Ի՞նչ օգնություն կստանան զոհված զինծառայողների ընտանիքները

Ի՞նչ օգնություն կստանան զոհված զինծառայողների ընտանիքները

Դեռ ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների հետևանքով եղան տասնյակ զոհեր և վիրավորներ։ Նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով բազմաթիվ անհատ քաղաքացիներ, նախաձեռնություններ կազմակերպեցին դրահամահավաքներ, պարենային և ոչ պարենային ապրանքների հավաքագրում։ Hraparak.am-ը փորձել է պարզել պատկան մարմիններից, թե ինչ օգնություն կտրվի մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքին: 



Եվ այսպես, Սոցիալական ապահովության պետական ծառայությունից Hraparak.am-ին հայտնեցին, որ զոհված զինծառայողների ընտանիքներին պետության կողմից միանվագ տրամադրվում է 2 մլն դրամ` որպես ապահովագրական վճար: Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները հնարավորություն կունենան անվճար բուժօգնություն ստանալու: Բացի այդ՝ նրանց տրվում է ամսական 30 000 դրամ պարգևավճար:
Ինչպես նաև զոհված ժամկետային զինծառայողների թոշակառու ծնողները կստանան 31 000 դրամ՝ գումարած պարգևավճար 30 000 դրամ, և կենսաթոշակը` կրկին 30 000 դրամ, այսինքն` ընդհանուր առմամբ՝ շուրջ 90 000 դրամ: Իսկ եթե զոհված զինծառայողի ծնողները թոշակառուներ չեն, ապա նրանք կստանան միայն պարգևավճարը` 30 000 դրամ:



Իսկ մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք էլ միանվագ կստանան` 1-ին կարգի հաշմանդամության դեպքում 500 հազար դրամ, 2-րդի դեպքում` 400 հազար, իսկ 3-րդի` 300 հազար դրամ, նաև կստանան թոշակ։ Եթե զինծառայողը սպայական կոչում ունի, ապա՝ ամսական միջինը՝ 50 000 դրամ, իսկ եթե պարտադիր ժամկետային զինծառայող է, ապա՝ 18 000-36 000 դրամ` հաշմանդամության կարգից կախված։ Եթե առաջին կարգի հաշմանդամ է սպան, ապա ամսական կստանա 110 000 դրամ, որի մեջ ներառվում է նաև կենսաթոշակն ու պարգևավճարը, իսկ եթե ժամկետային զինծառայող է, ապա պետության կողմից ամսական տրամադրվող գումարը կկազմի 90 000 դրամ։



Դրանից բացի, ապրիլի 15-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հերթական նիստի ժամանակ հանձնարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարին, որ մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:



Մեզ հետ զրույցում ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ մարտական գործողությունների հետևանքով ԼՂՀ քաղաքացիություն ունեցած զոհված զինծառայողների ընտանիքներին Արցախում տրվում է բնակարան, եթե դրա կարիքը կա։ «Այսինքն, նպաստներ, թոշակներ, բնակարանների վերանորոգում կամ, եթե բնակարան չունեն, նորի տրամադրում: իսկ լրացուցիչ աջակցության մասին պետք է լրացուցիչ որոշումներ կայացվեն»,-ասաց մամուլի խոսնակը։ Նրա տեղեկացմամբ՝ ԼՂՀ կառավարության կողմից նյութական աջակցությունը լինելու է միայն Արցախի քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին։



Հավելենք, որ որ ապրիլի 12-ին հակառակորդի թվով երկու ուղղաթիռները խոցած զինվորներ Նարեկ Մալխասյանը, Գևորգ Մանուկյանը և հինգ տանկ խոցած զինծառայող Մարատ Պետրոսյանը պարգևատրվեցին ավտոմեքենաներով։