Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայերը ամռանը

Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայերը ամռանը

Տուրիստական գործակալություններում մարդկանց եռուզեռ է նկատվում, հանգստի մեկնելու օրերն են մոտենում։ Մի քանի տուրիստական գործակալությունների հետ մեր զրույցը ցույց տվեց, որ մարդիկ այս տարի հիմնականում ցանկանում են մեկնել իրենց համար ավելի մատչելի վայրեր՝ Հունաստան, Կիպրոս, ԱՄԷ, Շրի Լանկա, իսկ հնարավորության սահմաններում մեծ մասը նախապատվությունը տալիս է եվրոպական երկրներին՝ Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա։ 



«Գոլդ Թրեվլ» տուրիստական ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ ավելի շատ ամրագրել են տոմսեր Կիպրոս, Հունաստան, Բուլղարիա ուղղություններով։ Հայաստանում հանգստանալ ցանկացողների թիվը առանձնապես մեծ չէ, եթե Հայաստան, ապա նախընտրում են Ծաղկաձորը, Դիլիջանը։
Երկու հոգով երկու շաբաթ Հունաստանում հանգստանալը  կարժենա 500 եվրո, սա ամենամատչելի տարբերակներից մեկն է։ Իսկ մեկ անձի համար 7 օրյա հանգիստը Վրաստանում սկսվում է 40 հազար դրամից, Անթալիայում` 800 դոլարից, Բուլղարիայում` 1000 եվրոյից, Եգիպտոսում եւ Դուբայում` 600 դոլարից: Տուրիստական գործակալություններից մեզ հայտեցին, որ հիմնականում 2 հոգով են նախընտրում մեկնել եվրոպական երկրներ հանգստի, նաև` ընտանիքով, միայնակ հանգիստը վայելել ցանկացողներ ևս լինում են։ 



Մարդիկ հաճախ դիմում են տուրիստական գործակալություններին եւ հենց տեղում են ընտրում` ուր մեկնել: Ինչպես գործակալություներից են հայտնում, նախորդ տարիների համեմատ` այս տարի եվրոպական երկրներ մեկնողների թիվը ավելի մեծ է, քչացել է Թուրքիայում հանգստի մեկնողների քանակը։ Տուրգործակալություններից նաև հայտնեցին, որ Քոբուլետի, Բաթումի, Ուռեկի հանգիստն ավելի մատչելի է լինում, քան Սևանում, Ծաղկաձորում, դրա համար մարդիկ նախընտրում են ընտանիքներով հավաքվել և գնալ Վրաստան. «Հայաստանում, օրինակ, զարգացած չէ վարձով տներ տալը, իսկ այնտեղ տները ծառայում են որպես հյուրանոց: Բնակիչներն իրենց տները վարձով են տալիս շատ էժան գներով՝ 2-3 հազար դրամով»:



Հիմնականում հանգստի մեկնում են մեկ շաբաթով, իսկ արտերկրում հանգիստը նախընտրելու պատճառը, ինչպես հայտնեցին գործակալություններից, ոչ միայն այստեղի հանգստյան գոտիների ոչ այդքան մատչելի լինելն է, այլ նաև ծովի բացակայությունը:



Մեկ հետաքրքիր տենդենց եւս, որի մասին նշեցին տուրգործակալության աշխատակիցները, եթե հնարավորությունները չեն ներում, ապա տեղաբնակները դիմում են արշավներին մասնակցելու մեթոդներին։