Եկեղեցին էլ իր կուտակած փողերով պիտի զենք գնի

Եկեղեցին էլ իր կուտակած փողերով պիտի զենք գնի

Հարցազրույց գեղանկարիչ Սամվել Սեւադայի հետ



- Պարոն Սեւադա, Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններն անվանեցին քառօրյա պատերազմ, որից հետո հաստատվեց հրադադար: Բայց, ինչպես տեսնում ենք, պատերազմը չի ավարտվել, եւ վերջն էլ չի երեւում։



- Նախ կասեի՝ ոչ թե քառօրյա, այլ չորսդարյա պատերազմ։ Այս պատերազմն անվերջ է՝ մեր ու թուրքերի միջեւ։ Պատերազմն սկսվել է շատ վաղուց եւ հիմա էլ շարունակվում է։ Վերջին 2 տարվա ընթացքում 2 անգամ Ստամբուլ գնացի: Ի թիվս այլ հանդիպումների, հանդիպեցի նաեւ Հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների առաջնորդներ, արքեպիսկոպոսներ Արամ Աթեշյանի եւ Լեւոն Զեքիյանի հետ, երկար զրույցներ ունեցա աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի հետ, որը լսել անգամ չէր ուզում Հայոց ցեղասպանության մասին, խոսեցի բազմաթիվ արվեստագետների եւ արհեստավորների հետ: Մարդիկ, որոնք հարյուրավոր տարիներ ապրել ու աշխատել են այնտեղ, որոնք ամեն ինչից քաջատեղյակ են: Ու հասկացա, որ այդ լարվածությունը միշտ եղել է ու կա, նրանք ուղղակի վախեցած են, որովհետեւ այդ ամենի մեջ են ապրում: Թուրքն ահավոր խորամանկ, դավադիր, արյունարբու ազգ է։ Եթե մինչեւ հիմա երեսին գառան դիմակ էր հագել, հիմա հանել է դիմակն ու աջուձախ ժանիքներն է ցույց տալիս:



- Հրադադար կնքվեց, Դուք հավատո՞ւմ եք այդ հրադադարին։



- Իհարկե ոչ: Այդ հրադադար կոչվածը կնքվել է սրանից դեռ 22 տարի առաջ եւ ոչ մի օր, որպես այդպիսին, չի եղել։ Միշտ էլ կրակել են, միշտ էլ արյուն է թափվել։ Հրադադարն այն է, որ Բեռլինի պատի նման մի բան պիտի կառուցվեր, ու այս հարցը փակվեր։ Այն, ինչ տեսա Թուրքիայում, ինձ շատ վախեցրեց: Ես հիշում եմ՝ երեխա ժամանակ գնում էինք Արփաչայ լողանալու եւ շատ մոտիկից տեսնում էինք թուրքական անլույս գյուղերը, առանց էլեկտրականության հյուղակներն ու գջլոտ գյուղացիներին: Այսօր Թուրքիան սարսափելի հզոր պետություն է դարձել։ Վերջին 50 տարիների ընթացքում նրան շատ առաջ գցեցին, եւ դա արեցին հզոր պետությունները՝ հատկապես ԱՄՆ-ն։ Բոլոր տարածաշրջաններում նրանք իրենց ձեռքի տակ պահում են մի հեգեմոն պետություն, որն իրենց է ենթարկվում ու ենթարկեցնում շրջակա պետություններին։ Առաջ դա Պարսկաստանն էր, հիմա Թուրքիան է, որին այնքան թեւ տվեցին, որ այսօր արդեն ինքն է պահանջներ դնում թե եվրոպական պետությունների եւ թե ԱՄՆ-ի առաջ:



- Եվ հիմա կանգնած է Ադրբեջանի թիկունքին։



- Այո, ու գոնե ինձ համար տարբերություն չկա՝ Ադրբեջան, թե Թուրքիա, նույն արյունարբու գազաններն են: Չհաշված, որ ամբողջ մուսուլմանական աշխարհն է իրենց թեւ ու թիկունք։ Այսօր նաեւ հավատքի կռիվ է, եւ մենք մասնակի դեպք ենք այդ ամենի մեջ, որն արդեն 100 տարուց ի վեր իրենց կոկորդին է մնացել։ Հիմա նրանք նոր ռազմավարական դաշնակիցներ են ձեռք բերել, ինչպիսիք են Կիրգիզիան ու Մոնղոլիան: Այդ 4 պետությունները համատեղ բանակ են ստեղծում, մի իսկական թաթար-մոնղոլական հորդա, որը վտանգ է հանդիսանում նախկին խորհրդային երկրների եւ հատկապես մեր տարածաշրջանի համար:



- Իսկ մեր ռազմավարական դաշնակիցն այս ընթացքում զենք է վաճառում Ադրբեջանին...



- Նա անում է այն, ինչ միշտ արել է:



- Բայց հանկարծ հիմա բոլորն սկսեցին դա գիտակցել ու զարմանալ։



- Ինչի՞ վրա զարմանալ, քաղաքականության մեջ չկան նման բաներ։ Այնտեղ միայն սառը հաշվարկն ու շահերն են գործում: Մենք պետք է մեր մասին մտածենք։ Միշտ էլ ռուսը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում դավաճանել է մեզ։ Երբ գնացի Ղարսը տեսա, ուղղակի լացս գալիս էր: Քաղաքի հայտնի ամրոցը ռուսների դրդմամբ անվնաս հանձնել էին թուրքերին, երբ կարող էին կռիվ տալ ու չհանձնել։ Հիմա այսօր մենք ծանր վիճակի մեջ ենք, եւ ոչ աղոթքները մեզ կփրկեն, ոչ էլ միջազգային կեղծավոր հանրությունը: Մեր միակ փրկությունը հայկական սփյուռքի հետ անհապաղ միասնականության եւ զինվելու մեջ է: Պետք է ռեալ նայել ամեն ինչին, ոչ թե աչքներս փակենք ու կեղծ հայրենասիրական պաթետիկ ճառերով առաջնորդվենք եւ 18-ամյա անմեղ երեխեքին զոհ տանք։



- 20 տարի շարունակ մեզ հավատացնում էին, որ մեր բանակն ունի ժամանակակից ռազմատեխնիկա, բայց հանկարծ նախագահն ասում է, որ կռվում ենք 80-ականների զենքերով։ Ստացվում է, որ 20 տարուց ավելի ժողովրդին մոլորության մեջ էին պահում, եւ հայտնի չէ, թե ուր էին գնում այդ գումարները։



- Անկեղծ ասած՝ ես շատ զարմացա այդ արտահայտությունից, նույնիսկ չհավատացի, մտածեցի՝ գուցե չափազանցնում է, որ մեզ օգնեն, բայց հետո անդրադարձա փաստերին ու տեսա, որ Ռուսաստանը մեզ 200 մլն.-ի զենք պիտի տար ու մինչեւ հիմա դա էլ չի տվել, այն դեպքում, երբ 4 մլրդ.-ի զենք տվել է Ադրբեջանին։ Մենք անուղղելի դյուրահավատ, սենտիմենտալ ժողովուրդ ենք, բավական է մեկը մեր գլուխը շոյի, կասենք՝ ես քո ցավը տանեմ, կվազենք դրա դուռը: Բայց քաղաքականության ամեն ինչ սառը հաշվարկ է։ Իրենց օգուտ կա` կանեն, օգուտ չէ՝ չեն անի։ Նրանց համար հավատքը կարեւոր չէ, ինչը չես ասի մուսուլմանների համար, տեսեք՝ թուրանական ճակատը գնալով հզորանում է: Նազարբաեւ կոչված վարկաբեկված կաշառակերն իրենից ինչ է ներկայացնում, որ կարող է իրեն թույլ տալ Ռուսաստանին ասել, որ չի գալիս Հայաստան, ու ձախողի այդ կարեւոր հանդիպումը։ Մենք վիրավորվում ենք, բայց մեր ձեռը ճար չկա, մեզ պետք է միայն շատ ուժեղ զինվել, որպեսզի կարողանանք դիմագրավել։
Ես ուզում եմ մի բան պատմել, որի մասին իմացա ԱՄՆ-ում ապրելուս տարիներին։ Աշխարհում գոյություն ունի, այսպես կոչված, Հրեական ֆեդերացիա, գերհզոր մի կազմակերպություն, որ ուղիղ գծով ենթարկվում է Իսրայելի կառավարությանը: Այդ ֆեդերացիան աշխարհի բոլոր ծայրերում ունի իր մասնաճյուղերը, եթե մի որեւէ հրեա գալիս է ինչ-որ մի երկիր ապրելու, առաջին հերթին պետք է ներկայանա այդ երկրի Հրեական ֆեդերացիայի մասնաճյուղ։ Այդ մարդուն տվյալ երկրում ոտքի կանգնելու համար տալիս են իր ուզած անհրաժեշտ գումարն ու ասում, որ 2 տարի հետո կսկսես հետ վերադարձնել գումարը՝ տոկոսներով հանդերձ, որն ամբողջովին գնում է Իսրայելի ֆոնդ՝ Իսրայելի հզորացման համար, եւ վայ այն հրեային, ով չենթարկվի։ Դա յուրատեսակ մաֆիոզ կազմակերպություն է, որը ենթարկվում է պետությանը եւ ծառայում երկրի շահերին։ Մի առիթով, երբ հանդիպեցի մեր ղեկավարությանը, մանրամասն պատմեցի դրա մասին, նրանք գլուխներն անտարբեր տմբտմբացրին, իբր հասկանում ենք ու գիտենք: Հիմա ինչո՞ւ սա պատմեցի, որովհետեւ հայությունն ամբողջ աշխարհում տարածված է, եւ բոլորն էլ իրենց հոգու խորքում պատրաստ են հայրենիքի համար ամեն ինչի, բայց․․․ կազմակերպող է պետք: 20 տարի ապրելով ամերիկյան սփյուռքում, մի բան հասկացա, որ դրսի հայությունը սրտանց ու ամեն կերպ պատրաստ է միանալ հայրենիքի վիճակի բարելավման բոլոր գործընթացներին, բայց, ցավոք, նրանց հիշում են միայն դրամահավաքների ժամանակ:



- Աշխարհասփյուռ հայությունն էլ ամեն տարի գումարներ է ուղարկում Հայաստան, որոնք իբրեւ թե ուղղվում են սահմանամերձ գյուղերի խնդիրներին, բայց ինքներդ էլ 2 տարի առաջ եղել եք Մարտակերտի սահմանամերձ Թալիշ գյուղում եւ տեսել, թե ինչ անմխիթար պայմաններում են ապրում այստեղ 94թ.-ից ի վեր։ Այսինքն՝ ունենք ռեսուրսները, մնում է պարզել, թե ովքեր են մեր թշնամիները, որ փոշիացնում են այդ գումարները։



- Սահմանամերձ գյուղերում պետք է առաջին հերթին կառուցվեն որակյալ ճանապարհներ, ուժեղացվեն պահակակետերը, տեղադրվեն տեսանկարահանող սարքեր եւ ոչ թե զանգուլակների կամ պահածոյի տուփերի հույսին մնան։ Երեւանի ամեն խաչմերուկում տեսանկարահանող սարքերը շարելու փոխարեն, որի համար միայն ես ամեն ամիս 35-40 հազար դրամ եմ վճարում, եւ ոչ ոք չգիտի, թե ում գրպանն են գնում այդ միլիարդավոր գումարները, կարելի էր գոնե զենք առնել, սահմանն ուժեղացնել։ Բերեցի Հրեական ֆեդերացիայի օրինակը, որ միասնաբար աշխատում են իրենց հայրենիքը հզորացնելու ուղղությամբ։ Մեր մոտ խառը, անհասկանալի վիճակ է, տարին մի անգամ դրամահավաք են անում, ու արդեն չուզենալով են մարդիկ այդ գումարները տալիս։ Որովհետեւ կասկածներն ու կոռուպցիան, որը տիրում է երկրում, գալիս են հակառակն ասելու: Երկրի ղեկավարներն անհուսորեն հեռացել են ազգաբնակչությունից, նրանց շահերը բոլորովին այլ են: Նրանք ապրում են բոլորովին այլ կյանքով, եւ չեմ կարծում, որ այլեւս կկարողանան հասկանալ սովորական քաղաքացուն: Հիմա ճիշտ ժամանակն է, որ նրանք հաշվետու լինեն ժողովրդի առաջ եւ պատասխան տան: Հետո՝ այսքան եկեղեցի են սարքում, միայն Աբովյանի եկեղեցին 70 մլն․ դոլար է արժեցել, ի՞նչ կարիք կա այդքան կառուցել։ Այս երկրում համարյա հավատացյալ մարդ չի մնացել, որովհետեւ եկեղեցին էլ իր նպատակներին չի ծառայում: Մեր եկեղեցին էլ երկրի ղեկավարության նման կտրվել է իր հոտից: Նա էլ պիտի մասնակցի այս պայքարին եւ ոչ միայն աղոթքով: Դարերի ընթացքում մենք տեսել ենք, որ Աստված չի լսում մեր աղոթքներն ու լացը: Եկեղեցին էլ իր կողմից պիտի զենք վերցնի ու զենք գնի իր կուտակած փողերով:



- Պարոն Սեւադա, օրերս առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպեցին եւ քննարկեցին վերջին իրադարձությունները։



- Միակ բանը, որ ինձ դուր եկավ, դա այն է, որ այսքան տարիների լռությունը խախտվեց, ու դա արեց առաջին նախագահը, ինչը շատ բարձր եմ գնահատում։ Առաջին նախագահը շատ խելացի մարդ է, լավ տեսնում է քաղաքական դաշտը, հասկանում է, թե ինչ է կատարվում, եւ ինձ թվում է՝ ինչքան շատ նրա նման մարդիկ ներկայիս նախագահի հետ հանդիպեն ու զրուցեն, այնքան ավելի լավ կլինի։ Երեկ կարդացի Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը: Արտակարգ կարեւոր ու հավասարակշռված խոսք: Ափսոս, որ առաջին նախագահը կարծես ափսոսում է հաճախ ու տեղին դիտարկումներ անի:



- Այս օրերին Հայաստան եկան տարբեր քաղաքական դեմքեր՝ Մեդվեդեւից մինչեւ Մինսկի համանախագահներ, որքանո՞վ է նրանց ազդեցությունը գործուն ղարաբաղյան կարգավորման գործում։



- Այդ քառօրյա պատերազմ կոչվածը խոշոր մասշտաբի ստուգողական քայլ էր թուրքերի կողմից եւ ռուսների լուռ համաձայնությամբ։ Նրանք ուզեցին փորձարկել իրենց նոր զինտեխնիկայի ուժը եւ հասկանալ, թե հակառակորդն ինչ ունի։ Բայց եթե հայկական կողմը հայտարարում է, որ մենք մեր խիզախության շնորհիվ հետ շպրտեցինք թշնամուն եւ ընդամենը 200 մ ենք թողել, որ իրենք առաջ գան, չնայած դա էլ քիչ չէ։ Ու քանի դեռ հայտարարում ես, որ 80-ականների զենքով ես կռվում, դա նշանակում է, որ նրանք կյանքում ձեռք չեն քաշի մեզնից։ Կսպասեն հաջորդ պատեհ առիթին: Ուրեմն էս խեղճ ժողովուրդը պիտի միշտ լարված ու վախն աչքերում սպասի, թե մեկ էլ երբ կցանկանան փորձարկել իրենց նոր գնած զենքը հարեւան կենդանիները, որոնք իրենց թույլ են տալիս թուրքավայել պղծել գերի ընկածների դիակները: Մեզ շտապ պետք է զինվել, միայն խիզախությունը շատ քիչ է, մեր խիզախությունը Վարդանանց պատերազմի նման է, երբ ասում են՝ պարտվեցինք, բայց բարոյական հաղթանակ տարանք։ Հիմա մենք բարոյական հաղթանակ չենք ուզում, ուզում ենք, որ մեր երեխաները հանգիստ ապրեն եւ ոչ թե անծնող մեծանան։



- Եվ դա որդեկորույս մայրերին բոլորովին չի սփոփում։



- Բոլորովին: Եվ այստեղ մայրերի խնդիրը չէ, ուղղակի մեր ազգը ոնց փոքր եղել է, գնալով էլ ավելի է փոքրանում։ Մեզ պետք է հզորանալ, շատանալ, ուժեղանալ։ Մենք միասնական դառնում ենք բռնկումներով։ Շտապ կարգով պիտի միջոցառումներ ձեռք առնվեն կոռուպցիայի դեմ: Պիտի փոշիացված ու սեփականացրած գումարները վերադարձվեն պետական գանձարան եւ ծառայեն իրենց նպատակին: Մեր երկրի ղեկավարները պիտի սթափվեն, սրբագրեն աշխատաոճը կամ հրաժարական տան: Դա էլ ֆանտաստիկայի ժանրից է: Մտավորական կոչված անդեմ դասակարգն էլ պիտի գոնե նման պահերին կարողանա ոտքի կանգնել ու դուրս գալ ծխոտ սրճարաններից, ճակատ կազմել ներքին եւ արտաքին թշնամու դեմ:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ