Դավիթ Լոքյանն ու ՀՀ կառավարությունն ընդդեմ գնդեվազցի Սասունի

Դավիթ Լոքյանն ու ՀՀ կառավարությունն ընդդեմ գնդեվազցի Սասունի

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երեկ կառավարության նիստին էր բերել մի որոշում, որն ըստ էության ուժային լուծում է Ամուլսարի ոսկու հանքը շահագործող ՓԲԸ-ի օգտին։ Այս ընկերությունը, ինչպես հայտնի է, Ջերմուկի հարակից տարածքները, որոնք պատկանում են Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքին, վերցրել է եւ պատրաստվում է այստեղ նոր արտադրական ենթակառուցվածքներ կառուցել։ Սակայն կա խնդիր։ Գնդեվազցի 3 ընտանիք տարբեր պատճառներով չեն տալիս «Գեոթիմին» իրենց հողը։ Եվ, ահա, Լոքյանը լավ ձեւ է գտել՝ գերակա հանրային շահ ճանաչել նշված տարածքները եւ խլել գյուղացիներից։



Ըստ էության, ուժային գրոհը մեկ գյուղացու դեմ է ձեռնարկվում՝ Սասուն Հարությունյանի, որը համաձայն չէ իր հողը հանքարտադրողի որոշած գնով տալ։ Մյուս երկու ընտանիքներին պատկանող հողամասերն օտարել չի հաջողվում տեխնիկական պատճառներով։ Այս մասին մեզ հայտնեց Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը։



«Այնպես չէ, որ մարդիկ հրաժարվել են «Գեոթիմի» առաջարկից։ Արշակյան Մխիթարի հողակտորները կալանքի տակ են բանկին պարտք ունենալու պատճառով։ Մյուսի՝ Հարությունյան Սոնյայի թոռները Գերմանիայում են, փախստականի ստատուսով են եւ չեն կարողանում լիազորագիր ուղարկել հողի հետ գործարք կատարելու համար, իսկ Սասուն Հարությունյանը համաձայն չէ գնի հետ»։ Ըստ գյուղապետի, «Գեոթիմից» մասնագետներ են եղել Հարությունյանի մոտ, գնահատել են այդ հողակտորները, բայց Սասունը չի համաձայնել, եւ «Գեոթիմը» դիմել է վարչապետին։ «Նրանք հիմա էլ պատրաստ են իրենց նշանակած գինը տալ»,- ասում է գյուղապետը։ Փաստորեն, վարչապետն օգնել է անգլիական ընկերությանը՝ խլել գյուղացու հողը, քանի որ հաստատեց Լոքյանի բերած նախագիծը։ Ոչինչ, արտասահմանցիներ են, ի վերջո, պետք է խրախուսել ներդրումները։



Բայց ինչո՞ւ են նրանք այդքան «ժլատ»։ Միթե ՀԲ-ի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի համար, որոնք «Գեոթիմի» բաժնետերերն են, այդքան դժվար էր բավարարել ընդամենը մեկ գյուղացու պահանջը, որի համար թանկ է իր այգին։ Գուցե՝ մյուսներից ավելի։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ