Այբ, Բեն, ինչո՞ւ ոչ՝ Գիմ…

Այբ, Բեն, ինչո՞ւ ոչ՝ Գիմ…

Վահրամ Աթանեսյանի հետ իմ հեռակա բանավեճը ես արդեն ավարտված էի համարում: Անիմաստ է բանավիճել մի մարդու հետ, որն ամեն անգամ իր պատասխան խոսքում ամեն ինչ այնպես է շուռումուռ տալիս, որ մի բան էլ դու ես պարտք մնում: Եվ հիմա գրում եմ այն հույսով, որ Վահրամ Աթանեսյանը հասկանա՝ չի կարելի գրել ամեն ինչի ու ամեն մեկի մասին, ընդ որում՝ մեկ այսպես, մեկ՝ այնպես, այսինքն՝ ինչպես պատահի:



Խոսքն այս անգամ նրա ««Այբ»-ից հետո ասել «Բեն»-ը» հոդվածի մասին է, որտեղ Վահրամ Աթանեսյանն այն միտքն է զարգացրել, որ, իբր, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, ձեռք ձեռքի տված, Սերժ Սարգսյանին խանգարել են գլուխ բերել հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորումը: Հավատացեք, որ ես առաջին անգամ Վահրամից լսեցի այդ մասին եւ մինչ օրս այն կարծիքին էի, որ հատկապես այդ հարցում ՀԱԿ-ՀՅԴ համագործակցություն չի եղել: Ավելին ասեմ՝ ՀԱԿ-ը նույնիսկ տուն գնաց փողոցից, երբ իմացավ, որ Գյուլը գալիս է Հայաստան:



«Երբ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու բացառիկ հնարավորությունն օգտագործելու պրագմատիզմը տրորվում է Հայաստանի նախագահի այցին Փարիզում կազմակերպված տհաճություններով, իսկ երկրի ներսում անհաշտ մրցակիցներ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն միավորվում են, որպեսզի Սահմանադրական դատարանի «խուճուճ» ձեւակերպումներով Ցյուրիխը տապալվի, գալիս է սահմանն արդեն առանց քո մասնակցության բացելու ժամանակը: Պատկերացնո՞ւմ եք ինչ ֆուրոր կաներ Հայաստանը, եթե վավերացներ Ցյուրիխի արձանագրությունները: Դա կլիներ շատ պրագմատիկ քայլ:



Բայց ինչպե՞ս վավերացներ, եթե ներսում եւ դրսում «նախագահ, մի՛ զիջիր» աղաղակն էր միայն հնչում: Ի՞նչ էր «զիջում»: Հայ-թուրքական «հաղթական պատերազմով ազատագրված» Արեւմտյան Հայաստա՞նը, թե՞ ռուս-թուրքական պայմանագրի «չեղարկման արդյունքում անտեր մնացած» Նախիջեւանը… Դա բացառիկ հնարավորություն էր՝ հայ-թուրքական հարաբերությունները դուրս բերելու ռուս-թուրքական ոչ լեգիտիմ պայմանավորվածությունների տիրույթից, որը մսխվեց եւ այլեւս երբեք չի վերականգնվելու: Ցյուրիխի տապալումից հետո Հայաստանի եվրոպական ընտրությունը կորցրեց քաղաքակրթական նշանակությունը: Կատարելապես մեկուսացված չմնալու միակ այլընտրանքը ԵԱՏՄ-ն էր, որին Հայաստանի անդամակցությանը երկու ձեռքով կողմ էին դարձյալ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն»,- գրել է Վահրամ Աթանեսյանը: Առաջ չանցնելով՝ նրան հիշեցնեմ, որ ՀՀ նախագահի խիստ պրագմատիկ «ֆուտբոլային դիվանագիտությունը» միայն Փարիզում չէ, որ ընդունվեց աննախադեպ «ջերմությամբ»:



Իսկ հիմա՝ գլխավորի մասին: Պարզվում է, որ Վահրամ Աթանեսյանն էլ ժամանակին հավատ չի ընծայել «ֆուտբոլային դիվանագիտությանը», այսպես ասեմ՝ առնվազն Թուրքիայի մասով: Այսինքն՝ Վահրամ Աթանեսյանն այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն ասում էր՝ «նախագահ, մի զիջիր», հասկանալիս է եղել, որ Էրդողանի (Թուրքիայի) մեզը պղտոր է: Ահավասիկ, հեռավոր 2009 թվականի ապրիլի 22-ին նա «Առավոտին» ասում է. «Թուրքիայի պարոն վարչապետն ինքը պետք է մոռանա հայ-թուրքական սահմանի բացման մասին, եթե դրա նախապայմանը ղարաբաղյան խնդրի կարգավորման այն տարբերակն է, որն ինքն է պաշտպանում» (http://www.aravot.am/2009/04/22/359149/):



Նկատենք, որ այն ժամանակ ԵԱՏՄ չկար, եւ հայ-թուրքական սահմանն էլ կարող էր բացվել ոչ միայն ռուս-թուրքական համաձայնությամբ, այլեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ: Եվ, պատկերացրեք՝ կբացվեր, մեզ համար ստորացուցիչ պայմաններով, եթե չլինեին «նախագահ, մի զիջիր» «աղաղակները» եւ ՀՀ նախագահի համահայկական շրջայցի պատկերները: Վահրամ Աթանեսյանը, պարզվում է, այն ժամանակ հասկանում էր, թե ինչ էր «զիջում» նախագահը՝ այո, Արցախը, որի անկախությունն էր դրված հայ-թուրքական հաշտեցման սեղանին: Երբ Ցյուրիխում քաշքշում էին Էդվարդ Նալբանդյանի թշիկները, վստահ եմ, արցախցի պատգամավոր Վահրամ Աթանեսյանին նույնիսկ մի պահ թվացել է, թե իր թշիկներն են քաշքշում: Եվ ո՞վ էր քաշքշողը՝ հյուրանոցի համարից Նալբանդյանին բերման ենթարկած Հիլարի Քլինթոնը:



«Առավոտի» հետ նույն հարցազրույցում Վահրամ Աթանեսյանն իմաստուն բաներ էլ է ասել. «Ես կարող եմ միանշանակ ասել, որ ԼՂՀ ժողովուրդը վստահում է իր իշխանություններին: Իսկ վերլուծաբանի իմ անձնական տպավորությունն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում ԼՂՀ ժողովրդի շահերը չեն տուժելու: Հայաստանի իշխանությունները չեն գնալու այնպիսի զիջումների, որպիսիք պահանջում է թուրքական կողմը»: Տրամաբանական հարց է առաջանում՝ այդ ի՞նչ է փոխվել հանկարծ, որ Վահրամ Աթանեսյանը, նոստալգիայի մեջ ընկած, կարոտով է հիշում Ցյուրիխն ու քննադատում Դաշնակցությանը:



Բայց, ինչ էլ լինի, կարգին տղա է Վահրամ Աթանեսյանը: Հապա մի տեսեք, թե ինչ է ասել News.am-ին, որ կարելի է նույնիսկ Հայաստանի պատմության դասագրքերում գրել. «Ոչ Թուրքիան, ոչ, մանավանդ, Ադրբեջանը կայացած պետություն չէ: Միայն մի բան` Ադրբեջանը եւ Թուրքիան առանձին-առանձին ունակ չեն հարաբերություններ կարգավորել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ, առհասարակ, հայ ժողովրդի հետ»: Այս հանճարեղ միտքը եւս Վահրամի գլխում ծագել է 2009 թվականին, բայց արդեն օգոստոսին, երբ պարզ էր, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է միջամտել արցախյան խնդրին, իսկ Բաքուն էլ ոռնոց էր բարձրացրել, թե հայերը փորձում են բացել ոչ այն սահմանը:



Մեր Աթանեսյանը մտավախություն ունի, որ Ռուսաստանն ու Թուրքիան այս մեղրամսի ալիքի տակ կբացեն հայ-թուրքական սահմանը՝ առանց մեզ հարցնելու: Շատ ներողություն՝ իսկ Ցյուրիխում, պրոտոկոլներ ստորագրելիս, հարգելի Վահրամ, հարցրե՞լ էին: Ամեն դեպքում՝ մեզ հարցնելու բան էլ չկա: Թուրքիան փակել է սահմանը, թող Թուրքիան էլ բացի: Ի՞նչ կապ ունի դա Հռոմի պապի ժողգործիքների հետ, եթե մենք վստահ ենք, որ ՀՀ եւ Արցախի իշխանությունները Ղարաբաղի հարցում զիջելու բան չունեն: Բայց եթե Վահրամ Աթանեսյանի սիրտը կասկած է ընկել այդ հարցում, ապա նա պարտավոր է այդ մասին հստակ արտահայտվել եւ բարձրաձայն ասել. «Մի զիջեք»: Մանավանդ որ խոսքն այս դեպքում իր հայրենի Արցախի մասին է եւ ոչ թե «անկարեւոր» Արեւմտյան Հայաստանի կամ «ինչ-որ» Նախիջեւանի:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ