Հայտնի գործիչները՝ ոճաբանի աչքով. Արմինե Հովհաննիսյան

Հայտնի գործիչները՝ ոճաբանի աչքով. Արմինե Հովհաննիսյան

Hraparak.am-ի «Հայտնի գործիչները՝ ոճաբանի աչքով» շարքի այսօրվա հերոսուհին Րաֆֆի Հովհաննիսյանի կինն է` Արմինե Հովհաննիսյանը։ Մեր ոճաբան Նիակրիսը վերլուծել է նրա իմիջը, մատնանշել առկա սխալները և դրական կողմերը։



Հազվադեպ է ոճում սխալներ թույլ տալիս. հագուստի գինը միջին չափի է



Մեր շարքի տրամաբանական շարունակությունը պետք է լիներ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի ոճի վերլուծումը, բայց քանի որ նկարներ հայթայթելու` մեկ շաբաթից ավելի տևած մեր փորձերը ձախողվեցին, ստիպված հանգիստ ենք թողնում տիկին Տեր-Պետրոսյանին ու նրա ոճը և անցնում ժամանակին գրեթե առաջին տիկին դարձած Արմինե Հովհաննիսյանին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի տիկնոջը: Տիկին Արմինեն Արևմտյան քաղաքական տրադիցիաների ամենավառ ներկայացուցիչն է մեր երկրում. ժպտերես, բարեհամբույր, գրեթե միշտ պատշաճ դրեսս կոդով հագնված: Տիկին Հովհաննիսյանը, անշուշտ, դրական էմոցիաներ է առաջացնում առաջին իսկ հայացքից, տիկին Արմինեն հազվադեպ է ոճում սխալներ թույլ տալիս, դասական էլեգանտ հագուստով՝ ճիշտ ընդգծում է թե մարմնի բարեմասնությունները, թե խնամված տեսքը: Միակ թերացումը, թերևս, այն է, որ նա գրեթե միշտ նախընտրում է սև գույնը, ինչը դեժավյու-ի տպավորություն է թողնում, չնայած որ անգամ սև զգեստները բազմազան են և չեն կրկնվում: Խորհուրդ կտայի հրաժարվել անթև զգեստերից և անգամ ամռանը նախընտրել մինչև արմունկը հասնող թևքերով մոդելները, և արժե փոխել սև գույնը կամ փորձել այն համալրել այլ գույներով: Հագուստի գնի մասին. կարծում եմ` հագուստը միջին գնային սանդղակում է, քանի որ շատ թանկ և հայտնի ֆիրմային մոդելներ չեմ տեսնում, բայց արտաքին տեսքը և դետալները վկայում են լավ որակի մասին:













Դետալներն ու զարդերը



Ինչ վերաբերում է զարդերին, ապա տիկին Արմինեն հաճախ է կրում մարգարտե զարդեր, ինչը բարձր ճաշակի մասին է վկայում, ու ընդհանրապես զարդերն ընտրում է տեղին ու առիթին համապատասխան: Կոշիկները. կարծում եմ՝ արժե հրաժարվել սուր քթով կոշիկներից, քանի որ դրանք ընդհանուր տեսքին տարիք ավելացնելու հատկություն ունեն և առանց պրոֆեսիոնալ օգնության շատ դժվար են համադրվում:













Սանրվածք և դիմահարդարում



Այստեղ առկա է մի քանի սխալ: Կիսահավաքած մազերը ամենալավ տարբերակը չեն, թափված կամ բարձր պոչիկը, կարծում եմ, ավելի կսազեն մեր այսօրվա հերոսուհուն, քանի որ տիկին Արմինեի մաշկի գույնը բազմազան էքսպերիմենտների հնարավորություն է տալիս, երանգի ցանկացած ընտրությունը թույլատրելի է: Դեմքը՝ արժե փոխել, հոնքերի ձևը՝ հրաժարվել չափից ավելի երկար ֆորմայից, քանի որ այդպիսով վիզուալ իջնում են աչքերի անկյունները, ու դեմքը հոգնած տպավորություն է թողնում: Դիմահարդարումը ևս շտկման կարիք ունի, սուրմայով արված խիստ սև գծերը (стрелки) արժե թողնել անցյալում և նախապատվությունը տալ ավելի շագանակագույն երանգներին: Ասում են՝ դիմահարդարումը ձեռագրի պես բան է. փոխել գրեթե անհնար է, բայց տարիքի հետ արժե հրաժարվել աչքի զարնող շպարից և բավական աննկատ make up նախընտրել: Իսկ կարմիր շրթներկը շատ սազում է տիկին Արմինեին: Եվ վերջում, կարելի է միայն հիանալ բազմազավակ մայր, բարեգործ ու ընդհանրապես հաճելի մարդով, տիկին Արմինեն խնամված ու գեղեցիկ կին է, և միանշանակ չարժե թերագնահատել այսպիսի կնոջ դերը սեփական ամուսնու քաղաքական նվաճումներում:













Մեր շարքի շրջանակներում նախկինում անդրադարձել էինք «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանին, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե ՆաղդալյանինՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա ԿարապետյանինԱԺ պատգամավոր Նաիրա ԶոհրաբյանինԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե ԲիշարյանինՄշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ՀակոբյանինՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, նախկին ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանին: