«Քաղաքում մարդ չի մնացել». դժգոհում են ամենուր

«Քաղաքում մարդ չի մնացել». դժգոհում են ամենուր

Քաղաքում մարդ չի մնացել։ Այս արտահայտությունը կարելի է լսել գրեթե ամեն տաքսու կամ ավտոբուսի վարորդից։ Եվ սա ասում են ոչ միայն մայրաքաղաքի, այլև Երևանից դուրս ցանկացած այլ քաղաքի մասին։ Այսօր Չարենցավանից գալիս էի Երևան՝ աշխատանքի։ Մինչև երկու տրանսպորտ փոխելով հասա խմբագրություն` երկու տարբեր վարորդներ նույն բանից դժգոհեցին՝ քաղաքում մարդ չի մնացել։ Իսկապես, կանգառներում մարդ չկա, հատուկենտ ուղևորներ են սպասում տրանսպորտի, փողոցները նույնպես դատարկ են։ Հիմա մեր իշխանությունները կշտապեն տալ դրա կուռ արդարացումը՝ հանգստի սեզոն է, բոլորը մեկնել են քաղաքից կամ երկրից դուրս։



Տրամաբանական է։ Բայց՝ մասնակի։ Աշխատանքային ամենապիկ սեզոնին էլ կարելի է նույն արտահայտությունը լսել։ Եվ եթե տուրիտսներն ու այդ տուրիստների մեջ մեր կողմից, չգիտես ինչու, այդքան չսիրված բարեկամ իրանցիներն էլ չլինեն, տաքսիստներն իսկապես անգործ կմնան։ Հասարակ վիճակագրություն։ Երբ ուսանող էի՝ 2006-10 թթ, Չարենցավանից այդ տարիներին առավոտվա ժամերին 3 հատ մեծ ավտոբուս էր միաժամանակ շարժվում դեպի Երևան։ Ընդ որում՝ բոլորը գերբեռնված. 35 տեղանոց ավտոբուսի մեջ կրկնակիից ավել մարդ էր նստում։ Ավտոբուսներին զուգահեռ նաև «Գազելներ» ու տաքսիներ էին ուղևորներով բեռնված իջնում Երևան։ Ընդհանուր հաշվով՝ միջինը 500 մարդ էր Չարենցավանից միայն առավոտվա առաջիկա երկու-երեք ժամվա ընթացքում մեկնում Երևան՝ դասի կամ աշխատանքի։ 



Այսօր Չարնեցավան-Երևան երթուղու կոմպակտ ավտոբուսը, որն ունի 27 նստելատեղ, ստիպված է «ժամերով» սպասել, որ գոնե նստելատեղերի կեսը լրանա, որ լրիվ դատարկ չշարժվի։ Եվ դա բոլոր սեզոններին, այդ թվում՝ ոչ հանգստի ամիսներին։ Ամռանն ու աշնանը՝ դասերի պիկ շրջանում, տարբերությունը շատ քիչ է։ Ավտոբուսին զուգահեռ՝ նաև տաքսիներն են Չարենցավանից չորս հոգի վերցնում, իջնում Երևան։ Նրանք էլ իրենց հերթին են կանգառներում «խոշորացույցով մարդ ման գալիս», որ գոնե երկու հոգով իջնեն, գազի փողը դուրս գա։ Երբեմնի մարդաշատ ու հզոր արդյունաբերական քաղաքից ընդամենը սա է մնացել։



Երևանում էլ երթուղային տաքսու վարորդն էր քիչ առաջ դժգոհում իր միակ ուղևորի՝ ինձ մոտ, որ «քաղաքում մարդ չի մնացել», կանգառներում մարդ չկա։ Իսկ մեր իշխանությունները, վստահաբար, քաղաքում ու ամբողջ հանրապետությունում մարդ չմնալու ամբողջ մեղքը կբարդեն «սեզոնային հանգստի» վրա։ Եվ ոչ մի խոսք արտագաղթի ու դա ծնող պատճառների մասին։ Հատկապես նախընտրական այս շրջանում սեփական մեղքերի ու սխալների մասին խոսելը բնավ էլ ձեռնտու չէ գործող իշխանություններին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ