Հովիկ Աբրահամյանը «նեղվում» է տեսախցիկից (լուսանկարներ, տեսանյութ)

Հովիկ Աբրահամյանը «նեղվում» է տեսախցիկից (լուսանկարներ, տեսանյութ)

 Ինչպես ամեն հինգշաբթի,այնպես էլ այսօր առավոտյան կառավարության շենքի մշտական «հաճախորդները» նույն ժամին, նույն տեղում էին․ եկել էին Բյուզանդի, Ֆիրդուս 33-ի, Արամի, Հյուսիսային պողոտայի բնակիչները, նաիրիտցինեը։ Ոմանք սովորականի պես անցկացրին իրենց ակցիան ու հեռացան տարածքից, բայց առավել վճռական տրամադրվածները մնացել էին տեղում մինչ երեկո։ Բյուզանդի, Ֆիրդուս 33-ի, Արամի, Հյուսիսային պողոտայի բնակիչներն իրենց ակցիան տեղափոխել էին ՀՀԿ գլխավոր շտաբի մոտ. սպասում էին վարչապետի երևալուն։



Սպասում են վարչապետին



Պահակակետի աշխատակիցը նախկին բնակիչներին հայտարարեց, որ վարչապետն այսօր կհանդիպի իրենց հետ։ Մինչ վարչապետի գալը՝ մարդիկ հուզված էին, հույսները չեն կորցրել, որ վերջապես կունենան իրենց սեփական անկյունը։ Եղան նաև պոռթկումի պահեր, լացուկոծ, բոլորն իրենց հետ բերել էին նամակներ և ամեն անգամ բերում են՝ մեծ հույսով, որ անձամբ կհանձնեն վարչապետին։



Եկավ մի շարք նամակների հասցեատեր վարչապետը



Վերջապես, հեռվից ուրվագծվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի կերպարը՝ գալիս էր դանդաղ քայլերով, ժպիտով։ Երբ մոտեցավ՝ մարդիկ իրար հերթ չտալով խոսում ու պատմում էին իրենց խնդիրների մասին։ Իսկ քիչ հետո վարչապետի ձեռքին մի ողջ նամականի էր։ Ժողովուրդը խնդրում էր, որ պարոն վարչապետը ականջալուր լինի իրենց խնդրին, օգնի իրենց, մեկին բնակարան էր անհրաժեշտ, մյուսին գումար՝ կոմունալ վճարումներ կատարելու համար, աշխատանք, իսկ մեկ ուրիշն էլ պարզապես նորմալ ապրել էր ցանկանում։ Իսկ վարչապետին, երբ բանավոր դիմում էին՝ ասում էր՝ նամակն ունե՞ս, գրի տուր։ Իսկ բոլորի բերանին մի խոսք էր՝ պարոն Աբրահամյան ջան։ Այս իրավիճակում իրեն չէր կորցրել հայտնի ՀՀԿ տատին, վարչապետի հասցեին դրվատանքի խոսքերն անսահման էին. «Հայաստանը էսպես վարչապետ չի ունեցել, ինչպիսին Հովիկ Աբրահամյանն ա։ Ոչ մի երկիր այսպիսի աշխատակազմ չունի, փառք ու պատիվ իրենց»։



Ինչպես ժպիտով եկել էր, այնպես էլ ժպիտով հեռացավ



Վարչապետը նույն բարյացկամ ժպիտով հեռացավ ժողովրդի շարքերից՝ վաղը նրանց հետ հանդիպելու խոստումով։ Հովիկ Աբրահամյանը ճանապարհի մյուս կողմում էր, բայց մարդիկ շարունակում էին մնալ իրենց տեղերում, ուրախությո՞ւնն էր տեղում մնալու պատճառը, թե՞ անվստահությունը. չենք կարող ասել։ Իսկ երբ Հովիկ Աբրահամյանը մտնում էր ՀՀԿ շտաբ, նրան «բռնացրեց» ՀՀԿ տատին և մի քանի խոսք փոխանակեցին. Թե ինչ՝ մեզ հայտնի չէ, սակայն նրանցից մեզ հուշ մնաց մի գեղեցիկ լուսանկար։



Հ.Գ Երբ ամեն հինգշաբթի, ժամը 11։00-ին մենք՝ լրագրողներս ,գնում ենք կառավարության շենքի դիմաց՝ այնտեղ գտնվող յուրաքանչյուրի խնդրի մասին բարձրաձայնելու, փորձելու շատերին հասանելի դարձնել տիրող իրավիճակը, ակցիայի մասնակիցները լրագրողներին «ձեռքից ձեռք» են տանում, ուզում են խոսել մարդիկ, մեդիայի միջոցով ինչ-որ խնդիրներ բարձրաձայնել և թեկուզ պատկան մարմիններին տեղյակ պահել դրանց մասին, բայց, երբ վարչապետը իջնում է ներքև իր «բարձունքից» նույն այդ մարդիկ մոռանում են, որ իրենց հետ հավասար, ժամերով կանգնել են լրագրողները, իրենց լսել են և կարեկցել. Բնակիչները մեզ մի բան էին ասում՝ հանկարծ չնկարեք, իսկ երբ հարցրինք ինչո՞ւ, պատասխանեցին՝ տեսախցիկից վարչապետը նեղվում ա։