Խոսնակն ու դզող-փչողը պետք է տարբերվեն իրարից

Խոսնակն ու դզող-փչողը պետք է տարբերվեն իրարից

Հանրապետական ԳՄ վերջին նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, կարծում եմ, ինչ-որ բան թաքցնում էր կամ, առնվազն, այնպես չէր ասում, ինչպես կասեր Վիեննայի եւ Մոսկվայի հանդիպումներից առաջ: Տպավորությունը, որ ստանում ես խոսնակի գործածած ապառնի ժամանակաձեւերից, մեղմ ասած, այնքան էլ հաճելի չէ: Ինչ-որ բա՞ն է փոխվել Արցախի հարցով բանակցային գործընթացում, որի մասին իշխանությունները մեզ ոչինչ չեն ասում, իսկ Շարմազանովն էլ պտույտ է տալիս «вокруг дa около»: Այդպես հաճախ է լինում, երբ մարդը մահանում է, եւ մյուսները չեն իմանում ինչպես այդ լուրը հաղորդել մահացածի հարազատներին:



Նախ՝ ուշադրությամբ կարդանք պարոն Շարմազանովի այս հայտարարությունը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ համընկնում է: Երեք համանախագահներն էլ գտնում են, որ թիվ մեկ խնդիրը խաղաղությունն է, եւ մենք պետք է կարողանանք Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում մեր հասարակություններին պատրաստենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Մեզ համար նույնպես առաջնային է խաղաղության ամրապնդումը»: Կարո՞ղ է մեկն ինձ բացատրել, թե այդ ինչ պետք է անեն ՀՀ եւ Արցախի իշխանությունները՝ Հայաստանում եւ Արցախում հասարակությանը խաղաղության տրամադրելու առումով: Ո՞ւմ համար դեռ պարզ չէ, որ Հայաստանում եւ Արցախում այդ ուղղությամբ գործ չկա անելու, եւ այնպես էլ չէ, որ 1994 թվականից այս կողմ հայ ժողովուրդն իր իշխանություններից պահանջում է հարձակվել Ադրբեջանի վրա: Եվ երբ Շարմազանովն ասում է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի հասարակություններին պետք է տրամադրել խաղաղության, սա արդեն պարզորոշ ցույց է տալիս, որ միջնորդները դարձյալ հավասարության նշան են դրել Ադրբեջանի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ: Թեեւ սա մեզ համար նորություն չպետք է լիներ, բայց Շարմազանովի այս հայտարարության մեջ չարագուշակ բան կա: Արդյոք վաղը կամ մյուս օրը չե՞ն պատրաստվում մի այնպիսի բան անել, որ անհրաժեշտություն զգացվի նաեւ հայ ժողովրդին խաղաղություն պարտադրել: Ասենք՝ ստիպեն, որ, խաղաղասիրաբար տրամադրված, Քելբաջարը տանք:



Ժիրոյին ինչո՞ւ եք բռնել, պարոն Շարմազանով, որ ավելի հե՞շտ լինի մյուսներին խաղաղասիրաբար տրամադրել: Բա գեներալ Մանվելի՞ն ինչու չեք բռնում, որ դեռ կրակոց չեղած՝ «Երկրապահը» հետեւը գցած, առաջին գիծ է գնում:



Շարմազանովի հաջորդ հայտարարությունն ավելի վատն է ու ավելի տագնապեցնող. «Հայկական կողմի համար կարեւոր եւ առաջնային է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը հանրաքվեի միջոցով: Լեռնային Ղարաբաղը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղը պետք է կարողանա իրացնել իր ինքնորոշման իրավունքը: Այս իմաստով կարգավիճակի եւ ինքնորոշման հարցը մեզ համար շատ կարեւոր է, ինչպես նաեւ կարեւոր է խաղաղությունը: Մենք ձգտելու ենք հասնել խաղաղության եւ գտնում ենք, որ տարածաշրջանը դրանից միայն կշահի, սակայն միեւնույն ժամանակ դա պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման պարագայում: Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու հնարավորություն»:



Ո՞ր հանրաքվեի մասին է խոսքը, պարոն Շարմազանով, ա՞յն, որ արդեն տեղի է ունեցել, թե՞ այն, որ նոր պետք է տեղի ունենա: Խոսնակը պետք է կարողանա հստակ արտահայտվել եւ պոչ չխաղացնել: Իսկ Ձեր ասածից չի հասկացվում՝ հայկական կողմը պետք է հետապնդի Արցախի անկախության 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ինքնորոշման իրավո՞ւնքը, թե՞ մեզ առաջիկայում նոր հանրաքվե է սպասվում՝ տարածքները տալուց եւ խաղաղասիրաբար տրամադրված ադրբեջանցիների վերադարձից հետո: Գիտե՞ք ինչ, 25 տարի է արդեն՝ Արցախը տեր է իր հանրաքվեին ու դրա արդյունքներով պայմանավորված սահմանադրությանը: Աշխարհում ոչ մի նախադեպ չկա, որ անկախացած երկրից խլեն իր անկախությունն ու մի քանի հանրաքվե անցկացնեն: Հետեւաբար, արդեն նոր ֆոկուս է, երբ Շարմազանովը հայտարարում է. «Լեռնային Ղարաբաղը պետք է կարողանա իրացնել իր ինքնորոշման իրավունքը: Այս իմաստով կարգավիճակի եւ ինքնորոշման հարցը մեզ համար շատ կարեւոր է»: «Կարգավիճակը», հասկացանք, դեռ պետք է որոշվի, իսկ ինչո՞ւ են բզբզում «ինքնորոշումը», կասկածի տակ առնում անկախության հանրաքվեի արդյունքները: Արցախն արդեն ինքնորոշվել է, եւ պետք է ընդամենը ճանաչել այդ ձեռքբերումը: Մինչդեռ Շարմազանովի ասածներից զգացվում է, թե Արցախը նոր պետք է ձեռք բերի այդ ամենը՝ «Ղարաբաղը պետք է կարողանա», «Ղարաբաղը պետք է ունենա»… Շարմազանովը պատահաբար չի՞ մոռացել, որ խոսում է դե ֆակտո քառորդ դար անկախության ճանապարհ անցած երկրի մասին: Իսկ գուցե, այնուամենայնիվ, նա պատահաբա՞ր չասաց, որ պատրաստվում են նաեւ մեզ՝ հայերիս խաղաղասիրաբար տրամադրել:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ