Մեր զինվորները կարող էին առաջ շարժվել, եթե չլիներ զինադադարը

Մեր զինվորները կարող էին առաջ շարժվել, եթե չլիներ զինադադարը

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի հետ կապը պահելու նպատակով հուլիսի 12-ին եւ 13-ին երկօրյա աշխատանքային այցով ԼՂՀ էին մեկնել ՀՀ ԱԺ երեք պատգամավորներ, երեքն էլ՝ ՀՀԿ խմբակցության անդամներ․ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ոչ ՀՀԿ-ական, բայց ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանն ու ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը։



Տաճատ Վարդապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպումներ են ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ խորհրդարանի պատգամավորների հետ։ Այցելել են դիրքեր, եղել են Ասկերանի տարածաշրջանի առաջնագծում, շփվել են նաեւ ԵՊՀ ուսանողների հետ, որոնք բանակում էին կազմակերպել Արցախում։ Հետաքրքրվեցինք, թե Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումների ու բանակցությունների ֆոնին Արցախում ղարաբաղյան խնդրի լուծման հետ կապված ի՞նչ տրամադրություններ կան, գո՞հ են ՀՀ նախագահի հանդիպումներից Արցախում։ «Համենայնդեպս, որեւէ դժգոհություն չի եղել, հանդիպումներն անցել են ջերմ աշխատանքային մթնոլորտում։ Շարմազանովն այս հարցով խոսել է ու ասել, որ Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացին, եւ իրենք պետք է վճռեն իրենց ճակատագիրը»։ Իսկ Սերժ Սարգսյանի հայտարարած 800 հեկտար կորցրած տարածքների ու դիրքերի մասով խոսակցություն եղե՞լ է, եւ ի՞նչ են մտածում այս կապակցությամբ Արցախի իշխանությունները։ Վարդապետյանն ասաց, որ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նման հարց բարձրացվել է մի ուսանողուհու կողմից, որին պատասխանել է Շարմազանովը՝ նշելով, որ, դրա հետ կապված, տարբեր լսարանների համար տարբեր պատասխաններ գոյություն ունեն։ «Եվ եթե դա ակնարկ է հանրապետության նախագահի՝ օդանավում տված հարցազրույցին, որ դա մեզ պետք չէր եւ այլն, ցանկացած թիզ հող ամենալավը հանրապետության նախագահն է գիտակցում եւ կարեւորում դրա չհանձնելու անհրաժեշտությունը։ Բայց պատասխանը մեկն է, պարզապես այդ պատասխանը, որ տրվել է նախագահի կողմից, Ալիեւի եւ նրա կողմնակիցների համար է, որ ինքը չոգեւորվի դրանով»,-ասաց նա՝ վերաշարադրելով ուսանողին տրված պատասխանը։



Իսկ Արցախում մտադրություն կա՞ կորցրած տարածքները հետ վերցնելու։ Տ. Վարդապետյանն ասաց. «Արցախում մեզ հետ էր նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանը, եւ նրանց մոտ հետաքրքիր տրամադրություն կար, որ քառօրյա այդ պատերազմի ընթացքում մեր զինվորները կարող էին ավելի առաջ շարժվել եւ ոչ միայն այդ 800 հեկտարը, նաեւ այլ տարածքներ ազատագրեին, պարզապես նրանք չեն շարունակել զինադադարի պայմանավորվածությունից հետո։ Առաջիկայում, Աստված մի արասցե, եթե ռազմական գործողություններ սկսվեն, չի բացառվում, որ ոչ միայն այդ 800 հեկտարն ազատագրվի, այլ նաեւ ռազմական գործողությունները տեղափոխվեն Ադրբեջանի տարածք»։



Մեր դիտարկմանը, թե ստացվում է՝ Մոսկվան, որը միջնորդել է, որ զինադադար հաստատվի, կասեցրե՞ց մեր առաջխաղացումը, 92-ի պատերազմի վերաբերյալ էլ նման կարծիքներ կան մինչ օրս, որ եթե Մոսկվան չխանգարեր, մերոնք Բաքու կհասնեին, Տաճատ Վարդապետյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել. «Գուցե Մոսկվայի միջնորդությամբ այն պահին զինադադար կնքվեր, որ մենք էինք արդեն խորացել նրանց տարածք։ Ես ձեռնպահ եմ մնում նման գնահատական հնչեցնելուց, որ դա դիտավորյալ էր, միտումնավոր էր, որ մենք այդ 800 հեկտարը թողնեինք։ Ի սեր Աստծո, պարզապես պահն այդպիսին է եղել»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ