Մենք Բաքվում հետախույզներ չունե՞նք

Մենք Բաքվում հետախույզներ չունե՞նք

Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀԿ խորհրդի վերջին նիստից. անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի դասերին` Սեյրան Օհանյանն ասել է, որ հարձակումն սկսել են ադրբեջանական բազմաքանակ էլիտար-առաջնամասային զորքերը` 14 ուղղաթիռներով, որոնցից առաջին երկուսը խփվել են մերոնց կողմից, ինչն էլ անակնկալի է բերել ադրբեջանական կողմին, քանի որ մարտի առաջին վայրկյանները շատ որոշիչ են հետագա մարտի համար: «Բոլոր դեպքերում, մենք առաջիկայում սահմանագծում պետք է մեծացնենք մեր պայմանագրային ծառայողների քանակը, մեր պրոֆեսիոնալները եւս պետք է առաջին գծում շատ լինեն»,- ասել է պաշտպանության նախարարը: Խոսվել է նաեւ «80-ականների զենքի» մասին: Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե ես ասել եմ՝ 80-ականների, դա հո չի՞ նշանակում, որ այդ զենքը վատն է, ինչ է` այսօր Կալաշնիկովով չե՞ն կրակում, «Գրադը» դեռ մի 60-70 տարի էլ կհամարվի լավագույն զենք, խնդիրն այլ է` հենց էդտեղ է պետք նաեւ Հայաստանի կողմից Ղարաբաղի ռազմական փոխօգնության պայմանագիրը, որը պետք է կնքել, որպեսզի իրավական հիմքը միջազգային հանրության համար ապահոված լինենք: Իհարկե, կցանկանամ իմանաք, որ մենք ունենք նաեւ ժամանակակից տեխնիկա եւ շատ լավ զինատեսակներ»: Ի դեպ, ամենակրեատիվ հարցը հանդիպման ընթացքում եղել է ծնունդով ղարաբաղցի Համլետ Հարությունյանինը. ի շարս այլ մանրամասների` նա ցանկացել է նաեւ «իմանալ». «Հետախույզ Հովակիմյանն Ամերիկայից միջուկային զենքի գաղտնիքը բերեց Սովետ, Սովետը եւս միջուկային զենք ունեցավ, պարոն նախագահ, մենք քանի՞ հետախույզ ունենք Բաքվում»: Սերժ Սարգսյանն անգամ չի ժպտացել, անվրդով ասել է. «Համլետ, հիմա ես, ըստ քեզ, պտի ասե՞մ ինչ ունենք-չունենք»: