Մի քանի «աֆորիզմ» և մեկ անկեղծ բռնկում Աշոտյանի կողմից

Մի քանի «աֆորիզմ» և մեկ անկեղծ բռնկում Աշոտյանի կողմից

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ինքնին քաղաքական լրջագույն բրենդ է», «Բրենդ է նաև կուսակցության հետ ասոցացվող հասցեն՝ Մելիք-Ադամյան 2-ը», «Մելիք-Ադամյան 2. ամեն ինչ ասված է», «Մենք չենք ուզում լինել Կոմունիստական կուսակցություն, չենք եղել և չենք լինի», Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ԲՀԿ-ն»։



Սրանք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ «հանճարեղ», գրեթե աֆորիզմիկ մտքերն են, որնոք նա հնչեցրեց երեկ՝ Մելիք-Ադամյան 2 «բրենդային» հասցեն իր վրա կրող ամբիոնի մոտ կանգնած։ Ամբիոնը նույն հասցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակի նորաբաց մամուլի կենտրոնում էր։ Աշոտյանը ոտքի վրա մոտ 40 րոպե ասուլիս տվեց, ազդարարեց իրենց նոր՝ թանկարժեք ու ժամանակակից մամուլի կենտրոնի բացումը, խոստացավ հաճախ ասուլիսներ տալ այստեղ, սրամտեց, հումոր արեց, խայթեց և «աշոտյանավարի» խուսափեց մեր «անմեղ» ու «միամիտ» հարցերից։



Ի դեպ՝ Աշոտյանի դեպքում 40 րոպե ոտքի վրա կանգած խոսելու հանգամանքը առավել քան ընդգծվում է այստեղ՝ հաշվի առնելով ՀՀԿ փոխնախագահի՝ բառի բուն իմաստով ցավոտ կողմը՝ վիրահատած ոտքը։ Կայքերից մեկը բավականին դիպուկ մի վերնագիր էր դրել՝ «ՀՀԿ-ն 6 մլն դրամ է ծախսել կանգնած ասուլիս տալու համար»։ Եվ երեկ հայ բժիշկների «թեթև ձեռքով» երկրորդ անգամ արդեն Բելգիայում ոտքի վիրահատություն տարած ու ձեռնափայտով տեղաշարժվող Աշոտյանը ոտքի վրա քաղաքական ասուլիս տվեց։ Գոնե դրա խաթր ավելի հարմարավետ ստեղծեին սրահը։



Լրագրողների աչքից չվրիպեց նաև ամբիոնին մակնշված հասցեն՝ Մելիք-Ադամյան 2, որը «Հռոմի» պես մի բան է դարձել Հայաստանի ներքաղաքական ճանապարհի այս լաբիրինթոսում։ Աշոտյանը շտապեց գլուխ գովել՝ ՀՀԿ-ն ինքնին բրենդ է, բրենդ է նաև դրա հետ ասոցացվող Մելիք-Ադամյան-2 հասցեն, որը կարևոր քաղաքական հասցե է իրենց համար, դրա համար էլ գրել են ամբիոնին, որ, երևի, միշտ աչքի զարնի։ Հետո տեղում մի աֆորիզմ ձոնեց այդ բրենդին. «Մելիք-Ադամյան 2. ամեն ինչ ասված է»։ Իսկ ի՞նչ է ասված՝ հարցրինք մենք. «Կարծում եմ՝ շատ բան է ասվել, ասված և ասվելու այս հասցեում»։



Շատ բանի մեջ շատ բան կարելի է հասկանալ, որոնք բնավ ՀՀԿ-ի սրտից ու ցանկություններից չեն բխի։ Կարևորը՝ այդ ասելիքների մեջ անկեղծությունն և անզվությունն է։ Ազնվությունը քաղաքական գործիչների մոտ չափազան հազվադեպ և գործնականում գրեթե չդրսևորովող կատեգորեա է, և դա նաև տրամաբանական է, բայց այ անկեղծության «նոպաներ» երբեմն նրանց մոտ լինում են։ Աշոտյանն էլ երեկ օրիգինալ գտնվեց և անկեղծության մի փոքրիկ բռնկում ունեցավ։ Նա, խոսելով նախընտրական այս տարում քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի մասին, երբ ընդդիմադիր դաշտն ուղղակի ջլատվել է՝ դառնալով փոքր ու թույլ ուժերից բաղկացած անզոր «միավորում», նկատեց. «Կարող է քաղաքական տեսակետից ձեռնտու է սա իշխանություններին, որովհետև եթե խոսենք քաղաքական հաշվարկի տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ որքան ավելի փոքր լինեն մրցակից քաղաքական ուժերը, շատ տրամաբանական է, որ զուտ պրագմատիզմից ելնելով՝ դա ձեռնտու է քաղաքական մեծամասնությանը։ Բայց քաղաքացիական և ռազմավարական տեսակետից դա շատ սխալ է»,-խոստովանեց իշխող կուսակցության փոխնախագահը՝ նկատելով, որ կարճաժամկետ առումով գուցե ձեռնտու է իրենց, բայց երկարաժամկետ առումով՝ որպես երկրի քաղաքական համակարգի զարգացման հեռանկար՝ ոչ։



Բայց դե, երկրի ու պետության մասին մտածողն ո՞վ է, կարևորը՝ ՀՀԿ-ի համար լավ լինի, ուստի ընդդիմությունը թող շարունակի թուլանալ ընտրություններից առաջ այնքան, որ ՀՀԿ-ի հաղթանակը լիարժեք երաշխավորվի։ Դրանից հետո նոր կմտածեն երկրի ու պետության մասին ու այդ մասին անկեղծորեն կբարձրաձայնեն, որ նրանք իսկապես մտածում են այդ մասին։ 



Իսկ գուցե ՀՀԿ-ն ժամանակին հետևողական աշխատա՞նք է տարել այդ ուղղությամբ, որ այսօր այս իրավիճակը ստեղծվի և ձեռնտու լինի նրան քաղաքական առումով կարևոր այս շրջանում։ Աշոտյանը կրկին անկեղծացավ. «Ակնհայտ է, որ նախընտրական պայքարը ենթադրում է նաև քաղաքական կոշտ պայքար։ Ցավոք սրտի, մեր դեմ շատ կոշտ են պայքարել և պայքարում նաև որոշ քաղաքական ուժեր։ Բնական է, որ մենք երբեմն նաև այդպիսի արձագանքներ նույնպես իրականացնում ենք։ Մեղադրել ՀՀԿ-ին նրա մեջ, որ այսօրվա ընդդիմադիր քաղաքական դաշտն այս վիճակում է, դեռևս զարգացման փուլում է և այդ խնդիրների առջև է, նշանակում է, որ հուսալ, որ իշխանությունները կձևավորեն իրենց համար հարմար ընդդիմություն։ Չենք ուզում լինել այն իշխանությունը, որն իր համար կձևավորի հարմար, կառավարելի ընդդիմություն»։



Լրագրողներից մեկը իրավացիորեն նկատեց, որ հա՛մ ուզում են ունենալ ուժեղ ընդդիմություն, հա՛մ նրան, ով մի քիչ «թռփոշանում է», գլխին տալիս են՝ ակնարկելով այդ նույն սրահի դիմացի դահլիճում 2015-ի փետրվարյան իրադարձությունները։ Աշոտյանը դիվանագիտորեն շրջանցեց պատմության ցավոտ էջը, որով ՀՀԿ-ն քաղաքական վիրահատություն իրականացրեց ընդդիմադիր դաշտում՝ «կտրել-հեռացնելով դաշտից» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական պերսոնա։ Եվ, ով գիտե, ընդդիմության համար ցավոտ համարվող վիրահատական այս պրոցեսի հետևանքները «ճակատագրի բերումով» Աշոտյանը, Ամանորից ի վեր, սեփական մաշկի վրա է տանում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ