ՀՀԿ պալիտբյուրոն ծանոթացել է իրավիճակին

ՀՀԿ պալիտբյուրոն ծանոթացել է իրավիճակին

Ուրբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստի հիմնական նյուզմեյքերը եղել է Սեյրան Օհանյանը, նրան մերթընդմերթ լրացրել է Սերժ Սարգսյանը: Նպատակն է եղել առաջին «ձեռքից» ինֆորմացնել ՀՀԿ-ականներին, որպեսզի նրանք հարցազրույցների, ելույթների ժամանակ «իրենց պատասխաններում գրագետ, խելացի լինեն»: Մեծ նորություններ առանձնապես չեն հնչել, հանդիպումը տեւել է մեկ ժամից ավելի, խորը հարցեր էլ չեն հնչել, ինչի առնչությամբ Սերժ Սարգսյանն իր զարմանքն է հայտնել: Հարցերը վերաբերել են ռազմական բուն գործողություններին, զոհերի թվին, բանակցային գործընթացի շարունակությանը, Ռուսաստանի պահվածքին: Սեյրան Օհանյանն ասել է, որ ինչ-որ չափով, այո, հարձակումն անսպասելի է եղել, եղել է ողջ սահմանագծով, սակայն այն, ինչ պլանավորել էր ադրբեջանական կողմը, չի կարողացել իրականացնել: Ասել է, որ մեր զոհերի թիվը չենք թաքցնելու: Խոսելով ադրբեջանցիների զոհերի մասին՝ ասել է, որ նրանք, այո, ունեցել են շատ ավելի մեծ թվով զոհեր, սակայն դրանք հազարներ չեն, ինչպես գրում են կայքերը: ՀՀԿ-ականները տեղեկացվել են, որ ադրբեջանական կողմն այս պահին մեծ շարժեր չի անում, սակայն ինչ-որ բանի է նախապատրաստվում. «Մենք եւս պետք է պատրաստ լինենք»: «Դիվանագիտական աշխատանքները շարունակվելու են, ինչ արդյունք կլինի, կդժվարանամ այս պահին ասել»,- արձանագրել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ տարածքները «տալու-չտալու», հանրաքվեի օրվա-ժամի եւ այլ խնդիրներ, առանց ղարաբաղյան կողմի՝ բանակցային սեղան վերադարձի չեն քննարկելու, դրանք պետք է միմյանց հետ քննարկեն նախ Ղարաբաղն ու Ադրբեջանը: