Գյուղացին մեղադրում է գյուղապետին իր հողատարածքը ապօրինի ճանապարհով վաճառելու համար

Գյուղացին մեղադրում է գյուղապետին իր հողատարածքը ապօրինի ճանապարհով վաճառելու համար

«Ութ տարի է՝ ինձ մտահոգում ու տանջում է մեկ հարց՝ ո՞նց կարող է իմ սեփականություն համարվող տարածքը այսօր հանդիսանալ ուրիշի սեփականություն։ 1994 թ տեղի ունեցած սեփականաշնորհման գործընթացի ժամանակ դարձել եմ Չիվա գյուղի 4640 քմ մակերեսով հաղատարածքի սեփականատեր։ Ստացել եմ սեփականության իրավունքի վկայական։ Բայց 2005 թ իմ հողատարածքի հարևանությամբ 5 հազար քմ հողամաս վաճառել են իմ անմիջապես հարևան Արտաշես Պետրոսյանին, բայց իմ սեփականաշնորհման հողամասի վկայականի համաձայն միայն սահմանակից է թիվ 12 հատվածը՝ ըստ կադաստրային քարտեզի, մնացածը ազատ տարածք է ու ճանապարհ։ Բանից պարզվում է, որ վաճառել են իմ սեփականաշնորհված տարածքը Արտաշես Պետրոսյանին».- պատմում է Չիվա գյուղի բնակիչ Նորիկ Պողոսյանը։ Նրա խոսքերով՝ գյուղապետ Նաիրի Սարգսյանը, քաջատեղյակ լինելով, որ հողատարածքը պատկանում է իրեն, վաճառել է այն Արտաշես Պետրոսյանին, ով էլ շինանյութի խանութի սեփականատեր է, և ցանկացել է իր տարածքում եւս շինանյութի խանութ եւ սրճարան բացել։ 



Նորիկ Պողոսյանը նաև պատմում է, որ գյուղապետը հանցավոր համաձայնության է եկել իր հարևան Արտաշի և մյուս հարևան՝ Սերյոժա Գալստյանի հետ, վերջինս էլ գործը գլուխ է բերել։ Նա դիմել է տարբեր ատյանների, արդեն ութ տարի է՝ պայքարում է, բայց վերջնական խնդիրը լուծում չի ստացել. «Ութ տարի է է՛լ սպառնում են, է՛լ վախեցնում, ես էլ մենակ եմ ապրում, իմ տարածքը իմ ձեռքից վերցրել են»։



Hraparak.am-ի հետ զրույցում Վայոց Ձորի Չիվա գյուղի գյուղապետ Նաիրի Սարգսյանն ասաց, որ այս խնդրից տեղյակ է ոչ միայն Վայոց Ձորի պատկան մարմինները, այլև ՀՀ կառավարությունը, այդ թվում՝ վարչապետը, ԱԺ նախագահը։ Այդ հողից ինքը ոչ մի կտոր չի վաճառել. «Թղթերն ամբողջովին պարզ կա գրված, Նորիկն ունի 5-6 հազար քմ հողատարածք, որն իրեն է պատկանում, Արտաշեսը հողատարածք գնել է Գալստյան Սերյոժայից, ու իր հողին ոչ ոք ձեռք չի տվել։ Հողազննություն է տեղի ունեցել, չափումներ, որի արդյունքում ամեն ինչ պարզվել է»։



Ինչպես գյուղապետը նշեց, Նորիկ Պողոսյանը գյուղում այդքան էլ լավ համբավ չունի, որոշակի հոգեկան խնդիրներ ունի, անգամ ընտանիքն է նրան լքել և բնակություն հաստատել Երևանում։ «Ոչ ոք չի հասկանում իր ուզածը ինչ է, ուզում է հողը վաճառի, թե ինչ անի, չենք հասկանում։ Դատական ամբողջ ատյաններից, կադաստրի կոմիտեից, բոլոր տեղերից այցելել են, ոչ մեկ չի հասկանում էդ մարդու ուզածն ինչ ա. գալիս են, ասում ա՝ բան չեմ ուզում, գնում են, էլի ինչ-որ բաներ ա խոսում»,-նշում է Նաիրի Սարգսյանը։ Գյուղապետը նաև նշեց, որ ոչ ոք իրեն չի ահաբեկել, չի սպառնացել. Դա ուղղակի նրա հիվանդ երևակայության հետևանքն է։