Բալասանյանի առջեւ ՀՀԿ-ին անդամակցության խնդիր չեն դրել

Բալասանյանի առջեւ ՀՀԿ-ին անդամակցության խնդիր չեն դրել

Երեկ տեղեկություն ստացանք, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ն կմասնակցի դաշինքով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի ղեկավարած Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության հետ միասին։ Ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը որեւէ կուսակցության չի անդամագրվի։ Սրանով ՀՀԿ-ն երկու հարց է լուծում՝ նախկին ՕԵԿ-ական, հետո ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ-ի թեւի տակ մտած անկուսակցական Սամվել Բալասանյանի համար պատասխանատվություն իբր չի ստանձնում եւ պարտության դեպքում էլ հնարավորություն է ստանում մեղքը բարդել Խոսրովի ՔԴՄ-ի վրա։ Ճիշտ է՝ բացի մի քանի ՀՀԿ-ականից ու Խոսրով Հարությունյանից ՔԴՄ-ի մասին ուրիշ հիշող չկա, բայց ֆորմալ առումով «դաշինքի» գաղափարը պահպանված է։



Սկզբում փորձեցինք լուրը ճշտել ՀՀԿ-ից։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Չկա նման ինֆորմացիա, չի քննարկվել նման հարց»։



- Այսինքն՝ Խոսրով Հարությունյանի կուսակցության հետ դաշինքի հարց չի՞ քննարկվել։



- Ոչ, ոչ, առաջին անգամ եմ լսում։



- Իսկ Բալասանյանի թեկնածության հարցը հստակեցվա՞ծ է։



- Ոչ, չի քննարկվել։



Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Սամվել Բալասանյանից։ Վերջինիս խոսնակ Սոնա Առաքելյանը քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից փոխանցեց բառացիորեն հետեւյալը. «Դաշինքով են մասնակցելու ընտրություններին՝ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության հետ, քաղաքապետը որեւէ կուսակցության չի անդամակցելու եւ գլխավորելու է ՀՀԿ ցուցակը»։ Փաստորեն, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը բանից «բեխաբար» է։



Զրուցեցինք նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանի հետ։ Վերջինս ասաց, որ ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցը որոշում է կայացրել դաշինքով մասնակցելու, կուսակցության գործադիր մարմինն էլ իր համաձայնությունը տվել է եւ որոշել, որ ցուցակը կգլխավորի Սամվել Բալասանյանը։ Իսկ թե ինչու հենց ՀՔԴՄ-ի հետ, Ավետիսյանն ասաց, որ Հարությունյանի կուսակցությունն է իրենց դիմել դաշինքով հանդես գալու, իրենք էլ համաձայնել են։ ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել, թե բացի Բալասանյանից քանիսը կլինեն ՀՀԿ-ական, քանիսը՝ ՀՔԴՄ-ական։ Հարցին, թե դաշինքով հանդես գալու գաղափարն ումն էր, Ավետիսյանն ասաց. «ՀՔԴՄ տարածքային կառույցն է դիմել մեզ, մենք էլ համաձայնել ենք։ Բացառված չէ՝ վաղը, մյուս օրը այլ կուսակցություն էլ դիմի, մենք կքննարկենք»։ Հարցրինք նաեւ, թե ինչու, ի վերջո, կանգ առան Բալասանյանի թեկնածության վրա։ Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Հիմնական, ծանրակշիռ նպատակը մեկն է, որպեսզի այն ծրագրերը, որ սկսվել են Գյումրիում, իրականացվել եւ նախատեսվում են, կարողանանք դրա շարունակականությունն ապահովել»։ Իսկ ինչո՞ւ Սամվել Բալասանյանը չի ցանկանում անդամակցել ՀՀԿ-ին։ Պարոն Ավետիսյանն ասաց, որ դա արդեն Բալասանյանին է պետք հարցնել․ «Համենայնդեպս, մենք նման խնդիր չենք դրել»։



Վերջում զրուցեցինք նաեւ ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի հետ։ Նա ասաց. «Առաջինը, մենք նախ որոշում ենք կայացրել մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք շատ ենք կարեւորում տեղական ինքնակառավարման համակարգի կենսունակության խնդիրը, որովհետեւ, ի տարբերություն այլ համայնքների, Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում ավագանին ձեւավորվում է քաղաքական հենքի վրա, եւ ավագանու անդամների գործունեությունը պայմանավորված է լինելու ոչ միայն նրանց պատասխանատվությամբ ընտրողների առջեւ, այլ նաեւ սեփական կուսակցությունների առջեւ։ Սա բարձրացնում է ավագանու կենսունակությունն ու դերակատարումը»։ Եվ որպեսզի իրենց մասնակցությունն արդյունավետ լինի, հարմար են գտել ՀՀԿ-ի հետ դաշինքով հանդես գալ։ «Եվ իմանալով, որ ՀՀԿ-ն նույնպես առաջ է քաշելու Սամվել Բալասանյանի թեկնածությունը, եւ մենք, ըստ էության, գտնում ենք, որ վերջին տարիներին նրա գործունեությունը, իր թերություններով հանդերձ, դրվատանքի արժանի է, եւ պաշտպանելու էինք հենց նրա թեկնածությունը, դրա համար մենք հանդես եկանք նման առաջարկությամբ»,-ասաց նա։ Հարցին՝ Գյումրիում իրենք տարածքային կառույց եւ գրասենյակ ունե՞ն, Հարությունյանն ասաց, որ կառույց ունեն, իհարկե, շատ ակտիվ չի գործում, բայց գոյություն ունի՝ ՀՔԴՄ Շիրակի մարզային կառույցը, եթե իր հիշողությունը չի դավաճանում, ունի մոտ 180 անդամ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ