Իսկ ոստիկանությունում ինձ այդպես էլ «դժվարացան» նույնականացնել

Իսկ ոստիկանությունում ինձ այդպես էլ «դժվարացան» նույնականացնել

Նոր ԸՕ-ն, կարելի է ասել, հորով-մորով եղավ, եթե չհաշվենք դրա ծախսատար մասի անորոշ վիճակը: Հազիվ թե համաշխարհային պատմության մեջ նման մի ուրիշ դեպք եղած լինի, որ նիսյայով օրենք ընդունեն, բայց, ինչպես ասում են` հնարավորությունների եւ ցանկությունների հարաբերության հարց է:



Եթե չեմ սխալվում` բորտին մնալու ենթակա կետերից մեկն էլ անձը հաստատող միասնական փաստաթղթի հարցն է` նույնականացման քարտերի, որոնք պետք է անվճար բաժանվեն բոլոր ընտրողներին, մատնահետքերը հանձնելուց հետո: Առաջ չանցնելով ասեմ, որ այս կետն ամենազավեշտալին է ԸՕ-ում, որովհետեւ ոստիկանությունում պահանջվում է 10 մատնահետք հանձնել, իսկ ընտրության ժամանակ ընդամենը մեկը` ցուցամատինը: Ի՞նչ է ստացվում` ընտրական հանձնաժողովն այնքան խելացի է, որ մարդու մեկ մատնահետքով էլ ճանաչում է նրան, իսկ ոստիկանությունը՝ այնքան բութ, որ մինչեւ 10 մատնահետքը չլինի, չի՞ կարող նույնականացնել քաղաքացուն: Ես, գոնե, այդպես եմ հասկանում:



Փարիզ թռե՞լ եք կամ որեւէ այլ տեղ: Երբեւէ ձեզնից 10 մատնահետք պահանջե՞լ են, որ պարզեն` ահաբեկի՞չ եք, թե՞ ոչ, Ինտերպոլի ուշադրության կենտրոնում եղե՞լ եք, թե՞ ոչ, վերջապես, իհարկե՝ տխուր բան եմ ասում, եթե այդ ինքնաթիռի հետ մի բան լինի, ձեզ էլի նույնականացնելու են այդ մատնահետքով: Հիմա մեր ոստիկանությունը 10 մատնահետք պետք է վերցնի, որպեսզի նույնականացնի ՀՀ քաղաքացուն (ի դեպ` ամեն մատնահետքը ծախս է): Եվ զավեշտն այն է, որ սա այն ոստիկանությունն է, որ գետնի տակից էլ կճարի ում ուզենա, եւ չի ճարի` ում չուզենա: Ասելս այն է, որ այս օրենսգիրքը ոստիկանությանը հնարավորություն է ընձեռում ընտրողների թվաքանակի հետ իր ուզած խաղերը տալու, ընդհուպ` Ղազախստանի քաղաքացիներին ՀՀ քաղաքացու «կարգավիճակ շնորհելու»` նրանց տրամադրելով նույնականացման քարտ եւ նրանց մատնահետքը Մուկուչյանի հիմնարկին փոխանցելով: Այնպես որ, ոստիկանությունում 10 մատնահետք հանձնելու պահանջն ընդամենը փոթորկի տպավորություն թողնելու համար է, թե տեսեք` որքան զգույշ ենք մենք: Մի բան էլ ասեմ` եթե մարդն ունի 9 մատ կամ 8, նույնականացման քարտ չի՞ կարող ստանալ: Դե ուրեմն քամի մի արեք:



Իսկ հիմա` ՀՀ քաղաքացուն նույնականացնելու հայրենի ոստիկանության մեծ հնարավորությունների մասին: Ես տեղի ունեցածը կներկայացնեմ երրորդ դեմքով, որպեսզի ընթերցողը հանկարծ չմտածի, թե նման բան կարող է տեղի ունենալ միայն ուրիշի հետ: Եվ այսպես` ամուսինները դիմում են իրենց բնակության վայրի անձնագրային սեղան` խնդրելով երկարաձգել իրենց եւ իրենց դստեր անձնագրերի` արտասահմանյան երկրներում վավերականության ժամկետը: Ներկայացնում են անձնագրերը, եւ հանկարծ պարզվում է, որ ոստիկանությունը չի կարող դստեր բացակայությամբ հոր անձնագրի մեջ կնիք խփել:



Պատճա՞ռը` մենք ի՞նչ իմանանք, որ նա Ձեր դուստրն է: Ազգանունն ու հայրանունը Ձեզ ոչինչ չե՞ն հուշում: Ոչ: Իսկ բնակության հասցե՞ն, մենք նույն տանն ենք ապրում: Ոչ: Կամ ինքը պետք է գա, կամ ձեզ պետք է լիազորի` իր փոխարեն այդ գործարքը (ես մեռա «գործարք» բառի վրա) կատարելու: Ներողություն, իսկ լիազորագիրը պետք է նոտարո՞վ հաստատված լինի: Ոչ, սովորական: Շնորհակալություն: Հաջորդ օրը հայրը, որ մի քիչ վիրավորված էր, որ իր բնակության վայրի անձնագրային սեղանում դժվարացել էին ճանաչել իր հայրության անվիճելիությունը, անսեղան անձնագրային սեղան է ներկայանում արդեն լիազորագրով` տրված իր դստեր կողմից, առ այն, որ նա լիազորում է հորը` իր փոխարեն զբաղվել անձնագրի ժամկետը երկարացնելու հարցով: Ոչինչ չկասկածող հայրը պատուհանից ներս է տալիս դստեր անձնագիրը, վճարման կտրոնը եւ լիազորագիրը: Եվ սկսվում է` սա ո՞ւմ անձնագիրն է: Դստերս, չե՞ք հիշում՝ երեկ էլ էինք այստեղ: Դա կապ չունի, Դուք ո՞վ եք: Նրա հայրը, լիազորագրում գրված է: Դա կապ չունի, ես ինչպե՞ս իմանամ, որ Դուք հենց այն մարդն եք, որ նշված է լիազորագրում: Լիազորագրում իմ անձնագրային բոլոր տվյալները կան, ձեզ ի՞նչ է պետք ուրիշ` ինձ նույնականացնելու համար: Ձեր անձնագրի պատճենը: Սիրելիս, երեկ ինձնից դա չեն պահանջել: Դուք, եթե կարելի է, ձեր բազայում նայեք, մեկ էլ չգնամ-գամ էս շոգին: Չեմ կարող, պատճենը պարտադիր է, նաեւ Ձեր դստեր անձնագրի պատճենը:



Հիմա կասեք` կարգ է, այդ ամենը պետք է լինի, որ կարողանան «գործարքն» անել: Ես էլ եմ այդպես կարծում, բայց, գրողը տանի, այդ ամենը տեղի է ունենում ոստիկանությունում եւ ոչ թե որեւէ լոմբարդում կամ բանկում, որ կլիենտը հանկարծ չթռնի:



Այսքանից հետո քաղաքացին ինչպե՞ս վստահի այն ընտրացուցակի անաղարտությանը, որով ինքը տասնյակ տարիներ մասնակցել է ընտրությունների, հարյուրավոր անգամներ գործ ունեցել նույն անձնագրային սեղանի հետ, վերջապես, սա արդեն համեմատաբար նոր ժամանակներում, ճշգրիտ նույնականացմամբ ծանուցումներ ստացել հայրենի ոստիկանությունից` ճանապարհային երթեւեկության խախտումների մասին: Հետաքրքիր է, չէ՞, երբ գնում ես տույժուտուգանք վճարելու` նույն ոստիկանությունում չեն հարցնում` դու ո՞վ ես, այս մեքենայի ի՞նչն ես: Ամեն ինչ հարթ է, ամեն ինչ գիտեն, անձնագրի պատճենն էլ չեն պահանջում եւ ոչ էլ նույնիսկ լիազորագիր ավտոմեքենայից, որ ղեկին դու ես եղել:



Ես այսպես կասեմ` շուլերությունն այս հարցում ակնհայտ է: Լավ ԸՕ ունենալու համար ոչ մի 16 միլիոն եվրո էլ պետք չէ: Եթե օրենսդիրները, այդ թվում եւ իշխանական, նստում ու մի օրենք են գրում, թե ինչ անեն, որ իրենք չկարողանան ընտրություն կեղծել, դա արդեն իսկ լուրջ չէ: Ու գիտե՞ք, թե ինչու են իրար ուտում: Պատասխանը շատ պարզ է` նրանք օրենք են ընդունել ոչ թե ընտրությունների, այլ իրենց վարքուբարքի մասին:



Պետք էր ընդամենը ԱԺ լույսի փողը տալ ու գիշեր-ցերեկ, լուռ համաձայնությամբ պատրաստել մի փաստաթուղթ, որի հիմքում լինեին ոչ թե «տեխնոծին ֆինտուֆլյուշկաները», այլ 21-րդ դարին հարիր մարդու մտածելակերպը, այն է` ընտրության տերը ժողովուրդն է: Միայն ժողովուրդն է, որ հեռու է ընտրություն կեղծելու կանխատրամադրվածությունից, եթե նրան չեն դրդում: Հավատացեք` նույնիսկ վիրավորական է, երբ քաղաքացուց, ինչպես հանցագործից, մատնահետք են պահանջում, որպեսզի թույլ տան, որ նա իրականացնի Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ