Եվս հինգ տարի՝ աթոռից կառչած

Եվս հինգ տարի՝ աթոռից կառչած

Կիրակի օրը Հայաստանի 33 համայնքներում համայնքապետի ընտրություններ էին։ Առավել ուշագրավ էին Հրազդանում, Սպիտակում, Թալինում եւ Բյուրեղավանում անցկացված ընտրությունները, որտեղ կրկին իշխանությունը մնաց նույն մարդկանց ձեռքին՝ վերընտրվեցին գործող քաղաքապետերը։ Առհասարակ, 33 համայնքներից միայն չորսում չեն վերընտրվել գործող ղեկավարները՝ Արմավիրի մարզի Այգեվան, Փշատավան եւ Աղավնատուն համայնքներում եւ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում։ Այս չորս գյուղերում։ Նրանց մի մասը ՀՀԿ-ականներ են եղել, որոնք պարտվել են անկուսակցական թեկնածուներին։ Առհասարակ, ՀՀԿ-ական թեկնածուները հաղթել են 26 համայնքներում։



Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում իր աթոռին մնաց 14 տարի այդ քաղաքը կառավարող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը։ Թեպետ հրազդանցիները շատ էին ուզում Դանիելյանից ազատվել, բայց այդ ցանկությունը քվեախցում չարտահայտեցին։ Մոտ 2 հազար ձայնի տարբերությամբ նա հաղթեց իր հիմնական մրցակցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանին։ Վերջինիս կողքին հզոր թիմ էր հավաքվել, որն անսպառ եռանդով մինչեւ վերջ պայքարեց Սասունի հաղթանակի համար։ Բոլոր տեղամասերում «ՔՊ»-ն վստահված անձինք ուներ, դիտորդներ կային, որոնք աչքերը չորս արած՝ հսկում էին, որ խախտում չլինի տեղամասում։ Եվ դա նրանց հաջողվեց։ Տեղամասերում գրեթե անթերի, առանց խախտումների ընտրություն իրականացավ։ Բայց տեղամասից դուրս նրանք անզոր էին կանխելու ավանդական մեթոդները։ Ի վերջո, հրազդանցին որոշեց, որ պետք է ձայն տա գործող քաղաքապետին։ Դեր խաղաց նաեւ ընտրակաշառքը։



Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց. «Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն քաղաքացիներից, ովքեր 10 հազար դրամ են վերցրել եւ գնացել են 10 հազար դրամի դիմաց քվեարկություն են կատարել։ Ես ուզում եմ ներողություն խնդրել, որ մենք չենք կարողացել այսքան տարիների մեր գործունեության արդյունքում նրանց էդ վիճակից հանել։ Եվ ես ուզում եմ խոստանալ նրանց, որ մենք մեր առաջիկա գործունեության արդյունքում նրանց անպայման կհանենք այդ վիճակից եւ ավելին կառաջարկենք, քան 10 հազար դրամն է, եւ նրանց կկարողանանք դուրս բերել 10 հազար դրամի ստրկության ճիրաններից»։



Սպիտակում Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը պարտվեց գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանին։ Վերջինս ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի ազգականն է։ Սահակյանն Ասատրյանին պարտության մատնեց էլի մոտ 2 հազար ձայնի տարբերությամբ։ Իր տարածքում այդքան էլ մեծ հեղինակություն չվայելող փոխմարզպետն իր պարտությունը չցանկացավ մեկնաբանել եւ նեղսրտած ասաց. «Ինձ ոչ մի հարց մի տվեք, ոչ մի բան չեմ մեկնաբանում, ինչ եղավ՝ եղավ»։



Թալինում էլ «աստղը ժպտաց» գործող քաղաքապետին՝ Սարգիս Արամյանին։ Այստեղ նախընտրական գործընթացը հենց սկզբից բավականին դրամատիկ ընթացք ունեցավ։ Նախ իրար դեմ թեկնածություն առաջադրեցին երկու հարազատ եղբայրներ՝ Գուրգեն եւ Գեւորգ Գրիգորյանները։ Ի վերջո, Գեւորգը, որը քաղաքապետարանում էր աշխատում, հրաժարվեց հանուն գործող քաղաքապետի դուրս գալ եղբոր դեմ եւ հրաժարվեց պայքարից։ Թալինցու առաջ կանգնեցին երեք թեկնածուներ՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ից առաջադրված անկուսակցական թեկնածու Տիգրան Հարությունյանն ու Գեւորգի եղբայրը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Գուրգեն Գրիգորյանը։ Վերջինս հավաքեց ընդամենը 168 ձայն։ Ակնհայտ էր, որ հիմնական պայքարն ընթանալու էր ՀՀԿ-ական քաղաքապետի եւ ՀՅԴ-ից առաջադրված Տիգրան Հարությունյանի միջեւ։ Վերջինս, ի դեպ, էկոնոմիկայի նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանի քենակալն է (բաջանաղը)։ Բայց նույնիսկ իշխանության մեջ նախարար բաջանաղ ունենալը չօգնեց նրան հաղթել իրական իշխանությանը՝ ՀՀԿ-ական թեկնածուին։ Արամյանը 1993 ձայնով ամրագրեց իր հաղթանակը 1036 ձայն հավաքած Հարությունյանի նկատմամբ։



Բյուրեղավանում էլ իրար դեմ էին պայքարում երկու ինքնառաջադրված անկուսակցական թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Հակոբ Բալասյանն ու ոչ մի տեղ չաշխատող Էդիկ Պողոսյանը։ Վերջինս հավաքվեց ընդամենը 601 ձայն։ Արդյունքում՝ գործող քաղաքապետ Հակոբ Բալասյանը 2 հազար 502 ձայնով կշարունակի մնալ նույն աթոռին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ