Գյումրու նախկին եւ ներկա քաղաքապետերի շահերը բախվում են

Գյումրու նախկին եւ ներկա քաղաքապետերի շահերը բախվում են

Մի քանի գյումրեցիներ hraparak.am-ին ահազանգել են, որ քաղաքի ավտոկայանատեղիներից մի քանիսից սկսել են նախկինի նման գումար հավաքել՝ մեկ ժամի դիմաց պահանջելով 100դրամ: Սա այն դեպքում, երբ Գյումրիի ավագանին, հաշվի առնելով գյումրեցիների սոցիալական վիճակը, նկատի ունենալով վարորդների դիմում բողոքները, որոշեց հարցը դնել քննարկման եւ անվճար դարձնել համայնքային ավտոկայանատեղիները: Ավագանու նման որոշման հիմք, ըստ էության, հանդիսացել է նաև այն փաստը, որ վճարովի ավտոկայանատեղիներից համայնքային բյուջե տարեկան մուտքագրվում էր չնչին գումար:



Տեղյա՞կ է արդյոք քաղաքապետարանը քաղաքում ստեղծված իրավիճակի եւ իր քթի տակ տեղի ունեցող ապօրինությունների մասին, եւ եթե տեղյակ է, ապա ինչ քայլեր է ձեռնարկում, եւ որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը: Մեր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են. «Գյումրու ավագանին 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 202 –Ն որոշմամբ հաստատել է. համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016թ.-ի հունվարի 1-ից դարձնել անվճար, միաժամանակ տեղադրելով դրանց անվճար լինելու մասին փաստող ցուցանակներ: Օրեր առաջ համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներից հեռացվեցին նաև դրանց վճարովի լինելու մասին վկայող պաստառները: Տեղեկացանք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ Տարոն Գասպարյանի կողմից ինքնիրավչություն իրականացնելու հատկանիշներով: Այս պահին ընթանում է նախաքննություն»:



Մեզ հաջողվեց պարզել, որ քրեական գործը տարիների պատմություն ունի: Այն հարուցվել է 2013թվականից եւ քննությունն ընթանում է առ այսօր: Գյումրիի քաղաքացի Տարոն Գասպարյանը 99 տարի ժամկետով սեփականաշնորհել է քաղաքի տասնյակից ավել վայրերում գտնվող ավտոկայանատեղիները: Գյումրեցիները վստահ են, որ Տարոն Գասպարյանի անունը ընդամենը փաստաթղթային է, դրանք իրականում պատկանում են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ում օրոք տարածքը հանձնվել է Տարոն Գասպարյանին: Ընդ որում՝ նշված քաղաքացու դեմ հայց է ներկայացրել Գյումրու քաղաքապետարանը՝ պահանջելով չեղյալ համարել նրան 99 տարի վարձակալությամբ տրամադրված հողատարածքների մասին որոշումները, քանի որ որոշման արդյունքում տուժում է համայնքի բյուջեն, շահում է անհատը: Տարոն Գասպարյանը հասցրել է բողոքարկել եւ կասեցնել իր դեմ ուղղված հայցը: Իսկ թե որքանով է այս գործի հետ առնչվում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, փորձեցինք անձամբ պարզել, սակայն նախկին քաղաքապետը խիստ խոսեց՝ ասելով, որ այն ժամանակ էլ ասել էր, հիմա էլ է ասում, ինքն այդ գործի հետ որևէ առնչություն չունի: Մեզ մնում է ավելացնել, որ մինչ ներկա քաղաքապետը պայքարում է նախկինի դեմ, շարունակում է տուժել շարքային գյումրեցին:



Արևիկ Հակոբյան, Գյումրի