«7 քար» պատերազմի թեմայով

«7 քար» պատերազմի թեմայով

Իգիթյանի անվան մանկական ստեղծագործության կենտրոնն Աբովյանի վրա միշտ անցորդների աչքն ուրախացնում էր վառ ցուցափեղկերով։ Այնտեղ մանուկների լավագույն գործերն էին փակցված՝ ուրախ «բարևներ» մանկությունից, որոնք տեսնելով` երևանցիներն, անկախ տրամադրությունից, ժպտում, թարմանում էին ու էլի շարունակում ճամփան։ Հիմա Իգիթյանի կենտրոնի լուսամուտներին ծանոթ պերսոնաժների փոխարեն զինվորներ են՝ մեկը մյուսի նման, անժպիտ։ Երևում է, որ երեխաներից մեկն է կարողացել լավ զինվոր նկարել, մյուսները «թխել» են նրանից։ Իգիթյանի կենտրոնի կողքով անցնելիս թվում է` մտել ես ռազմական ճամբար, կամ վաղուց պաշարված մի քաղաք, որը հազիվ է շնչում ու որտեղ անգամ երազներն են արգելված։ Ինչո՞ւ են երեխաները միայն զինվորներ նկարում, ո՞ւր կորան վառ մանկական գործերը։ Ներսում միայն հսկիչն էր, ինչպես ամայացած քաղաքում, ու հարցերը տվեցինք նրան։ «Մեր ցուցահանդեսի հետ կապված, ամեն երեխա մի զինվոր է նկարել։ «Մարտիկ» թերթից եկան, նկարեցին, հոդված գրեցին, նրանց շատ էր դուր եկել»։



Ցուցահանդեսի թեման զինվորնե՞րն են։ «Ապրիլի 24-ին նվիրված ցուցահանդես էր։ Ապրիլի 23-ին բացումն արեցին, ուղղակի զինվորը էդ թեմայի ու էս ռազմական իրավիճակի, մեր տրամադրության հետ համահունչ էր, դրա հետ ոնց որ կապված էր»։ Փաստորեն, պատերազմը քիչ էր, ապրիլի 24-ն էլ են երեխաների «վիզը» փաթաթել։ «Հո կոտորած չե՞ն նկարում, - բացատրում է գիդ-հսկիչը ու ցույց է տալիս ուրախ նկարներ՝ առանց խաչի ու լացի, - տեսեք, այստեղ հաց են հավաքում, հարսանիք են անում, կանֆետներ են բաժանում, այս մի նկարում գորգ են գործում, թելեր են մանում, որ գործեն»։ Անցնում ենք հաջորդ շարքին։ Այստեղ էլ քրիստոնեության 3000-ամյակն է։ Եւս մի «մանկական» թեմա։ Լավ, էս երեխաներին իրենց հարմար թեմա չե՞ք տալիս։ Այնքան բան կա շուրջը։ «Մեր պատմությունն է, չպե՞տք է իմանան, - չի հանձնվում հսկիչը, լավ դարպասապահի նման, - դեռ պետք է գոհ լինեն, որ մենք լավ կողմից ենք դաստիարակում երեխաներին։ Թուրքի նման չենք ասում՝ գնացեք, ականջները ու վզները կտրեք։ Այստեղ էլ յոթ քար են խաղում։ Դուք փոքր ժամանակ 7 քար խաղացե՞լ եք»։ Խաղացել եմ, բայց ի՞նչ կապ ունի 7 քարը քրիստոնեության հետ։ «Թեման դա է եղել, բայց իրենք ցույց են տալիս, որ ապրում է եղեռնից հետո ազգը»։ Մուտքի մոտ կախած է Հենրիկ Իգիթյանի լուսանկարը։ «Թող մտնողը տեսնի, թե ով է թողել այս գանձը երեխաներին։ Ընտիր տեղ է, Աբովյանի վրա։ Քանի- քանի մարդիկ են ուզել վերցնել այս տեղը, չեն կարողացել․․․Երևանում տեղ չկա երեխեքին տանելու։ Մի գազանանոցն է ու մեկ էլ սա»։



Սյուզան Սիմոնյան