Հերոսի դստեր ծնունդը, Սոնայի մորաքրոջ 4 ամսականը, խմբագրի կալանավորումը, Իվետայի շքեղացած զգեստը, Պերմյակովի դատը. Մայիսի 6-ը՝ ֆեյսբուքում /ֆոտո/

Հերոսի դստեր ծնունդը, Սոնայի մորաքրոջ 4 ամսականը, խմբագրի կալանավորումը, Իվետայի շքեղացած զգեստը, Պերմյակովի դատը. Մայիսի 6-ը՝ ֆեյսբուքում /ֆոտո/

Այսօրվա առավոտն առավել, քան երբևէ ազդարարվեց բարի լուրով: Առավոտյան ժամը 06-ին Ախուրյանի «Մոր եւ մանկան» բժշկական կենտրոնում ծնվել էր Արցախի քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած գյումրեցի լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը: Հերոսի 18-ամյա այրին 2կգ 900 գրամ քաշով առողջ ու կարմրաթուշ աղջիկ նվիրեց զոհված ամուսնու ընտանիքին: Փոքրիկն այսուհետ կլինի այս ընտանիքի մխիթարությունն ու սփոփանքը, Հրաչ Գալստյանի շարունակությունը, նրա դեռատի այրու և վշտահար ծնողների ապագա տեսլականը: Մեկնաբանությունների ու տարածումների ամենամեծ չափաբաժինն ստացած այս լուրը ողջ օրվա ընթացքում չլքեց համացանցի լրատվական տիրույթը՝ դառնալով ամենադիտվածը:





Օրվա ֆեյսբուքյան թոփ հրապարակումներից էր Եվրատեսիլ-2016 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի երկրորդ փորձը մրցութային բեմին: Մասնագետների հավաստմամբ, երկրորդ փորձն ավելի ինքնավստահ ու հաջողված էր: Ավելի ուշ Իվետան իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց երկրորդ փորձի ժամանակ արված լուսանկարները: Կեսօրին Իվետան ևս մեկ շքեղ լուսանկար էր հրապարակել՝ ամենայն հավանականությմբ, արված ամսագրի շապիկի համար:





Ինչպես ամեն ուրբաթ օր, այսօր էլ շարունակվեց գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի հերթական դատավարությունը: Նախ՝ վկաների մեծ մասը հրաժարվել էին դատարան ներկայանալ, ու չնայած սրան, ավարտվեց հարցաքննությունների փուլը, դատական նիստերը թևակոխեցին նոր փուլ: Հրապարակվեց Պերմյակովի ցուցմունքն ամբողջությամբ, որը բավական տարբեր է նրա նախաքննական ցուցմունքից:





Այսօր Երևանում ևս բավական հնչեղություն ստացած դատական նիստ լուսաբանվեց: Խոսքը Analitik.am լրատվական կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանին ու նրա օգնական Վարդիթեր Գիշյանին՝ շորթման կասկածանքով երկամսյա կալանքի վերցնելու համար հրավիրված դատական նիստի մասին է: Դատարանի որոշմամբ, նրանք երկուսն էլ կալանավորվեցին: Սակայն Վարդիթեր Գիշյանի փաստաբանը պնդում է, որ կալանքն անօրինական է, քանի որ կինն իր խնամքին ունի 2,5 տարեկան երեխա:





Իսկ աստղային կյանքից առանձնացրեցինք երգչուհի Սոնա Շահգելդյանի՝ գրեթե ամեն օր թարմացվող լուսանկարներից մի քանիսը: Սոնայի որդին դարձել է 4 ամսական ու այդ առիթով երգչուհին, ինչպես բոլոր ամսական հոբելյաններին, այս անգամ էլ փոքրիկ տորթով սեղան  էր զարդարել, սակայն ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս փոքրիկի ամսական հոբելյանի տորթի հետ լուսանկարվել է Սոնայի մորաքույրը՝ Նառան: Տպավորություն է, թե ամեն ամիս Սոնա Շահգելդյանի մորաքրոջ ամսականներն են տոնում:





Օրվա ընթացքում համացանցում տարածվում էին նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ կայքերից մեկին տված հարցազրույցը, պատերազմի վերսկսման մասին ադրբեջանական կողմի հայտարարություններն ու հրապարակումները, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կոչը ծնողներին՝ երեխաներին թմրամոլությունից զերծ պահելու համար, ով հորդորում էր ստուգել երեխաների գրպանները, թևերը, մարմինը, սարսափեցնել ու վախեցնել երեխաներին թմրամոլության մասին թեմաներով:



Շուշաննա Գրիգորյան