Ես երկրի նախագահին ուղարկել եմ գիրքս, չգիտեմ՝ տեղ հասե՞լ է, թե՞ ոչ

Ես երկրի նախագահին ուղարկել եմ գիրքս, չգիտեմ՝ տեղ հասե՞լ է, թե՞ ոչ

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը բարդ ճանապարհ է անցել։ «Ռոյալ Արմենիա» ընկերության տնօրենների դեմ սարքված գործով արդարացման դատավճիռ կայացնելու համար նա 2007 թվականին պաշտոնաթող արվեց։ Մի կարճ ժամանակ զբաղվեց փաստաբանությամբ՝ իրավական աջակցության գրասենյակ ուներ։ Ապա հարեց ընդդիմությանը՝ աշխատելով ՀԱԿ-ի ընտրական շտաբում, եւ Սահմանադրական դատարանում 2008 թ. ներկայացնելով ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Տարիներ անց էլ անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը՝ հույս փայփայելով, որ «ներսից» է հարկավոր ինչ-որ բան փոխել։ Մոտ մեկ ամիս առաջ լույս է տեսել նրա «Դատավորը» ինքնախոստովանական գիրքը, որի շուրջ էլ զրուցեցինք պրն Օհանյանի հետ։



 - Ինձ համար բավականին անսպասելի, կարելի է ասել՝ տարօրինակ ժանրում է ներկայացված Ձեր գիրքը։ Մի կողմից՝ կա հոգեւորի մեծ բաժին, մյուս կողմից՝ աշխարհիկ միջամտություններ տեքստին, օրինակներ Ձեր կյանքից, խոստովանություններ։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է ծագել նման գիրք գրելու միտքը։



- Մի անգամ ինչ-որ մեկի մոտ հանդիպեցի՝ կարծես Օգոստինոս Երանելու մոտ էր, սա կենսագրական եւ հոգեւոր ժանր է։ Իհարկե, միտքը խոստովանելու ցանկությունն էր, որը հասունացավ որոշ իրադարձություններից հետո, իմ՝ որպես դատավորի լիազորությունների դադարեցումից հետո։



- Ե՞րբ էր Ձեր պաշտոնանկությունը։



- 2007 թվականին էր, աշնանը, երեւի մեկ տարի հանգստացա, թե՞ ընդհակառակը՝ անհանգստացա՝ դժվար է ասելը։ Բայց հիշում եմ, որ ձմեռ էր, մի տեսակ ձանձրույթ էր, անելիք չկար...



- Այսինքն՝ մոտավորապես 2008 թվականից սկսել եք գրե՞լ։



- Առաջ ընկնելով ասեմ, թե ինչու այդքան երկար տեւեց։ Մեծ ընդմիջումներ եղան, եւ այդ ընդմիջումների հիմնական պատճառն ինձ եւ իմ ընտանիքին վերաբերող մասն էր։ Դժվար չէր գրել այդ ամենը, ընդհակառակը՝ հեշտ է գրվել, բայց ես վստահ չէի, որ այն հրապարակման ենթակա է։ Վստահ չէի, որ դրանք հրապարակելով՝ իմ ծնողներին, իմ հարազատներին չեմ ցավեցնելու, առավել եւս՝ չեմ դատելու։



- Ինչ-որ մարդկանց հետ խորհրդակցե՞լ եք այդ մասին։



- Երեւի թե։ Մարդիկ, ցավոք, քիչ են, որոնց հետ կարող ես խորհրդակցել։ Կամ՝ եթե կան, ապա նրանք զբաղված են։



- Կա՞ն Ձեր ծնողները։



- Այո, կան։



- Եվ ինչպե՞ս էր իրենց արձագանքը, քանի որ, հավանաբար, ամենաանսպասելին Ձեր մանկության, ծնողներին վերաբերող հուշերի հատվածն է։



- Կարող է չգիտեն էլ։ Օրինակ՝ հայրս կարող է, որ չգիտի։



- Իսկ եղա՞ն մարդիկ, որ գիրքը տպագրվելուց հետո Ձեզ ասացին, թե պետք չէր այդպես գրել, այդքան անկեղծանալ, խոստովանություն անել։



- Ոչ, դեռ չկան։ Միգուցե չեն ասում, մտքում են ասում, գուցե Դո՞ւք ասեք։



- Չէ, ես միշտ անկեղծության կողմնակից եմ։ Փաստորեն, այս գրքում Դուք առաջին անգամ անդրադարձել եք Ձեր պաշտոնաթողության պատմությանը։



- Սկսվեց նրանից, որ «Ռոյալ Արմենիայի» գործով պետք է կայացնեմ դատավճիռ, ինչ-որ մտատանջությունների մեջ եմ եւ գնացի եկեղեցի։ Այդտեղից սկսվեց։



- Իսկ Ձեր պաշտոնաթողության ամբողջ պատմությունը, Արդարադատության խորհրդի նիստը, Ձեր ելույթն այդ նիստում որեւէ տեղ ասվե՞լ է, եղե՞լ է որեւէ հարցազրույց, հոդված այս ընթացքում։



- Ոչ։ Չի եղել։ Ճառը, իմ եւ փաստաբանիս ճառը նույնիսկ չէի ուզում դնել գրքում։ Բայց դա խորհուրդ տվեց խմբագիրը, որը «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրներից էր եղել։ Ինքը կարդաց, ասաց, որ այս բաները պակասում են, խմբագրեց, ու դա դարձավ «կարմիր թել»։ Իսկ հիմքը խոստովանությունն էր, ապաշխարության ճանապարհին կանգնած յուրաքանչյուր ոք պետք է խոստովանի գիտակցումով, զղջումով։ Անհատական խոստովանության մասին է խոսքը։ Իհարկե, մարդիկ պայմանավորվում են, գնում են Տեր հոր մոտ, խոստովանում, պատմում իրենց հոգին պաշարած մեղքերի, խարդավանքների մասին։ Բայց ես կարող եմ ասել, որ երբ սեւագիրը գրվեց, ես վստահ չէի, որ պետք է տպվի։ Սկզբում ձեռագիր էի գրում, քանի որ հնաոճ մարդ եմ, հետո տպել տվեցի ու տվեցի երկու Տեր հայրերին։ Մեկը Տեր Կարապետն էր, վատառողջ էր արդեն, Գայանե վանքում էր, շատ ուրախացավ, սկսեց հաճոյախոսություններ անել։ Տեր հայրը հաճոյախոսում էր ինձ իմ հավատի համար, եւ ինձ համար դա հետաքրքիր վիճակ էր։ Նա ասաց, որ կկարդա։ Հետո օրեր անցան, զանգեցի, ասաց՝ խրթին է, շատ խրթին է։ Էն ժամանակ էդ ամեն ինչը բարդ էր էն իմաստով, որ մեջբերումները շատ էին, սեփական խոսքն ավելի քիչ էր։ Ես էլ հաշվի առա իր դիտողությունները։ Մեկ էլ տվել էի Տեր Կյուրեղին։ Տեր Կյուրեղը պարզապես ասաց՝ ժամանակ չկա։ Վերջերս գիրքը մակագրեցի իրեն՝ հույսով, որ մեղքերիս թողություն կստանամ։ Բայց ասաց, որ էլի ժամանակ չունի։



- Գիրքը բարդ ժանրով է գրված։ Նրանք, որոնք հոգեւորով են ապրում, նրանց համար անհասկանալի կլինեն դատավորի խոստովանությունները, պատմությունները, իրավական մասը։ Իսկ դատավորների համար էլ հոգեւոր մասը կարող է խրթին, անընդունելի, անմարսելի լինել։



- Ճիշտ է, գրքի մեջ մի կողմից դա կարելի է դիտել որպես թերություն, մյուս կողմից՝ այն ուղղված է երկու լսարանի։ Առաջինը հենց իմ գործընկերներն են՝ դատավորները, դատախազները, իրավապահները, նաեւ՝ իշխանավորները։ Նրանց ուղղված է այն իմաստով, որ ամեն ինչ ունայն է՝ եւ իշխանությունը, եւ թամբի վրա ենք, եւ թամբն է մեզ վրա։ Նրանք պետք է հասկանան, որ ունայն է այդ ամենը, որ արդարությունը լավ բան է, կեղծավորությունը, փարիսեցիությունը՝ վատ։ Մյուս կողմից՝ այն ուղղված է հասարակությանը, այն բարքերին, որոնք տիրում են հասարակության մեջ։



- Հիմա եթե հետահայաց նայում եք 2007թ. իրադարձություններին, ի՞նչ եք մտածում՝ եթե հնարավոր լիներ ինչ-որ բան հետ պտտել, ինչ-որ բաներ կփոխեի՞ք, այլ կերպ կվարվեի՞ք, այդ չարաբաստիկ, Ձեր համար ճակատագրական դարձած դատավճիռը «Ռոյալ Արմենիայի» գործով կկայացնեի՞ք։



- Ոչ։ Ես դատավճիռը կկայացնեի հենց այդպես, այլ կերպ չէր կարող լինել։ Անկեղծ եմ ասում։



- Իսկ երբ այսօրվա հայացքով նայում եք դրանից ավելի վաղ կայացրած դատական ակտերին, կա՞ն բաներ, որոնց համար զղջում եք։



- Կլինեն, ինչ խոսք, բազմաթիվ։ Բայց կոնկրետ սա այդպես պետք է լիներ, որովհետեւ չափից ավելի էր այդ վիճակը։ Ուղղակի չէր կարելի անմեղ մարդկանց դնել այդ վիճակի մեջ։ Ու, ասենք, մեկ, երկու տարի չէր։ Լինում են, չէ՞, իրավիճակներ, որ ասում ենք՝ լավ, մի 6 ամիս կնստի, դուրս կգա, գիտենք իրականությունը, գիտենք, որ արդարացման դատավճիռը, մեկ է, ուժի մեջ չի մնա։ Ասենք, ես դառը փորձ ունեի մի բռնաբարության գործով։ Ակնհայտ սարքած էր այդ մարդու գլխին, ինքը, իհարկե, շատ հակակրելի մարդ էր, մեղա տեր։ Բայց իր ներշնչած տպավորությամբ էր այդպիսին, ինքն այդ արարքը չէր կատարել։ 90-ականներին, հիշում եմ, հոսանք չկար, ոչ մի բան չկար, դատարանում մենակ մենք էինք եւ իրեն ուղեկցող ոստիկանները։



- Փաստորեն, եթե մի 10 տարի էլ տայիք, ոչ ոք Ձեզ ոչինչ չէր ասի։



- Բացարձակ։ Ու էդքան էլ միջնորդեց մեղադրողը կարծեմ, բայց ոչ մի ապացույց չկար։ Ավելին՝ իսկական մի ֆիլմ նկարելու սյուժե էր, թե ինչպես են մարդու գլխին սարքում գործը իր հարազատները։ Իր քրոջ տղան էր սարքել, քանի որ տան հարց կար։ Արհեստական ապացույցներ, կեղծ վկաներ, կեղծ տուժող։ Ես արդարացրի, շատ հիմնավոր դատավճիռ գրվեց։ Իհարկե, աղմուկ բարձրացավ, այն ժամանակի համար անսպասելի էր շատ։ Դատախազը Շահինյանն էր, շատ խիստ էր բորբոքվել, վերածեց անձնական հարցի եւ այլն։ Մի խոսքով՝ բողոք բերեցին եւ բեկանել տվեցին։ Այդ մարդուն դատեցին, 7 տարի տվեցին՝ առանց ապացույցների։ Ես արդեն կոտրվեցի, բայց դրա մասին չէ խոսքը։



- Գրքում մի հետաքրքիր գլուխ կա՝ «Մի օր նախ ագահականում»։ Ես, որքան հասկացա, բառը բաժանել էիք նախ-ագահականի, «ագահականն» առանձնացրել էիք՝ դրա մեջ էլ իմաստ դնելով։ Մանրամասներ, իհարկե, չեք նկարագրել, բայց միայն այն փաստը, որ դատավորին կանչում են նախագահական եւ, այսպես կոչված, դաս են տալիս, զարմանք է հարուցում, թե ինչպես է այդ համակարգը հասել այդ վիճակին։



- Այդ համակարգը միշտ էլ եղել է այդ վիճակում, դեռ Սովետի ժամանակվանից։ Այլ հարց է, որ ոչ ոք հրապարակային չի խոսել այդ մասին։



- Հիմա՞ էլ են կանչում նախագահական։



- Ոչ, հիմա նախագահական հասնելու կարիք չկա, վախներն այնքան չափած է։ ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն այդ գործառույթն իր վրա է վերցրել եւ առանց «դաբրո»-ների չի կայացնում ոչ մի դատավճիռ։



- Վերջին տարիներին, հետաքրքիր է, ես դատավորների պաշտոնանկության ոչ մի աղմկոտ դեպք չեմ հիշում։ Անշուշտ, ազատվում են, բայց այլեւս չեն պայքարում, չեն ընդվզում։ Մյուս կողմից՝ իշխանավորները բարձրագոչ ճառեր են ասում դատական համակարգի անկախության մասին։



- Դե, պետք է ասեն՝ գոնե դրսի համար, որ նաեւ գումարների, վարկերի առումով չառաջանան խնդիրներ։ Ես այդ բոլորը, ի դեպ, չարությամբ չեմ ասում, այլ՝ ըմբռնումով։ Պետք է ասվի, բայց ի՞նչ անկախության մասին է խոսքը։



- Իսկ ի՞նչ քայլերի կարիք կա, ի՞նչ անեն, որ գոնե անկախություն սկսեն սերմանել, որ գոնե ապագայում հասնենք ցանկալիին։



- Բարդ հարցերից է, որ երկու բառով չես կարող պատասխանել։ Ես միշտ հիշում եմ Սինգապուրի վարչապետի խոսքերը՝ կաշառքին վերաբերող, որ պետք է սկսել ղեկավարների օրինակով։ Եթե մարդը ձգտում է արդարության, դատավորը ձգտում է արդարության, շարքային մարդն ուզում է արդար ապրել, բայց տեսնում է, որ երկրի ղեկավարները կառուցում են միլիոնավոր դոլարներ արժեցող տներ... Ախր, չափ գոյություն ունի, էլի։ Հո չե՞նք ասում, որ խրճիթներում ապրեն։ Ուղղակի ծայրահեղ է մեզ մոտ էդ ամեն ինչը։ Երբ Մոնումենտով բարձրանում ես, ձախի վրա կառուցված պալատները տեսնում ես...



- Լավ է, որ Դուք խոսեցիք այդ մասին։ Հիմա այսքան արատավոր երեւույթներ կան, դժգոհ ենք, ասում ենք՝ արդարության սկզբունքները խախտված են մեր երկրում, իսկ Դուք Ձեր գրքում կոչ եք անում՝ չարին չարով չպատասխանեք, սիրեցեք Ձեր թշնամիներին, բարություն արեք։ Աստվածաշնչից վերցրած այդ մտքերը՝ բարության, ներողամտության, արդյո՞ք մեզ չեն խանգարի լավ հասարակություն եւ պետություն ստեղծել, պատժել թալանչիներին, բյուջեից գողացողներին, անարդար դատավճիռներ կայացնողներին։



- Շատ լավ հարց եք տալիս եւ շատ լուրջ։ Դա այն հարցն է, որ միշտ բոլորիս տանջել է, ինձ էլ։ Օրինակ, վերցնենք մի քաղաքական գործչի՝ Նիկոլին, որպես դրական անձնավորության։ Ես չեմ հավանում Նիկոլի կտրուկությունը, նրա ոչ չափավոր խոսքը։ Ինքս էլ կտրուկ մարդ եմ, ժամանակին ավելի կտրուկ եմ եղել։ Բայց, որքան մտա հոգեւոր հարթություն, որքան կարդացի, հասկացա, որ պետք է սիրով ասես՝ մի՛ դատիր, որ չդատվես, ասում է նաեւ, որ չպետք է չարախոսես։ Այսինքն՝ երբ մեկին դու ասում ես՝ ավանակ, դու իրեն դատում ես, իսկ երբ ասում ես՝ քո արածն ավանակություն է, դու չարախոսում ես։ Այսինքն՝ ոչ նա, ոչ նա խորհուրդ չի տրվում։ Պետք է կարողանաս սիրով ասել այդ խոսքերը։



- Ես այնպես եմ հասկանում, որ Ձեր նշած բարության, ներողամտության մթնոլորտը կարող է դեր խաղալ, եթե շուրջբոլորը կամ շատերն են այդպիսին։ Այսինքն՝ դիմացինն էլ պետք է լինի հոգեւորով ապրող, հոգու մարդ։ Հանցանք գործած մարդուն, թալանչուն ինչպե՞ս կարելի է ներողամտությամբ եւ բարությամբ վերաբերվել։



- Երեւի այդպես չէ։ Ներողամտությունն Աստծո գործն է։ Աստված ուղղակի մեզնից պահանջում է չդատել։ Մենք չպետք է չարին չարով պատասխանենք։ Օրինակ՝ փողոցում մեկը խուլիգանություն է անում։ Եթե դու մոտենում ես, ասում՝ կտամ կսատկացնեմ, ավելի է չարանում։ Բայց եթե մոտենաս, սիրով ասես՝ եղբայր, մի արա, կարող է ասել՝ կներես։ Խոսքը սրա մասին է։ Կամ Աստվածաշնչում ասվում է՝ ապտակում են, մյուս երեսդ էլ դեմ տուր։ Իրականում Աստված ասում է՝ եթե դու պատասխանես, կբարդանա, «Մի կաթիլ մեղրի» պատմությունը կդառնա, ինքը հաջորդ ապտակը կտա։ Ավելի լավ է, որ այդ վրեժը թողնես, չպատասխանես։ Հետո ասում է՝ հիշաչարությունը լավ բան չէ, սիրով պետք է լուծել հարցերը։



- Իմ ուշադրությունը գրավեց նաեւ իշխանություններին ուղղված հորդորը՝ դուրս եկեք, շրջեք, տեսեք, թե մարդիկ ինչ խնդիրներ ունեն... վախով չես կարող մարդկանց համակիր դարձնել։ Դուք կարծում եք, որ նրանք լսո՞ւմ են այդ խորհուրդները։ Մարդիկ, որոնք պալատներ են շինել, բանակի փողերն են ուտում, խեղճերին տնանկ են դարձնում, կլսե՞ն նման աստվածահաճո խորհուրդները։



- Բոլորս էլ սխալական ենք, լինում է, որ փոքրուց լավ դաստիարակված են լինում, հետո մեծանում, փչանում են։ Լինում է եւ հակառակը՝ փողոցներում մեծանում, խուլիգանություն են անում, հետո սթափվում են։ Ես եկեղեցում տեսնում եմ մարդկանց, որ փողոցում կռվում, հայհոյում էին իրար, հիմա գալիս, ծնկում, աղոթում են։ Եվ, հակառակը՝ շատերին գիտեմ, որ արտաքուստ պարկեշտ են, բայց փարիսեցի, կեղծավոր, անաստված եւ այլն։ Ես կարծում եմ, որ պետք է ասել, տեղ հասցնել։ Մենք գիտենք, որ իշխանության մեջ գտնվողները ծանր աշխատանք են կատարում, շատ զբաղված են, տարբեր ազդեցությունների տակ են՝ ներսից եւ դրսից։ Անկեղծ ասած՝ ես երկրի նախագահին ուղարկել եմ գիրքս, չգիտեմ ՝ տեղ հասե՞լ է, թե՞ ոչ։



- Իսկ իշխանության մեջ տեսնո՞ւմ եք հոգեւորով ապրող մարդկանց։



- Ես կարծում եմ, որ մարդկանց մեջ պետք է լավը տեսնել, երբեք չհուսահատվել եւ չդատել, չասել, որ սա մարդ չէ, տականք է, պետք է փորձել նրա միջի մարդուն արթնացնել։ Պետք է մարդկանց մեջ, որոնք լծակների են տիրապետում, լույսը վառել։ Գրքի նպատակներից մեկը հենց դա է՝ լույս վառել, հավատ, խղճմտանք արթնացնել։ Երբ ես դասախոսում էի, ուսանողները հարցրին՝ հոգի կա՞, չկա՞, ասացի՝ երեխեք, քանի՞ հոգի կա լսարանում, ասացին՝ այսքան հոգի։ Ես էլ ասացի՝ մենք հոգի ենք, կամ պիտի գնանք արքայություն, կամ գեհենի կրակների մեջ։ Երբ հավատն արթնանում է քո մեջ, եւ դու մտածում ես, թե այդ երկուսից որ ճանապարհը պետք է Աստված ընտրի քեզ համար, սարսափում ես, թե դու ինչ սխալ ճանապարհով ես գնում՝ ուտել, խմել, ձախ, աջ գնալ։ Հասկանալի է, որ բոլորն անցնում են այդ ամենի միջով, որովհետեւ ոչ ոք ստերիլ չի ծնվում։ Ծնողներից, դաստիարակությունից է գալիս, եւ ամեն մարդ, ինչ ինքն զգում է, պետք է փոխանցի։ Հավատը շնորհ է, որ պետք է կիսվենք, մարդկանց տեղ հասցնենք։



- Ասում են նաեւ, որ սերն ու հավատը պետք է նախեւառաջ փնտրել ու գտնել ինքդ քո մեջ։ Ձեր աշխատած տարիներին ՀՀ արդարադատության նախարարը Դավիթ Հարությունյանն էր։ Այս տարիներին հետեւե՞լ եք նրա գործունեությանը եւ ի՞նչ զգացողություն ունեք՝ հիացմո՞ւնք, հիասթափությո՞ւն, միգուցե խղճո՞ւմ եք։



- Ինչ-որ տեղ գուցե խղճում եմ, որովհետեւ գիտակցում եմ, թե ինչ ծանր վիճակի մեջ է։ Այն աշխատանքը, որ կատարում են իշխանության մեջ գտնվողները, ինչ խոսք, խղճահարության է արժանի։ Հատուկ չեմ հետեւում, որ հիանամ, բայց Դավիթ Հարությունյանի մասին վատն ասել չեմ կարող, անգամ մեր աշխատած տարիներին, որովհետեւ ինքն իրեն հիմնականում ճիշտ էր պահում։ Օրինակ, այն արդարացման դատավճռի ժամանակ, որի մասին խոսեցի, ինքն ինձ շատ աջակցեց։



- Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ լավ նախարար էր։



- Վատը չէր։ Այն իրավիճակում, երբ դատական իշխանությունը տարանջատված չէր օրենսդիրից, այդ իրականության մեջ ինքը չէր էլ միջամտում։ Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունն առանձնապես դեր չունի։ Հիմա ավելի վատ է, քան այն ժամանակ։ Այն ժամանակ նախարարը քաղաքական կամ հասարակական հնչեղություն ունեցող գործով կարող էր զգուշացնել ընդամենը։ Հիշո՞ւմ եք Նիկոլի գործը, Արտաշես Գեղամյանի գործը։



- Գրքում Ձեր անձնական պատմություններն են հետաքրքիր, մանկության հուշերը։ Կարդալիս ես մտածում էի, որ շատ քչերը կարող են այդպես օբյեկտիվ գնահատական տալ իրենց ծնողներին։ Դուք Ձեր երեխաների՞ն էլ եք կարողանում այդպես օբյեկտիվ նայել։



- Մի լավ գիրք կա՝ «Աստծո կանչը», որում ասվում է, որ սպանեք Ձեր ես-ը, որովհետեւ վիրավորվում է Ձեր ես-ը։ Այնտեղ ասվում է, որ բանտարկված ես-ը շատ վտանգավոր է, որովհետեւ ուզում է դուրս պրծնել այդ բանտից։ Դրա համար «վիրավորանք» բառից խուսափում եմ, քանի որ դրա մեջ կա «վ» մասնիկը, ավելի շուտ՝ ցավ։ Ցավ, որը ես ունեմ, եւ որը պահանջ առաջացրեց խոստովանության։




- Իսկ Ձեր կնոջը, երեխաներին կարողացե՞լ եք տանել հավատի ճանապարհով։



- Փառք Աստծո, կինս ինձ հետ է, երեխաներս էլ անընդհատ եկեղեցի են գնում։ Իմ նպատակը ոչ թե ծնողներիս դատելն է, այլ՝ բացահայտելը։ Ես ուղղակի ասում եմ այդ ամենը, քանի որ ընտանիքների 99 տոկոսում կան նման խնդիրներ։ Իսկ մենք խնամքով թաքցնում ենք։ Ես իմ գրքի նախաբանում գրել եմ, որ Հիսուսն իր սեփական օրինակով մեզ հնարավորություն տվեց մեզ վրա վերցնել մեր հարազատների մեղքերը։ Ես իրենց չեմ դատում, ասում եմ․ ինչ եղել՝ եղել է, բոլորս ենք սխալ։ Պետք է կարողանալ ներել քո ամուսնուն, կնոջը, որդուն, ծնողին։ Եթե դու նրանց ներել չես կարող, ապա ի՞նչ քրիստոնյա ես, ո՞ւմ կարող ես ներել։ Եթե մեր ընտանիքները մենք չենք կարողանում պահել, փայփայել, ապա բոլորս ենք մեղավոր։ Մենք պետք է կարողանանք ինչ-որ պահի սթափվել։ Խոստովանում ես առաջինը ու քավում ես մեղքերդ։ Ես այս գրքի վրա պետք է թողություն ստանամ։



- Իսկ բացի նախագահից՝ ուրիշ ո՞ւմ եք ուղարկել Ձեր գիրքը, վաճառվո՞ւմ է այն։



- Ոչ ոքի չեմ ուղարկել։ Այո, վաճառվում է «Բուկինիստ»-ում, շատ խորհրդանշական գնով։ Գրախանութի տնօրենն ասաց, որ շատ չի վաճառվի, մարդիկ հիմա հոգեւորից խուսափում են։ Ես ասացի՝ եթե 10 մարդ ձեռք կբերի, տասից երկուսի մոտ կարթնանա հավատը, ինչ-որ բան կփոխվի, ես իմ խնդիրը կատարած կհամարեմ։



- Փաստաբանությամբ էլ չեք զբաղվում։ Հիմնականում այգի եք մշակում, զավակների ու թոռների դաստիարակությամբ եք զբաղվում։ Չէի՞ք ուզենա աշխատել, ինչո՞վ կուզեիք զբաղվել այսօր։



- Քրեական իրավունքով։ Քրեականով իրոք կուզենայի պիտանի լինել։ Մարդկանց հետ շփվել չեմ ուզում։ Ես կուզեի այնպիսի աշխատանք, որ գործ չունենամ մարդկանց հետ, այլ՝ փաստաթղթերի հետ։ Օրինակ՝ օրենքների նախագծեր գրել, օրենքների փորձաքննություններ կամ վճռաբեկ դատարանում աշխատանք, որտեղ գործ չունես քաղաքացիների հետ։



- Հնարավո՞ր է, որ այս գիրքն ունենա շարունակություն։



- Կարող է, բայց ո՞ւմ է պետք։ Սա կուտակված պահանջ էր, որ իր արտահայտությունն ունեցավ։



- Մեր ժողովրդի մեջ հազվադեպ է, որ մարդը գրիչ է վերցնում եւ ներքին պահանջից ելնելով՝ գրում։ Անգամ քաղաքական գործիչներն այլեւս հոդված չեն գրում։ Դա եզակի բան է մեր իրականության մեջ։



- Ասված է՝ Ձեզ համար այլեւս գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են, եւ որտեղ գողերը ներխուժում ու գողանում են։ Փոխարենը՝ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, որտեղ ոչ ցեցն ու ժանգն են ոչնչացնում եւ ոչ էլ գողերն են ներխուժում ու գողանում։ Որտեղ քո գանձն է, այնտեղ էլ քո սիրտը կլինի։



Անի Առաքելյան