկին նախարարի արտաքինը բազմահոգս տնային տնտեսուհու տպավորություն է թողնում, կարծում եմ՝ լավ հանգստից և լավ մաշկաբանի միջամտությունից հետո հնարավոր կլինի շատ բան շտկել։ Եվ, վերջում, ինչպես գիտեք՝ երջանիկ կնոջը մատնում են վառ, գունավոր և գեղեցիկ կոշիկները, տիկին Հասմիկի դեպքում դրանք գորշ ու տխուր տեսք ունեն։



 



Շարքը` Աննա Պապիկյանի