Ի՞նչ է ասված Մելիք-Ադամյան 2-ի՝ 6 միլիոնանոց սրահում

Ի՞նչ է ասված Մելիք-Ադամյան 2-ի՝ 6 միլիոնանոց սրահում

Այսօր Մելիք-Ադամյան 2 հասցեում՝ ՀՀԿ գրասենյակի շենքում, տեղի ունեցավ ՀՀԿ մամուլի կենտրոնի բացումն ու այդ առիթով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը։
Աշոտյանը ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ ՀՀԿ մամուլի կենտրոնը կառուցված է ժամանակակից, արդիական և նորագույն չափանիշերին համահունչ, որտեղ պարբերաբար տեղի կունենան ասուլիսներ, շնորհանդեսներ, տարբեր հանրային շփումներ։



Լրագրողների աչքից չվրիպեց այն, որ ամբիոնի վրա հատուկ նշված է կուսակցության գրասենյակի հասցեն՝ Մելիք-Ադամյան 2։



Աշոտյանն ասաց, որ Մելիք-Ադամյան 2-ն իրենց համար քաղաքական հասցե է, այն հասցեն է, որտեղից իրականացվում է ոչ միայն կուսակցության գործունեությունը, այլև՝ իրենց պետական քաղաքականությունը։



«Հետևելով նաև ժամանակակից քաղաքական տենդենցներին, երբ քաղաքական ուժերն օգտագործում են քաղաքական հասցեներ՝ մենք նույնպես որոշեցինք, որ Մելիք-Ադամյան 2-ն այն ներկայանալի հասցեն է, որով պետք է շարունակի անցնել քաղաքական լրահոսը»,-ասաց նա։



Հետո նա տեղում իմպրովիզ արեց՝ կարգախոսի տեսքով. «Մելիք-Ադամյան 2. ամեն ինչ ասված է»։



Hraparak.am-ի հարցին, թե ի՞նչ է ասված, Աշոտյանն ասաց. «Կարծում եմ՝ շատ բան է ասվել, ասված և ասվելու այս հասցեում»։



Լրագրողներից մեկի հարցին, թե որքան գումար է ծախսվել այս սրահի ստեղծման համար, ՀՀԿ փոխնախագահն ասաց՝ մոտավորապես 5-6 մլն դրամ։