Առաջին հերթին կկրճատվեն թափուր հաստիքները

Առաջին հերթին կկրճատվեն թափուր հաստիքները

Պետական ապարատի համակարգում առկա են բավականին մեծ թվով թափուր հաստիքներ, որոնք կկրճատվեն առաջին հերթին։ Դրանք քաղծառայության հաստիքացուցակի մոտավորապես 10 տոկոս են, ինչը բավականին մեծ թիվ է։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, դուրս գալով կառավարության նիստից։ Թե կոնկրետ ինչ սկզբունքով և ինչպես է որոշվելու, թե ում ազատել գործից, նա չգիտեր․ «Հանձնաժողով է աշխատելու յուրաքանչյուր մարմնի հետ, և մարմիններն իրենք են հիմնավորելու իրենց ան հրաժեշտ թվաքանակը»։ Մանվել Բադալյանը մասնակցելու է այս հանձնաժողովի աշխատանքներին։ Մեր հարցին, թե տարեցտարի որոշակի հիմնավորումներով պատրաստել եք քաղծառայողների, այժմ ո՞րն է լինելու կրճատման հիմնավորումը, նա պատասխանեց․ «Հաստիքի կրճատում և վերջ»։ Որպես ՀՀ քաղաքացի, Մանվել Բադալյանը խորհուրդ տվեց դեմ չլինել հաստիքների կրճատմանը, «եթե դրանք զբաղեցված են այն մարդկանց կողմից, որոնք արդյունավետ գործունեություն չեն իրականացնում պետական համակարգում»։ Ինչպես են տարբերելու սրտացավ, աշխատասեր, բարեխիղճ մարդկանց հակառակ որակներն ունեցողներից, Բադալյանը չգիտի։ Դա պետական մարմինների ղեկավարներն են որոշելու, ինչը նրբանկատություն է պահանջում։ «Ես էլ որպես պետական մարմնի ղեկավար, եթե պետք է իմ ծանոթին նախընտրեմ, այլ ոչ ավլի արդյունավետին և ավելի արդյունավետին պիտի կրճատման ներկայացնեմ, դա արդեն վայել չի որևէ ղեկավար պաշտոնյայի։ Սա բարոյական հարց է», - ասում է քաղծառայության խորհրդի նախագահը։ Ըստ նրա, օրենքով ամրագրված է կրճատման հետևյալ մեխանիզմը․ «Եթե կան համարժեք, հավասարազոր հաստիքներ՝ ենթադրենք, երկու գլխավոր մասնագետ կա նույն ստորաբաժանման կազմում, ապա պիտի կրճատվի այն հաստիքը, որը զբաղեցնում է ավելի փոքր ստաժ և ավելի ցածր դասային աստիճան»։ Միեւնույն ժամանակ, քաղծառայության խորհրդի նախագահը նշեց, որ իրենք կշարունակեն մրցույթներ անցկացնել: