Գագիկ Բեգլարյանի թիկնապահն ընդունել է մեղադրանքը

Գագիկ Բեգլարյանի թիկնապահն ընդունել է մեղադրանքը

Մայիսի 16-ին տրանսպորտի նախարարության ետնամասում ավտոմեքենաների կայանատեղու շրջանում իսկական պատերազմ է եղել երկու խմբերի միջև։ Մեր տեղեկություններով՝ այս պահին իրավապահների տեսադաշտում են ծեծկռտուքի 11 մասնակից: Ըստ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի՝ 5 մեղադրյալ կա, որոնք այժմ կալանավորված են, եւս մեկին ձերբակալելու որոշում կա, համապատասխան ծանուցագիր է ուղարկվել, սակայն նա չի հայտնաբերվել, հավանաբար փախուստի մեջ է եւ հետախուզում կհայտարարվի։



Հիշեցնենք, որ ծեծկռտուքը կազմակերպել են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները, որոնք նախարարության հաստիքացուցակում ձևակերպված չեն, նաև նախարարի վարորդը՝ Սուրեն անունով։ Բեգլարյանը, որի վարկանիշին այս պատմությունը էական վնաս հասցրեց, իր մամուլի ծառայության միջոցով երեկ ուշ երեկոյան հերքեց իր առնչությունը միջադեպին՝ նշելով նաև, որ թիկնապահներ ինքը չունի։ Այսօր տեղյակ աղբյուրը հայտնեց, որ թիկնապահներից մեկն ընդունել է մեղադրանքը՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը (Քրօր. 112 հոդված, 2-րդ մաս, 6-րդ կետ)։ Նա ցանկացել է իր վրա վերցնել նաև իր հանցակից ընկերների մեղքը, ինչը դժվար թե ստացվի, քանի որ խոսքը խմբակային բռնության մասին է։



Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ գործով կալանավորված են Ա. Կարախանյանը, Ս. Վարդանյանը, Վ. Սարգսյանն ու Հ. Շմոյանը: Չի բացառվում, որ նոր մարդիկ կալանավորվեն, մեղադրանքն էլ խստացվի, ավելացնեն նաեւ «խուլիգանություն» հոդվածը:



Ծեծկռտուքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կռվի մասնակիցներից մեկի ազգականի բանկային քարտից 16 հազար դրամ է պակասել, պոտենցիալ «գողին» հաշվեհարդարի են կանչել նախարարի թիկնապահները:



Գործով ներգրավված է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա պաշտպանում է Գագիկ Բեգլարյանի վարորդի՝ Սուրեն Վարդանյանի և թիկնապահի՝ Վահան Սարգսյանի շահերը։ Երեմ Սարգսյանը մեզ հայտնեց, որ Վահան Սարգսյանի թիկնապահ լինելու մասին նա տվյալ չունի։ «Վահան Սարգսյանը մեղադրանքը ընդունել է մասամբ, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել, քանի որ նախաքննություն է ընթանում», - ասաց փաստաբանը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ