Մեր դաշնակիցը մեր սեփական բանակն է, մնացածն՝ ըստ իրենց շահերի

Մեր դաշնակիցը մեր սեփական բանակն է, մնացածն՝ ըստ իրենց շահերի

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, անդրադառնալով վերջին 8 օրերին ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ընթացող պատերազմական գործողություններին, մեզ հետ զրույցում նշեց, որ, մի կողմ թողնելով հայրենասիրական բոլոր խոսքերը, պետք է փաստել, որ Ադրբեջանի այդքան զենքի կուտակումը մի օր բերելու էր դրան, դա անխուսափելի էր եւ շատերի համար էլ պարզ. «Չի կարելի անվերջ կուտակել, հակահայկական հռետորաբանությունը, թշնամանքը բարձրացնել վտանգավոր մի եզրի, որից հետո արդեն տաք են, պատրաստ են... դրան գումարած գեոպոլիտիկ ֆակտորը։ Ես շատ էի վախենում այդ ԻԳԻԼ-ից, որովհետեւ ընդամենը 300-350 կմ է Սիրիայից այստեղ, կարող էին լցվել այստեղ, ու ավելի վատ բաների ականատես լինեինք, չնայած այդ վտանգը դեռ չի անցել։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի հրահրումը կար սրա մեջ։ Շատ ցավալի է, որ իրականում ոչինչ չփոխվեց տարածքային առումով, զոհվեցին մարդիկ եւ զոհվեցին քաղաքական խաղերի համար, եւ որեւէ մեկը դիվիդենտներ չքաղեց»։



Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելություններից, հրադադարի կոչերից, այս հարցում նրանց ունեցած դերակատարումից, Բաղդասարյանի գնահատմամբ՝ սա միջազգային թատրոն է, որ բոլորը պետք է խաղան. «Իրենց նշանակել են միջնորդ, պիտի գան՝ իրենց միջնորդի դերը խաղան, սա խայտառակություն է։ Խնդիրն այս պահին լուծում չունի, սա Երուսաղեմի խնդիրն է, եւ հրեական ու արաբական բանավեճը երբեւիցե լուծում չի ստանա, բացառվում է, մեկը պետք է զիջի։ Այս պահին ես միայն ուզում եմ, որ չզոհվեն այդ երիտասարդները, որովհետեւ սիրտս կանգնում է, չեմ կարողանում նայել նրանց նկարները, առաջինն ինձ դա է հետաքրքրում։ Ցավոք սրտի, նավթի գինն ընկնելուց այսպես էլ պիտի լիներ, չնայած այն, որ նավթի գինը բարձր է, դա էլ մի ուրիշ պատուհաս է, ցավոք, երկու դեպքում էլ այդ նավթը թանկ է մեր ազգից»։



Ինչ վերաբերում է դաշնակից երկրներին, ապա. «Ճիշտն ասած, ես չեմ ուզում Ղրղզստանի եւ Ղազախստանի հետ դաշնակից լինեմ, մենակ այդ մտքից զզվելս գալիս է, ու սարսափում եմ։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը պարտադրել է, որ եթե «հարսը» ես եմ, սա էլ կողքի «հարսնաքրերն» են, բայց ինչների՞ս է պետք Ղրղզստան ու Ղազախստան, որոնց մոտ մարդահավաք էին պատրաստ անել, որ գնային ադրբեջանցիների օգտին կռվելու։ Դա ի՞նչ դաշնակից։ Ռուսաստանը որոշ հարցերում դիվանագիտական դաշնակից կարող է լինել, եթե խանգարենք՝ դա էլ չի լինի մեզ համար։ Մեր դաշնակիցը մեր սեփական բանակն է, մնացածը՝ ըստ իրենց շահերի։ Եթե Սիրիայի պատերազմը չլիներ, ու Ռուսաստանի հարաբերությունները վատ չլինեին Թուրքիայի հետ, այդ տեսանկյունից պատկերացրեք ղարաբաղյան հակամարտությունը, վախենալու է, չէ՞... դաշնակիցը նա է, որ պիտի գա կռվի հետդ։ Որ օրը ղազախը եկավ մեր համար կռվելու, ես շահիդի գոտի կհագնեմ ու կգնամ ինձ կպայթեցնեմ Բաքվում, դա բացառված բան է, ու դրա պատճառն այդ Եվրազեսն էր, որ պարտադրվեց մեզ։ Ու կարծում եմ՝ նախագահի տեղը Մայք Թայսոնն էլ լիներ, չոքացնելու էին՝ ստորագրել տային։ Այդ պահին ընտրություն չունեինք»։



Բաղդասարյանը նախագահի ելույթը Բեռլինում լսելուց հետո շատ է զարմացել, որովհետեւ այս տարիների ընթացքում մեզ միշտ ասվել է, որ մենք ունենք ժամանակակից զինտեխնիկա, բայց հանկարծ իմանում ենք, որ 80-ականների «լացակումած» զենքով ենք կռվում, որով, հիշում է, դեռ ինքն է ծառայել բանակում. «Դա շատ տխուր է, որովհետեւ դրան մի կոպեկ անգամ չարժե տալ, եթե տան, կարելի է վերցնել, բայց դրա համար վճարել՝ զարմանալի է...։ Ես հակաօդային ուժերում եմ ծառայել, ռուսական այդ հրթիռներից 10-ից 8-ն ընկնում էին ավազների մեջ, չէին թռնում։ Եթե դրանով ենք կռվում, շատ վատ են մեր գործերը, որովհետեւ նույնն է, որ լոմով կռվես, ոչ մի տարբերություն։ Չնայած ես իր հետ համաձայն եմ մի բանում, որ տեխնիկան չի հաղթում պատերազմներում։ Բայց ես կարծում եմ, որ մեր ժողովուրդն իրավունք ունի աուդիտի՝ հասկանալու համար, թե ինչ ենք առնում, ուր են գնում մեր փողերը, ինչի վրա ենք ծախսում, սա ոչ մեկի «դուքյանը» չէ։ Ինձ անձամբ հետաքրքիր է՝ ո՞ր զինատեսակից ինչ ունենք, այնպես չլինի, որ Խորվաթիայի ու Ուկրաինայի պատմությունը դառնա, որ 21 հատ մետալալոմ են վաճառել ինքնաթիռի տեղ»։



Ինչ վերաբերում է այդ զիջած 200 մ տարածքին, ապա. «Մարդկային կյանքը 150-200 մ չէ, ես ռազմական մասնագետ չեմ, բայց չեմ կարծում, որ դա ֆունդամենտալ նշանակություն ունի, ուրիշ խնդիր է, եթե բետոնապատ թանկարժեք այդ պաշտպանության գիծն ենք զիջել, որի վրա բավականին գումար է ծախսված, դա տխուր է, բայց մարդկային կյանքն իմ համար ավելին է»։ Կինոռեժիսորն հավելեց, որ, նայելով զարգացող իրադարձություններին, կարծում է, որ այս հարցը շատ տխուր լուծում ունի։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ