Ոչ գրասենյակ ունեն, ոչ անդամներ, ոչ ծրագիր ու գաղափարախոսություն

Ոչ գրասենյակ ունեն, ոչ անդամներ, ոչ ծրագիր ու գաղափարախոսություն

Արդարադատության նախարարությունում 70-ից ավելի կուսակցություններ են գրանցված։ Սակայն նրանց մի զգալի մասը ոչ անդամներ ունեն, ոչ նորմալ գրասենյակ ու կառույց, ոչ գաղափարախոսություն ու ծրագիր, ոչ էլ արժեհամակարգ։



Սա, իրականում, ձեռնտու է գործող իշխանություններին․ որքան մանր, հեղինակություն չունեցող ու անբան կուսակցությունները շատ լինեն, այնքան նվազ նկատելի կլինեն Հանրապետական կուսակցության թերությունները, եւ այնքան հեշտ կլինի նորից մեծամասնություն կազմել ապագա խորհրդարանում։ Մանրերը որեւէ վտանգ չեն ներկայացնում ՀՀԿ-ի համար եւ հեշտ են գործարքների գնում ու կառավարվում։ 7-8 ամիս ժամանակ է մնացել առաջիկա ԱԺ ընտրություններին, իշխանությունը շարունակում է «բաժանիր, որ տիրես», «փոշիացրու, որ հաղթես» գործելաոճը։ Ակնհայտ է, որ փորձում են խորհրդարան մտցնել բազմաթիվ մանր ու կիսաձայն կուսակցությունների եւ մանր մոզայիկ պատկերից կազմված ԱԺ ունենալ։ Մինչդեռ, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետով հստակ սահմանվում է. 1. Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 200 անդամ: Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերի առնվազն 1/3-ում, ներառյալ` Երեւանում: Կուսակցությունն իրավունք ունի սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել կառուցվածքային ստորաբաժանումներ:



Իսկ դրա հաջորդ՝ 11 կետով էլ սահմանվում է, որ պետական գրանցման պահից ոչ ուշ, քան 6 ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2 հազար անդամ, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, եւ տարածքային ստորաբաժանումներ ՀՀ բոլոր մարզերում, ներառյալ` Երեւան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին: Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Հարությունյանի, Սոս Գիմիշյանի, Պետրոս Մակեյանի, Պարույր Հայրիկյանի, Գուրգեն Արսենյանի, Արարատ Զուրաբյանի, Էդմոն Մարուքյանի, Տիգրան Ուրիխանյանի եւ նմանատիպ այլ գործիչների ղեկավարած կուսակցություններում քանի անդամ կա։ Բայց նրանք կուսակցություն են համարվում՝ խախտելով օրենքի պահանջները՝ նվազագույնը 2 հազար անդամ ունենալու, առնվազն 2 տարին մեկ համագումար հրավիրելու եւ այլնի մասին։



Հիմա հարց՝ արդյոք պե՞տք է լուծարվեն այս կուսակցությունները, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը, պարզվեց, բավականին բարդ է։ Սրան դժվարացավ պատասխանել նախ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Դրա հետ կապված օրենքով որեւէ սանկցիա պարունակող դրույթ, որպես այդպիսին, ամրագրված չէ, ըստ էության»,-ասաց նա։ Իսկ արժե՞ օրենքում նման կետ ամրագրել։ Մուկուչյանն ասաց. «Ըստ էության՝ կուսակցություններն այն կազմակերպություններն են, որոնք մասնակցում են քաղաքական գործընթացներին, եւ, բնականաբար, քաղաքական գործընթացներին մասնակցում է կուսակցությունը մեկ-երկու անգամ կամ, չունենալով անհրաժեշտ ռեսուրսներ, չի մասնակցում, ըստ էության, դա հանգեցնելու է ինքնըստինքյան այդ կուսակցության լուծարմանը»։ Մուկուչյանը կարծես ավելի հակված է ինքնակարգավորման, որ եթե կուսակցությունն իր գործառույթը չի իրականացնում, դա պետք է հանգեցնի կուսակցությունների լուծարմանը, եւ հարկ չկա տարաբնույթ վարչական միջոցներով, հարկադիր լուծարման մեխանիզմներով դրա վրա ազդել, ինչը, ըստ նրա, կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ։



ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստրի գործակալությունից մեզ ասացին, որ այսօրվա դրությամբ իրենց մոտ գրանցված է 73 կուսակցություն։ Եվս երկուսը՝ «Համախմբումն» ու ԳԱԼԱ-ն, ուղարկել են գրանցման փաստաթղթերը, եւ գործընթացը գտնվում է վարույթում։ Պետռեգիստրից եւս դժվարացան ասել՝ եթե 6 ամիս անց վերոնշյալ չափանիշները խախտվում են, որեւէ իրավական հիմք նախատեսվա՞ծ է տվյալ կուսակցության լուծարման համար։ Գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանն ասաց, որ լուծարման հիմքը այդ վերը նշված կետով սահմանված հաշվետվության չներկայացնելն է եւ Սահմանադրական դատարանի կողմից կասեցումն ու արգելումը։ Իսկ մեր բուն հարցի պատասխանը չտվեցին՝ հղում արեցին միայն օրենքներին, որտեղ այդպես էլ չգտանք մի կետ, որով նախատեսվում է գործունեության դադարեցում՝ վերը թվարկված պահանջների չկատարման պարագայում։



Պետռեգիստրից մեզ ասացին, որ նախարարությունն ունի օրինականության վերահսկողության տեսչություն, որն ստուգումներ է անցկացնում կուսակցություններում։
«Եթե նախօրոք ստուգումների մասին օրենքով սահմանված կարգով ցուցակ է կազմվում, եւ կուսակցությունն ստուգվում է, տեսնում են, որ այդ Ձեր ասած պայմանները չկան, բնականաբար, միգուցե համապատասխան հայցադիմումով լուծարման պահանջ մտնի դատարան»,-ասաց Առաքելյանը։ Բայց տեղյակ չէին՝ եղե՞լ է վերջին տարիներին նման դեպք, թե՞ ոչ։ Մեր զրուցակիցը նաեւ դժվարացավ կարծիք հայտնել՝ արդյոք պե՞տք է լուծարման ներկայացվեն այն կուսակցությունները, որոնք 2 հազարից պակաս թվով անդամներ ունեն։



Դիմեցինք նաեւ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչություն՝ պարզելու, թե ինչ պարբերականությամբ են ստուգումներ իրականացնում ՀՀ-ում գրանցված կուսակցություններում, թե ինչ բնույթ են կրում դրանք, եւ վերջին 1 տարվա կտրվածքով եղե՞լ են կուսակցություններ, որոնցում հայտնաբերվել են օրենքի խախտումներ, եւ այդ հիմքով լուծարվել են։ Արդարադատության նախարարությունից մեզ պատասխանեցին, որ տեսչության պետի կողմից 2012-ին գրություններ են ուղարկվել ՀՀ-ում գրանցված թվով 53 կուսակցությունների, եւ 2014-ին՝ թվով 29 կուսակցությունների՝ օրենքի 5-րդ հոդվածի պահանջների կատարումն ստուգելու նպատակով: Տեսչությանը պատասխան գրություններ են ուղարկել հարցման ենթարկված ոչ բոլոր կուսակցությունները, այդ իսկ պատճառով վերջիններս ընդգրկվել են տեսչության ստուգումների տարեկան ծրագրերում։ 2015 եւ 2016 թթ. ստուգումների տարեկան ծրագրերը, որտեղ ընդգրկված են ստուգման ենթակա կուսակցությունների անվանումները, տեղադրված են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։ 2016-ի տարեկան ծրագրում ստուգումների համար ընդգրկված կուսակցությունները տասն են՝ Հնչակյան կուսակցություն, «Ազգային համաձայնություն» կուսակցություն, «Բագրեւանդ» կուսակցություն, «Արդարություն» կուսակցություն, «Ազգի փրկություն» կուսակցություն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, «Ազգային պետություն» կուսակցություն, Հայաստանի ագրարային կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն, «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն։ Այնուհետեւ նախարարությունից հիշեցրին վարչապետի 2015 թ. հուլիսի 30-ի որոշումը տեսչական ստուգումները մինչեւ 2016-ի դեկտեմբերի 31-ը կասեցնելու մասին։ Արդյունքում, ինչպես 2015-ին, այնպես էլ 2016-ին տեսչության ստուգումների տարեկան ծրագրերում ընդգրկված կուսակցություններում ստուգումներ չեն իրականացվել:



Մեր այն դիտարկմանը, թե օրենքի պահանջները խախտող, այդ թվում՝ անդամների շատ քիչ թվաքանակ ունեցող կուսակցությունները որ օրենքով են շարունակում գոյություն ունենալ, նախարարությունից տվեցին ոչինչ չտվող պատասխան. «Տեսչության կողմից ստուգումների իրականացման ընթացքում խախտման հատկանիշները հայտնաբերելու դեպքում դրանց համապատասխան ընթացք կտրվի»։ Սրանից հետեւում է, որ կա՛մ տեսչությունը պատշաճ ստուգումներ չի իրականացրել, կա՛մ իրականացրել է, բայց աչք է փակել խախտումների վրա, կա՛մ ՀՀ-ում գործող 73 կուսակցությունները գործում են բացառապես օրենքի դաշտում։ Բայց քանի որ փաստ է, որ այդպես չէ, մնում են առաջին երկուսը։



Որպես մեկ օրինակ՝ նշենք «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը, որն ընդգրկված էր վերը նշված ցանկում։ Նրա նախագահ Սոս Գիմիշյանը մեզ ասաց, որ իրենք օրենքի ֆորմալ կողմը պահպանում են՝ ունեն մոտ 2117 անդամ՝ ըստ իրենց ներկայացրած ցուցակի։ Բայց նա տեղյակ չէ՝ նրանցից քանի՞սը ֆիզիկապես գոյություն ունեն Հայաստանում, եւ եթե պետք լինի նրանց գտնել եւ հավաքել մեկտեղ, կստացվի՞ արդյոք։ Նա այս օրենքը համարում է «էշություն»՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ում 200 անդամն է նվազագույն շեմը, մեզ մոտ՝ 2 հազարը։ Նշենք, որ Գիմիշյանի ղեկավարած կուսակցությունը ոչ միայն մարզերում, այլեւ մայրաքաղաքում տարածքային ստորաբաժանում եւ գրասենյակ չունի, ինչը պարտադիր է օրենքով։ Ի դեպ, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված է, որ կուսակցության հիմնադիր համագումարն իրավազոր է, եթե դրան մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ից: Ըստ այդմ՝ հնարավոր է հենց հիմնադիր համագումարներն են ընթանում օրենքի խախտումով։



Իսկ իրենց կուսակցությունում ստուգումներ եղե՞լ են։ Պարոն Գիմիշյանն ասաց, որ իրեն զանգել են, ասել են, որ «նախատեսված է ստուգում, դուք ցուցակում եք-բան, բայց այդպես էլ չեն եկել»։ Մենք զրուցել ենք նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, փորձել ենք պարզել նաեւ, թե նրանց մոտ ինչ իրավիճակ է, եւ կներկայացնենք հետագայում։ Միայն նշենք, որ շատերն են ասում՝ «հազարավոր» անդամներ ունեն, բայց շատերը ոչ տարածքային կառույց ունեն, ոչ գրասենյակ, ոչ էլ իրենց անդամներից են տեղյակ։ Էլ չասենք, որ վերջին տարիներին համագումար չեն հրավիրել, ընտրության չեն մասնակցել։ Եվ սրա հիմքում մի պարզ պատճառ կա՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը թերի է, եւ օրենքի կատարման նկատմամբ վերահսկողություն սահմանված չէ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ