Ոչ մեկից սպասելիք չպիտի ունենանք, նույնիսկ ռուսից

Ոչ մեկից սպասելիք չպիտի ունենանք, նույնիսկ ռուսից

Հեռուստահաղորդավար, ռեժիսոր, Արցախյան ազատամարտի մասնակից, «Տիգրան Մեծ» ջոկատի անդամ Արտավազդ Եղոյանը, անդրադառնալով վերջին օրերի պատերազմական այս իրադարձություններին, նշեց, որ այն, ինչ վերջին 20 տարիների ընթացքում կատարվում էր, հենց պատերազմ էր. «Լռելյայն պատերազմ էր մեզ համար, հնարավոր չէ, որ մի շաբաթ հանգիստ մնայինք՝ օրական, երկու օրը մեկ, շաբաթը մեկ զինվոր էինք կորցնում։ Ես չեմ կարծում, որ մերոնք պատասխան չեն տալիս, իհարկե, տալիս են, բայց միթե դա կարող է արդարացնել իրավիճակը։ Պատերազմը մնում է պատերազմ, երկու կողմից էլ լինում են զոհեր։ Չեմ կարող ասել, թե ինչու է այսպես, բայց որ սպասում էի դրան վերջին 22 տարիների ընթացքում, անհերքելի է։ Ալիեւ կոչեցյալի հռետորաբանությունը միշտ դրան էր բերում, շան հաչոցի էր նման նրա երկար տարիների հոխորտանքը, սակայն այսքանից հետո հնարավոր չէր, որ այսպիսի բան չլիներ, ցավոք սրտի, մենք շատ կորուստ տվեցինք, մենք իրավունք չունենք հանդարտվելու, մենք ամեն վայրկյան, ամեն ակնթարթ պետք է պատրաստ լինեինք դրան։ Ես դրա մտավախությունն ունեի եւ միշտ էլ պատրաստ էի, որ ելնեմ գնամ, չնայած առողջականս վատ է, իսկ կենդանի ընկերներիս մոտ 70 տոկոսը գնացել են»։ 



Ըստ Եղոյանի, չասել պատերազմ՝ սխալ է, ասել պատերազմ՝ ավելի սխալ կլինի, հիմա երկու քարի արանքում ենք հայտնվել. «Բայց որ ես ընկեր եմ կորցնում, զավակ եմ կորցնում, իմ ազգակցին եմ կորցնում, միթե դա պատերազմ չէ՞, իհարկե, պատերազմ է, եւ արդարացնել որեւէ բան չեմ կարող»։ Իսկ այն, որ հարցը վերջնականապես չի լուծվում, նշանակում է, որ ոչ թե մի օր, այլ նման իրավիճակ էլի է լինելու եւ գուցե ավելի հզոր. «Մենք պետք է ավելի աչալուրջ լինենք, երբեք չպետք է թուլանանք, մեր իշխանավորները չպետք է զբաղվեն իրենց գրպանները լցնելով, պիտի խելք ունենան, մեր պետության այդքան գումարները որ կորում են, կարելի էր ներդնել զենք-զինամթերքի մեջ, որ այդ շուն թուրքը չհպարտանար, որ զենքն առել է մեր ռազմական «գործընկերոջից» եւ մեր դեմ է կրակում, իսկ ռուսն ասում էր՝ չի կրակի, կրակե՞ց, իհարկե, պիտի կրակեր, հնարավոր չէր, որ չկրակեր»։



Ինչ վերաբերում է Մինսկի համանախագահներին, միջազգային հանրության դատապարտող կոչերին, ապա Արտավազդ Եղոյանը ժողովրդական հայտնի ասացվածքն է հիշեցնում. եղունգ ունես՝ գլուխդ քորի. «Բարեկամաբար որ թիկունքիդ թփթփացնում են, դա Օբամայի ժեստն է, չէ՞, դա սուտ է ու ամենամեծ արհամարհանքը, դրա համար պետք է իմանանք, որ ոչ մեկից սպասելիք չպիտի ունենանք, նույնիսկ ռուսից, որ երկուսիս զինեց ու իրար դեմ հանեց։ Ես դեմ չեմ ոչ մի պետության, նույնիսկ Թուրքիային էլ այսօր դեմ չեմ, թող ընդունեն ցեղասպանությունը, բարեկամանանք, գնանք-գանք, բայց, ինչպես պապս էր ասում՝ շան հետ ընկերություն արա, բայց երբեք փետը ձեռիցդ մի գցի։ Կան ազգեր, որ երբեք մեզ եղբայր չեն կարող լինել»։



Եղոյանի գնահատմամբ, մեր բանակը, միանշանակ, մարտունակ է նախեւառաջ զինվորի ազատամիտ ոգով, առյուծի բնավորությամբ։ «Իսկ նրանք, ովքեր զենքի փողերը լափում են, հույսները դրել են այս ջահելների վրա, որ սրանք իրենց կյանքի գնով ճանապարհ կհարթեն իրանց համար»,-ասում է նա ու հավելում, որ ահավոր ցավով է մտածում մեր զոհերի եւ անհետ կորածների մասին։ Անդրադառնալով մեր հերոսների սխրանքներին, նա նշեց, որ այդպիսի բան չի լինում, երբ նռնականետով ուղղաթիռ խոցեն, դա նման է, որ դանակով ինքնաթիռի դեմ դուրս գաս. «Ես նայում եմ այդ փոքր, համեստ տղային ու մտածում՝ հերոս է, եւ յուրաքանչյուրն են հերոս։ Ես հպարտ եմ մեր ջահելներով ու բոլորի ցավը տանեմ, հանգիստ կարող եմ մեռնել, որովհետեւ գիտեմ՝ իմ հայրենիքը երբեք ջահելները չեն տա թուրքին։ Ցավում եմ այն ծնողների համար, ովքեր նստած մղկտում են իրենց զոհված կամ կորցրած զավակի համար։ Եթե հնարավորություն ունենայի, բոլորի տները կգնայի ու ոտքները կընկնեի, որ այդպիսի զավակ են տվել»։



Անդրադառնալով այն լուրերին, որ թշնամու կողմից կռվում են նաեւ ԻԳԻԼ-ից վարձկաններ, Եղոյանը նշեց, որ վստահ է՝ այդ գլուխներ կտրելն ԻԳԻԼ-ի ձեռագիրն է. «Բայց նրանք թալանում են այն գյուղերը, որ եկել են պաշտպանելու, այսինքն՝ իրար դեմ են դուրս եկել ու իրար են կոտորում, եթե զինվորը նույն ազգից չի լինում, իր հայրենիքը պաշտպանելու ուժը, ոգին իր մեջ չի զգում, ուրիշի հայրենիքը երբեք չի գնա այդպես եռանդով պաշտպանելու։ Առեղծվածային ասեմ, թե ինչ, բայց ոչ մի ազգ պատերազմի երգ ու պարով չի գնում, հիշեք Հայրենական պատերազմի ժամանակ Ռեյխստագի պատերի տակի քոչարին, ես ապշում եմ իմ հայրենակիցների ազնվության, հավատի վրա, որովհետեւ հաղթանակի հավատով են գնում։ Բա ինչպե՞ս է լինում, որ 10 անգամ թշնամուց քիչ լինելով՝ հաղթող է դուրս գալիս, ազգային զարթոնք է այսօր։ Այն, որ ազատամարտիկներն աղքատ ու սոված գնում էին նստում Ազատության հրապարկում եւ բողոքում ու ընդվզում էին իշխանավորների արած սխալների դեմ, ներքին մտավախությունը միշտ միջովս անցնում էր, բա որ վաղը մի բան լինի... հիմա մեր ընկերներին, եղբայրներին, որ զատել-գցել են բերդերը, եթե նստած չլինեին, նրանք էլ էին առաջին գծում լինելու։ Սա է ազգային միասնականությունը»։ Եղոյանը նշում է. եթե իմանա, որ այդ 500 քմ տարածքն օգնելու է բոլոր հարցերը լուծելուն, թող զիջեն, բայց այդպես չի լինելու, ավելի շատ տարածք են ուզելու, ինչին դեմ է, բայց մյուս կողմից էլ, եթե դա լինելու է զոհերի գնով, ապա թող զիջեն։



Սոնա
ԱԴԱՄՅԱՆ