Պետք է պատրաստ լինենք ռազմական գործողությունների վերսկսմանը

Պետք է պատրաստ լինենք ռազմական գործողությունների վերսկսմանը

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում զինադադարը թեեւ պահպանվում է, բայց իրավիճակը շատ փխրուն է, գործընթացները՝ անհանգստացնող։ ԼՂ ՊՆ-ն երեկ տեղեկացրեց, որ, «ՊԲ հետախուզության տվյալներով, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում արձանագրվել է զորքերի տեղաշարժ»: Ասվեց, որ «առաջնային գծում տեղաբաշխված հայկական ստորաբաժանումներն ուշադիր հետեւում են ռազմաճակատային զարգացումներին եւ վստահորեն իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրները»: Չորս օր առաջ էլ պաշտպանության նախարարությունը հրահանգել է արցախյան ազատամարտի հրամանատարներին հավաքել խմբեր եւ մեկնել ռազմաճակատ։ «Ազատամարտիկների դաշինքը», որտեղ հավաքվել են չորս տասնյակից ավելի հրամանատարներ, նույնպես կամավորներին հավաքագրել ու արդեն Արցախում է, մի մասն արդեն տեղաբաշխվել է Արցախի դիրքերում եւ զինծառայողների հետ միասին պաշտպանություն է իրականացնում, մյուս խմբերն էլ առաջիկայում կմեկնեն ճակատ։



«Ապարան» ջոկատի հրամանատար, ՀԱԿ ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ իրենց խումբն էլ այսօր կտեղակայվի դիրքերում. «Մենք առաջնորդվում ենք պաշտպանության նախարարության հրահանգով։ Մենք բանակ ունենք, ամեն ինչ ունենք, մենք էլ զինվորական ենք ու առաջին օրը հայտարարել ենք, որ պատրաստ ենք մեկնել հայրենիքի պաշտպանությանը, եթե դա թույլ կտան։ Հիմա կա հրահանգը, մենք էլ եկել ենք»։ Թե որքան կմնան սահմաններում, հայտնի չէ, կհետեւեն հրամանատարության հրահանգին։ Հրամանատարների թվում են Գագիկ Մելքոնյանը, Սմբատ Հակոբյանը, Մանվել Եղիազարյանը եւ այլք։



- Չնայած հրադադարի պայմանավորվածությանը, ՊԲ-ն հաղորդում է, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժ է գրանցել, սա նշանակո՞ւմ է, որ պետք է պատրաստ լինել ռազմական նոր գործողությունների, ու դրանով պայմանավորվա՞ծ է, որ ՊՆ-ն հրամանատարների աջակցությունն է խնդրել։



- Մենք ինչքան ուժեղ լինենք, ինչքան պատրաստ լինենք պատերազմի, այնքան խաղաղություն ունենալու ենք։ Ոչ մի տեսակի զինադադար երբեք չպետք է վստահություն, հանգստություն տա, ու մենք բավարարվենք այդ դադարով։ Հակառակը՝ մենք պետք է պատրաստ լինենք, հակառակորդի փոքրիկ սխալների կամ ոտնձգության դեպքում այնպիսի հարված հասցնել, որ դրանից հետո այլեւս նման փորձեր չանի։ Մենք դրա հնարավորությունն ունենք, որովհետեւ այսպիսի համախմբում՝ թե քաղաքական, թե ազգովի «դեմքով դեպի զինվորը», պետք է նպատակաուղղվի վերջնական հաղթանակին։ Մենք չպիտի բավարարվենք նման զինադադարներով։ Վերջնական լուծման համար մենք էսօր լավագույն վիճակում ենք, որովհետեւ այսպիսի միասնականություն ես դեռ չեմ տեսել։



- Սակայն քառօրյա պատերազմից հետո մենք դիրքային կորուստներ ունենք, ակնհայտ դարձավ, որ մեր բանակի սպառազինությունը որակապես զիջում է Ադրբեջանի բանակին, չե՞ք կարծում, որ սպառազինության նորացման հրամայական կա, եթե լուծման ճանապարհը զենքով է լինելու։



- Մենք սպառազինությամբ երբեք էլ Ադրբեջանից լավ վիճակում չենք եղել, բայց դա չի խանգարել մեզ հաղթելու համար։ Այլ խնդիր է, որ՝ այո, իրենք նավթադոլարներով ձեռք բերած սպառազինություն ունեն, որով միշտ էլ շատ ավելի գերազանցել են մեր բանակին, բայց, որպես նախկին սպա, հայոց բանակի գնդապետ, գիտեմ, որ եւ մեր ժամանակի պատերազմում, եւ ներկայիս միշտ էլ իրենք այդ առումով առավելություն են ունեցել։ Իսկ մենք ավելի շատ հոգով ենք պատրաստ։ Իհարկե, շատ ցանկալի կլիներ այդ զինվածության բալանսը լիներ, այդ դեպքում մենք ընդհանրապես խնդիրներ չէինք ունենա, ու ես վստահ եմ, որ մեր՝ ազատամարտիկների մասնակցության անհրաժեշտությունն էլ չի առաջանա։ Մենք՝ ազատամարտիկներս, կոչված ենք, որպեսզի այդ բացը լրացնենք, մեր սպառազինության պակասը պետք է լրացնենք մեր փորձով։



- Այսինքն՝ Դուք կարծում եք, որ 80-ականների զենքով կարելի՞ է հիմա հաղթանակի մասին մտածել։



- Դե, հիմա 80-ականների, թե 70-ականների կլինի, մենք ինչ ունենք։ Հիմա ոչ թե պիտի որակում տանք մեր ունեցածին, այլ ունեցած փոքր հնարավորությունները մաքսիմում տեղին ու օպտիմալ օգտագործելով՝ հասնենք հաղթանակի, մենք ուրիշ ճանապարհ չունենք, ինչ ունենք, մենք դա պիտի հիմք ընդունենք ու մեր գործողություններն իրականացնենք։



- Այսինքն՝ սպառազինության խնդիրը հրատապ չէ՞, եւ պետք չէ՞ ասել, թե, օրինակ, ինչ զենքեր են մեզ հարկավոր, ինչով պիտի հիմա զինենք մեր բանակը։



- Դրանք հետագայում կարող են վերանայվել, ովքեր թերացել են այդ հարցում, թող շտկեն, դրա ժամանակը չէ հիմա, ներկայումս մենք, որպես զինվորականներ, պիտի մեր ունեցածով առաջ գնանք ու եթե կարողանանք այս զինադադարի կարճ ժամանակահատվածն օգտագործենք, այո, համալրելու, լավ կլինի։ Եթե չկարողանանք, պետք է եղածով պաշտպանենք։



- Ասացիք՝ կարճ ժամանակահատված, նշանակում է ռազմական գործողությունների վերսկսումը ռեա՞լ է մոտ ժամանակում։



- Ես պատրաստ եմ դրան ու կոչ եմ անում, որ բոլորս պատրաստ լինենք դրան։ Ես հիմա հայկական բանակի համազգեստ եմ կրում, այսինքն՝ զինվորական եմ, իսկ զինվորականը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի։



- Բանակում ի՞նչ տրամադրություններ կան բանակցային գործընթացների վերաբերյալ։



- Եթե մենք առաջնագծում մեր բանակի կողքին կանգնելով, բանակի առջեւ դրված խնդիրները կարողանանք լուծել, քաղաքական հարթությունում խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն։ Եթե մենք վախեցածի կամ պարտվողական կեցվածք ընդունենք, մեր ուժերի վրա վստահ չլինենք, բանակցությունների հարթությունում ինքնավստահություն չենք ունենա։ Բայց այսօր, փառք աստծո, մեր հայ զինվորի ու հայոց բանակի արժեքը վստահություն է տալիս պետական այրերին, որ հպարտությամբ կարողանան բանակցել։ Մանավանդ, որ քաղաքական ընդդիմությունն էլ համախմբված է իշխանության հետ ու հայտարարել է, որ ազգովի պայքարելու ենք մեր ազգի առջեւ ծառացած այս վտանգի դեմ, որպեսզի հաղթանակենք։ Ես երախտագիտությունս եմ հայտնում նաեւ ձեզ՝ լրագրողներիդ, որովհետեւ զինվորի սխրանքները ներկայացնելն էլ աջակցություն է այս գործին, ամեն մեկս մեր տեղում պետք է մեր ավանդն ունենանք։



- Սահմաններն ուժեղացնելու ու մարտական պատրաստականությունը մեծացնելու այս գործընթացից տպավորություն է ստեղծվում, որ բանակցությունները հայկական կողմի համար ոչ այնքան ընդունելի ճանապարհով են ընթանում։



- Ոչ, այդպես չէ, պարզապես մեր այս կեցվածքը կօգնի, որ քաղաքական այրերն ավելի հպարտ վարեն բանակցությունները։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ