Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով. Նաիրա Կարապետյան

Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով. Նաիրա Կարապետյան

Hraparak.am-ի «Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով» շարքի շրջանակներում շարունակում ենք վերլուծել նրանց իմիջը. թե ինչ են հագնում եւ ինչու, ինչ չպետք է հագնեն, ինչպես դիմահարդարվեն, ինչ աքսեսուարներ կրեն։ Շարքի նախորդ երեք «զոհերը» եղել են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Այս անգամ մենք անդրադարձել ենք ՄԻԱԿ կուսակցության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանին։ Դիզայներ-ոճաբան Նիակրիսին նախապես տրամադրել ենք նրա տարբեր տարիներին արված 20-ից ավելի լուսանկարներ: Եւ ահա ներկայացնում ենք արդյունքը։



 Դեռ չի գտել սեփական ոճը



Այսօր մեր թիրախն է Նաիրա Կարապետյանը։ Նաիրայի նկարները ուսումնասիրելիս առաջին տպավորությունը, որը ստեղծվում է, այն է, որ բնությունը շռայլ է գտնվել նրա նկատմամբ. թե՛ գեղեցիկ կազմվածքը, թե՛ հաճելի դիմագծերը դրա վառ ապացույցն են։ Ինչ վերաբերում է ոճին, պետք է ասել, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ։ Նաիրան հագուստ ընտրելիս երկու ծայրահեղությունների մեջ է ընկնում. կա՛մ իր տարիքին անհամապատասխան, խիստ գործնական կոստյումներ է ընտրում, կա՛մ սոցիալական դիրքին անհարիր, երիտասարդական, ջինսային, անխնամ համադրություններ անում։ Կարծում եմ՝ տիկին Կարապետյանը ուղղակի դեռ չի գտել իր ոճը և փնտրտուքների մեջ է, այդ իսկ պատճառով սխալներ է թույլ տալիս։



Չի օգտվում պրոֆեսիոնալ ծառայություններից



Իր մոտ ոճաբանի աշխատանք չեմ տեսնում, չեմ բացառում, որ հագուստի մի ստվար մաս պատվերով է կարված։ Նաիրայի գրեթե բոլոր լուսանկարներում շատ գեղեցիկ դիմահարդարում է։ Կարծում եմ, որ պրոֆեսիոնալ դիմահարդարում չկա, բայց աչքերը գեղեցիկ ընդգծելու հմտությունը տիկինը յուրացրել է։



Ճիշտ ընտրված սանրվածք



Ինձ միանշանակ դուր է գալիս տիկնոջ սանրվածքը, կարծում եմ բավականին հաջող ընտրություն է, ընդգծում է նրա բնական գեղեցկությունը, իսկ ինչ վերաբերում է մազերի երանգին, ապա մուգ շագանակագույնը ամենալավ տարբերակն է։



Թույլ տված սխալներ



Քանի դեռ Նաիրան չի գտել իր ոճը, ուզում եմ մի քանի խորհուրդներ տալ։ Նախ երբեք չի կարելի բաց կոշիկները կրել զուգագուլպաներով, եթե զուգագուլպաները անհրաժեշտ են, ապա կարելի է գնել դիմացը բաց մոդելներ։ Երկրորդ՝ մատնահարդարման մեջ տարատեսակ նախշերն արդեն արդիական չեն և միանշանակ քաղաքական դաշտում դիտվում են մեղմ ասած անտեղի։ Հագուստում արժե նախապատվությունը տալ ավելի անկաշկանդ տարբերակների, իսկ ուսերի բարձիկները և կոպիտ կտորները թողնել մեծ սերնդի գործընկերների համար։ Եվ վերջում, ինչպես ասում են, թագուհուն կեցվածքն է մատնում, ուղիղ, գեղեցիկ մեջքն ու բարձր գլուխը կնոջը դարձնում են ավելի բարեկազմ ու հմայիչ։



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ