Հովհաննես Մանուկյանը՝ Միհրան Պողոսյանի հրաժարականի և իր զգացողությունների մասին

Հովհաննես Մանուկյանը՝ Միհրան Պողոսյանի հրաժարականի և իր զգացողությունների մասին

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նրա օրոք արդարադատության մի քանի նախարարներ են փոխվել, իսկ նա շարունակում էր մնալ իր պաշտոնին։ Վերջին հրաժարական տվողը Հովհաննես Մանուկյանն էր, ում փոխարինեց Արփինե Հովհաննիսյանը։



Hraparak.am-ը զանգահարեց Մանուկյանին՝ պարզելու, թե ինչպես է վերաբերվում իր նախկին ենթակայի հրաժարականին և ի՞նչ զգացողություն ունի այս առնչությամբ։



«Ճիշտն ասած՝ առաջին անգամ եմ այդ լուրը լսում, բացարձակ անտարբեր, ոչ մի զգացողություն»,-եղավ պատասխանը։



-Դուք նրա հետ աշխատեցիք, բայց ինքներդ ավելի շուտ հրաժարական տվեցիք, Միհրան Պողոսյանը Հարկադիրի երկարակյաց ղեկավար էր, անսպասելի՞ չէր նրա հրաժարականը Ձեզ համար։



-Ոչ, ասում եմ՝ բացարձակ անտարբեր։



-Ինչո՞վ է այդ անտարբերությունը պայմանավորված, ի վերջո աշխատել ենք նրա հետ, որոշակի ճանապարհ եք անցել։



-Շատ մարդու հետ եմ աշխատել, դա որևէ բան չի նշանակում։



-Ձեր հարաբերություններն ինչպե՞ս էին Միհրան Պողոսյանի հետ։



-Բացառապես աշխատանքային։



-Ասում են՝ նա իր ղեկավար արդարադատության նախարարների հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր, թերևս շատ նախարարներ կուրախանային նրա հրաժարականով։ Հիմա Ձեզ մոտ որևէ զգացողություն՝ ո՛չ ուրախություն, ո՛չ տխրություն չկա՞ այս մասով։



-Ոչ, բացարձակ անհետաքրքիր թեմա է ինձ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ