Իշխանությունն այլևս անելիք չունի, անելիքը մերն է. Գեղամ Բաղդասարյան

Իշխանությունն այլևս անելիք չունի, անելիքը մերն է. Գեղամ Բաղդասարյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է «Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։



-Պարոն Բաղդասարյան, կա՞ն նախադրյալներ, որ չեն վերսկսվի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։



-Առաջին իսկ նախադրյալը կայծակնային պատերազմի ադրբեջանական փորձի ձախողումն էր։ Այս առումով ինքս մյուսներից փոքր ինչ լավատեսական եմ տրամադրված և կարծում եմ, որ Ադրբեջանը դեռ երկար է սա հիշելու և որ նրան տևական ժամանակ է պետք լինելու սա մարսելու համար։ Հայկական բանա՛կը ստեղծեց այդ նախադրյալը։ Մյուս նախադրյալները կարող են և պարտավոր են լինել քաղաքական-դիվանագիտական ու քաղաքակրթական։ Ամեն ինչ կախված է լինելու մեր երկու հայկական պետականությունների հետագա քայլերից։ Խոսքս միայն ղարաբաղյան կարգավորմանը չի վերաբերում։ Նկատի ունեմ նաև բարեփոխման ներքին ռեսուրսները, մեր ինքնիշխանության ու քաղաքական սուբեկտության վերականգնումը, ժողովրդավարական արմատական բարեփոխումները և իշխանության նոր որակը։ Մենք պիտի կարողանանք քաղաքակրթական մի այնպիսի կղզյակի վերածվել, որը ոչնչացնելու միտքն անգամ խոցվի՝ դեռ չծնված։ Մինչդեռ այսօր, ցավոք սրտի, չկա այն բանի գիտակցումը, որ մեր քաղաքական ինքնիշխանության ռեսուրսների մսխումն ու քաղաքական սուբեկտայնության կորուստն են դեպքերի զարգացումը տանում դեպի շփման գիծ։ Բանակն իր գերկարևորությամբ հանդերձ չի կարող մեր անվտանգության միակ հույսն ու գրավականը լինել, ավելին՝ բանակի ամրության հույսն ու գրավականն էլ մեր համարժեք, միջազգային թրենդներին համահունչ քաղաքականությունը պիտի լինի։ Հայ զինվորի ապշեցուցիչ հերոսության համապատկերում մեր քաղաքական քայլերը պիտի խելամիտ, համարձակ ու նախահարձակ լինեն։ Դրա համար այսօր կան բոլոր նախադրյալները։



-ԵԽԽՎ-ում դարձյալ խոսում են «օկուպացված տարածքների» մասին։ Պատերազմը շատ բացահայտումներ արեց մեր երկրի ներքին վիճակի, զինատեսակների, բանակի խնդիրների մասին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իշխանությունը որակական փոփոխությունների հասնելու համար։



-Իշխանությունն իր հիմնական «անելիքն» արդեն արել է՝ ի ցույց է դրել այն ահավոր անդունդը, որի եզրին մենք հայտնվել ենք հենց իր շնորհիվ։ Ու դրանով սպառել է իր անելիքը։ Մենք պիտի մեր իշխանությանը շնորհակալ լինենք մեր աչքերը վերջնականապես բացելու համար ու հասկանանք, որ այսուհետ անելիքը մերն է։ Այնպես որ, իսկը ժամանակն է չբավարարվել իշխանությանը քննադատելով և մտասևեռվել հանրության անելիքի վրա։ Որքան քիչ քայլեր ձեռնարկի այս պարագայում իշխանությունը, այնքան լավ։ Քայլերը մենք պիտի ձեռնարկենք։ Այնպես որ, եկեք մենք էլ փոխենք մեր մտածելակերպը ու նման հարցեր այլևս իրար չտանք։



-Այսօր կան բավարար փաստեր, թե ադրբեջանական կողմն ինչ վայրագությունների է դիմել, խոշտանգման բազմաթիվ փաստեր են առկա։ Եթե այդ փաստերով դիմենք ՄԻԵԴ, դա կարո՞ղ է փոխել միջազգային հանրության վերաբերմունքը մեր նկատմամբ։



-Փաստերն ավելի քան բավարար են, բայց հարկ է հասկանալ, որ միջազգային հանրության, կամ, ավելի ճիշտ, միջազգային կառույցների վերաբերմունքն ածանցյալ է ոչ միայն փաստերից։ Մեր դժբախտությունը փաստերի պակասի մեջ չէ։ Փաստերն այս անգամ ևս ավելին են, քան նույնիսկ անհրաժեշտ է։ Ամեն ինչ կախված է մեր պետականության վարկուկշռից։ Մեկ ուրիշի ձեռքին նման փաստերի չնչին տոկոսն էլ կարող է բավարար լինել կռելու համար իր դիվանագիտական հաղթանակը։ Փաստերը չէ, որ ճնշում են։ Ճնշում են փաստերով։



-Կա տեսակետ, որ այս պատերազմը նոր հնարավորություններ բացեց մեր երկրի համար։ Ըստ Ձեզ՝ մենք կարո՞ղ ենք ԼՂ գործոնը միջազգային հարթակներում օգտագործել որպես հաղթաթուղթ։



-Ցանկացած արտառոց իրավիճակ, յուրաքանչյուր ֆորս-մաժոր թե մարտահրավեր է և թե հնարավորություն։ Նայած ինչպես ես նայում և կախված նրանից, թե ով է նայում և ինչ նպատակով։ Այս իրավիճակում ևս մեր գլխին միայն մարտահրավերներ չեն։ Մեր առջև նաև հնարավորություններ են, նոր հնարավորություններ։ Ողբերգազավեշտը պարբերաբար կայացել է նրանում, որ իշխանությունները միշտ էլ նոր հնարավորությունները կլանել են, իսկ նոր մարտահրավերները թողել մեզ։ Ահա աշխատանքի այսպիսի բաժանում… Խնդիրը նրանում է, որ եթե մարտահրավերները մերն են, ապա դրանց դիմակայելու լծակներն էլ մերը պիտի լինեն։ Այսինքն, մենք պիտի կարողանանք տիրանալ այդ լծակներին։ Թե չէ հիմար վիճակում ենք հայտնվել՝ մեզնից վերցրել են լծակները և մեզ թողել մարտահրավերներին դեմ հանդիման՝ անզեն ու անոթի։ Հանրությունը պիտի կարողանան նոր հնարավորություններն օգտագործել այդ լծակներին տիրանալու համար։ Որպեսզի կարողանա դիմագրավել արտաքին և ներքին մարտահրավերներին։



Թագուհի Հակոբյան