Զինծառայողների բուժման ընթացքը քննարկել են գերմանացի մասնագետների հետ. ՀՀ ԱՆ

Զինծառայողների բուժման ընթացքը քննարկել են գերմանացի մասնագետների հետ. ՀՀ ԱՆ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող, ծանր վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին նաեւ զինծառայողների ծնողները:



Խորհրդակցությանը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով ներկա էր նաեւ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ով եւս պատրաստակամություն հայտնեց արտերկիր տեղափոխվելու դեպքում աջակցել տղաների բուժօգնության կազմակերպման գործին:



Խորհրդատվությունների նպատակով Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայից Հայաստան ժամանած բժիշկների` վնասվածքաբանների եւ պլաստիկ վիրաբույժների եւ տեղի մասնագետների հետ քննարկվել են տղաների արտերկրում բուժօգնության կազմակերպման արդյունավետությունը, հնարավորությունը, կլինիկաների ընտրությունն ու ժամկետները:



Արտերկրի առաջատար մասնագետներին են ներկայացվել զինծառայողների բժշկական փաստաթղթերը: Ուղիղ կապ է հաստատվել նաեւ Համբուրգի հայազգի մասնագետների հետ: Քննարկմանը միացավ նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:



Զինծառայողների առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով` խորհրդակցությունից անմիջապես հետո գերմանացի բժիշկների խումբը կայցելի բժշկական հաստատություններ` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական, ինչպես նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն: